Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզահագուստով չեմ եղել, որ վրաս հարձակվել են»

Հունվար 27,2013 20:49

Սուրեն Սուրենյանցի եւ Արման Սարգսյանի համար մինչեւ հիմա մութ է, թե ինչու կոպտեցին ու հարձակվեցին Սուրենյանցի վրա:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ, «Նոր աջեր» նորաստեղծ կուսակցության նախագահ  Սուրեն Սուրենյանցը եւ «Արցախ» մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանը, այսօր հրավիրվել են ոստիկանություն՝ բացատրություններ տալու:

Նախօրեին նրանք 3 ընկերներով զվարճանալու համար մտել են Թումանյան փողոցում գտնվող «Կալիբր» սրճարան, սակայն օբյեկտում ուրախանալու փոխարեն Սուրեն Սուրենյանցին 3 հոգով հարվածել են: Այս մասին Սուրենյանցը 168.am-ին ասել էր, որ իրենց հանկարծակի օբյեկտից դուրս են հրավիրել, իրենք չեն ուզեցել ենթարկվել ու կարմիր բերետավորների միջնորդությամբ ստիպված դուրս են եկել՝ առանց հաշիվը վճարելու: Սակայն քեֆը շարունակելու համար երբ այցելել են Կոմիտասի «Արևելյան խոհանոց» սրճարան, այնտեղ նրանց վրա հարձակվել եւ հարվածել են նախկին սրճարանատիրոջ մարդիկ:

Aravot.am-ը Սուրեն Սուրենյանցից որոշ մանրամասներ ճշտեց, թե մասնավորապես ինչո՞ւ պետք է օբյեկտի տերերը հաճախորդին նեղացնեին ու դուրս անեին իրենց: Հարցի պատասխանը Սուրենյանցն ինքն էլ չգիտի. «Այնպես չի, որ  ալկոհոլի ազդեցության տակ ենք եղել: Մասնագիտորեն էլ այսօր հաստատվեց, որ սթափ վիճակում ենք, ստուգում ենք անցել: 2 բաժակ գարեջրից, պարզ է, որ չէինք հարբի: Ուղղակի իրենց կողմից  կանխակալ վերաբերմունք կար, ու այդ պատճառը ինձ համար մինչեւ հիմա պարզ չի»:

Մենք հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է քաղաքական հայացքների հետ է կապված՝ Սուրեն Սուրենյանցը հերքեց. «Ոչ: Նման ակնարկ չի եղել: Ես անպատասխանատու բան չեմ կարա ասեմ: Էդ սրճարանում հենց առաջին րոպեներից իրենք անհարկի լարվածություն են ստեղծել՝ դա փաստ է: Մուտքի վրա գրված էր, որ աշխատում է շուրջօրյա, իրենցից էլ ճշտեցինք: Իհարկե, մենք ամբողջ գիշեր միտք չունեինք մնալու: Գործնական հանդիպում ունեինք, որից հետո ուրախանալու էինք, տեղը հարմար էր: Բայց իրենց կողմից սպասարկումից  սկսած, մինչեւ ինչ-որ բան որ հարցնում էինք անտարբեր ու կոպիտ պատասխան էինք ստանում: Հետո երբ որ իրենք շատ կոպիտ եկան-ասեցին՝ փակեք դուրս եկեք, ես ասեցի, որ սկզբունքորեն այս տոնի եւ այս պահվածքի համար չենք փակի հիմա հաշիվը: Ոչ թե ընդհանրապես չենք փակի, եղածը բան չէր, մի քանի հազար դրամի հաշիվ: Երբ կարմիր բերետավորները եկան, եթե տեսնեին, որ մենք անկարգություն ենք արել, վաղուց բերման կենթարկեին բաժին: Իրենց հետ հանգիստ դուրս եկանք, մենք՝ մեր ճամփով, իրենք՝ իրենց: Խնդիրը հաշվի մեջ չէր: Մենք «Արևելյան խոհանոցում» նորմալ վճարել ենք, ֆինանսի խնդիր չենք ունեցել»:

Մեր հարցին՝ կարո՞ղ է մարզահագուստով եք եղել, «Հարսնքարի» պատմության պես՝ Սուրեն Սուրենյանցը պատասխանեց. «Չէէէ: Ես մարզահագուստով փողոց դուրս չեմ գալիս, ուր մնաց թե մարզահագուստով դուրս գամ կենտրոն: Չէ: Լարվածության իրական պատճառը չեմ իմանում: Չգիտեմ, թե օբյեկտը ում է պատկանում: Ես էլ ունեմ հեղինակություն, Արմանն էլ, երկուսս էլ ունենք շրջապատ, ինչո՞ւ պիտի գնայինք այնտեղ, ինչ-որ բան սարքեինք: Ոչ մի լոգիկա չկա: Ես դա կապում եմ ոչ քաղաքականության, ոչ իմ մասնագիտության հետ: Ուղղակի Հայաստանում, ցավոք, սպասարկումն այդպիսին է: Սպասարկման որակից է»:

Ի՞նչ վնասվածքներ է ստացել Սուրեն Սուրենյանցը դեմքին ստացած հարվածներից հետո եւ ինչպե՞ս է իրեն զգում՝ մեր այս հարցին նա պատասխանեց, որ թեթեւակի կապտուկներ կան վրան:

Նա ասաց, որ այնպես չի, որ ինքը չէր կարող տղայական իր պատասխանը տար, պարզապես իր հասարակական-քաղաքական դիրքը թույլ չի տվել համարժեք պատասխան տալ իրեն հարվածողներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031