Լրահոս
Օրվա լրահոսը

Այս քարոզարշավին չենք էլ ուզում մասնակցել, որ այս ատելության մթնոլորտի մաս չդառնանք. Արտակ Սարգսյան

Մայիս 26,2026 16:09 Share

«Մենք դժվարին պայմաններում ենք անցկացնում մեր ընտրարշավը, կան դժվարություններ: Դուք գիտեք, որ 2012 թ. ես ընտրվել էի ԱԺ պատգամավոր, սակայն մանդատն ինձանից խլեցին Սերժ Սարգսյանի ցուցումով: Իմ այն ժամանակվա գործընկեր Գագիկ Ծառուկյանն էլ ինձ դավաճանեց… Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի՝ Արտակ Սարգսյանը իսկական ուժեղ, կայացած, համոզմունքներում կայուն, հուսալի մարդ է, որն 8 լեզու գիտի»,- ասուլիսում ասաց «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը եւ Քոչարի կուսակցության նախագահ ու վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը ներկայացրին «9 քայլ երկիրը Երկիր դարձնելու ուղղությամբ» իրենց նախընտրական ծրագիրը:

«Դուք կարող եք տեսնել, որ նույնիսկ համար 9-ը հայկական զարդերով է, եկեղեցին էլ գտնվում է մեջը: Այո, մենք կարեւորություն ենք տալիս Հայ Առաքելական եկեղեցուն, Կաթոլիկ եկեղեցուն, Ավետարանական եկեղեցուն, մեր մյուս քրիստոնյա եկեղեցիներին: Հայ Առաքելական եկեղեցուն օժտելու ենք դիվանագիտական ստատուսով, որպեսզի նա, բացի պաշտպանումից, կատարի այն դերը, որը երկար ժամանակ դեսպանատները ձախողում են»,- իրենց ուժի քարոզչաթերթիկի ձեւավորումը ցույց տալով՝ ասաց Արտակ Սարգսյանը: Նա ափսոսանք հայտնեց, որ որոշ հայկական համայնքներ կապ չունեն հայրենիքի հետ, իսկ Սփյուռքի նախարարությունը փակված է:

Պատասխանելով Երրորդ Հանրապետության վերաբերյալ լրագրողի հարցին՝ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ Երրորդ Հանրապետությունը լավ է սկսել, բայց վատ վերջացրել. «Մեծ հաշվով, լավ էլ չսկսեց, հիշենք օրինակ` Արթուր Մկրտչյանին, Երեւան գալուց միշտ հանդիպում էր ինձ հետ: Լուսավոր անձնավորություն էր, թե ինչ եղավ նրանից հետո, ոչ ոք չգիտի… Դրանից 10 տարի անց հոկտեմբերի 27 եղավ… Այսօր էլ խոսվում է այն մասին, թե ինչպես են փորձում վերանայել ազգային խորհրդանիշները»։

Խոսելով «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ծրագրի մասին՝ ի թիվս այլնի, Արտակ Սարգսյանն ասաց, որ այնտեղ, թեեւ 9 կետ է շեշտադրված, սակայն ծրագիրն ավելի ծավալուն է, իսկ ամեն կետ՝ կարեւոր. «Պետությունը մարդու օրգանիզմի պես մի կառույց է. երբ մի օրգանը չի աշխատում, մնացած բոլորը վատ են աշխատում: Մենք մեր ժողովրդին խոսք ենք տվել, որ հաղթանակի դեպքում առաջին քայլը լինելու է գույքահարկի զրոյացումը եւ անվճար քաղաքային տրանսպորտը: Դա հենց առաջին օրվա որոշումն է լինելու, հետագայում էլ վճարված գույքահարկը փուլային եղանակով վերադարձնելու ենք ժողովրդին»:

Նրա խոսքով՝ 30 տարի մեզ վրա դրված էր ապաշրջափակման պարտավորություն, սակայն մենք ձախողեցինք: Դրա համար իրենց ուժն առաջարկում է, որ կառավարությունը փորձաշրջանով աշխատի, իրեն չարդարացնելու դեպքում՝ հետ կանչեն: «Տեսեք՝ այսօր ինչ է կատարվում, 2 կողմն էլ պատրաստվում է բախումների, մենք առաջարկել ենք հետաձգել քարոզարշավը, մինչեւ ստեղծվի առողջ քաղաքական եւ քաղաքավարական միջավայր: Մենք այս քարոզարշավին չենք էլ ուզում մասնակցել, որ այս ատելության մթնոլորտի մաս չդառնանք»,- ասաց Արտակ Սարգսյանը:

Հմայակ Հովհաննիսյանն էլ կոչ արեց ձայնը չտալ ոչ 3 գլխավոր ընդդիմադիր ուժերին, ոչ էլ իշխանություններին, այլ ճանապարհ տալ երրորդ ուժին. «Իշխող ուժը նրանց հայտարարել է պատերազմի կուսակցություն, բայց ինքն էլ իր վարքագծով նպաստում է պառակտմանը եւ բախումներին»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031