Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մտել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Էյամջյանի բացարկի կապակցությամբ որոշում ընդունելու համար:
Այսօր Հմայակ Հովհաննիսյանը դատարան էր ներկայացել մեկ այլ փաստաբանով՝ Գեորգի Գուլքանյանի հետ, որը շարունակեց երկրորդ պաշտպանի՝ Կարեն Ղազարյանի միջնորդությունը ներկայացնել:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր Կարեն Ղազարյանի՝ դատախազին բացարկ հայտնելու ժամանակ համակարգչի անջատվելու պատճառով:
Գեորգի Գուլքանյանն ասաց, որ նախաքննությունը կատարվել է թերի, աղաղակող խախտումներ են թույլ տրվել եւ քննիչի գործողությունները բողոքարկվել են դատախազին, սակայն դատախազը պատշաճ հսկողություն չի կատարել: Մասնավորապես, ըստ պաշտպանի, հիվանդանոցում այդ գործով տուժող «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ նախագահ Սենիկ Ջուլհակյանը հայտարարել էր, թե վնասվածքը ստացել է մատները դռան արանքում մնալու հետեւանքով: Սակայն պաշտպանական կողմի կարծիքով, չեն հարցաքննվել բուժանձնակազմը, ինչպես նաեւ դեպքի ընթացքը տեսանկարահանողները: Պաշտպանի կարծիքով, մեղադրանքը պաշտպանող Էյամջյանը բարձրակարգ դատախազ է եւ այդ գործով չի կարող անաչառ լինել, քանի որ պետք է ամեն գնով պաշտպանի մեղադրանքը:
Կարդացեք նաև
Դատախազը առարկեց բացարկի միջնորդությանը, ասելով, որ պաշտպանական կողմը չի նշել քրեադատավարական օրենսգրքի որեւէ կետ, որն ինքը խախտել է, իսկ այն մեղադրանքին, թե ամբաստանյալը չի հարցաքննվել, մեղադրողը հիշեցրեց, որ ամբաստանյալը որեւէ ցուցմունք չի տվել:
Բացարկը մերժվեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ