Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի կողքին»

Փետրվար 28,2013 14:08

1917 թվականի բոլշեւիկյան հեղափոխությունից հետո մտավորականների, մասնագետների մի մասը լքեց երկիրը, մյուս մասը մնաց եւ շարունակեց բարեխղճորեն զբաղվել սեփական գործով՝ դիմանալով կյանքի դժվարին պայմաններին, հավատարմություն չհայտնելով «կարմիրներին», բայց նաեւ չհակադրվելով նրանց: Այդպիսի «ապաքաղաքական» մասնագետներին Տրոցկին արհամարհանքով անվանում էր «ուղեկիցներ» (попутчики)՝ ընդգծելով այդ մարդկանց ժամանակավոր կարգավիճակը. նրանք մեր՝ բոլշեւիկներիս կողքին են այնքան ժամանակ, մինչեւ որ մենք կունենանք մեր՝ սեփական կադրերը, որից հետո մենք այդ «ուղեկիցներին» կոչնչացնենք: Պետք է ասել, որ դա տեղի ունեցավ շատ ավելի վաղ, քան  ենթադրում էր այդ ընթացքում «ժողովրդի թշնամի» հայտարարված այդ հեղափոխականը, եւ նման խելահեղ քայլի հետեւանքները մենք զգում ենք առայսօր: Ջարդելով «ապաքաղաքական» մտավորականությանը եւ ստեղծելով սեփականը՝ «կարմիրը», մենք տասնամյակներով հետ գցեցինք գիտությունը, կրթությունը, հասարակությունը՝ դարձնելով վերջինիս գործողությունները «բնազդային», անուղեղ:

Մտածողության այս ոճը շարունակում է գերիշխող լինել նաեւ անկախ Հայաստանում: Այդ մտայնությունից ծնվում է հետեւյալ հարցը՝ իսկ ինչո՞ւ դու ժողովրդի կողքին չես: Հատկապես զավեշտական է, իհարկե, երբ այդ հարցը տալիս են մարդիկ, որոնք արդեն 20 տարի է՝ Հայաստանում չեն՝ 90-ականներին այստեղ չեն մրսել, սոված չեն մնացել, առավել եւս՝ ռազմաճակատում չեն եղել: Սրբորեն հարգում եմ ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ այդ մարդիկ որոշել են իրենց կյանքը կազմակերպել այլ երկրներում, բայց երբ նրանք մեզ՝ Հայաստանում ապրողներիս, կոչ են անում լինել միասնական կամ լինել ժողովրդի կողքին, դա բավականին ծիծաղելի է: Ո՞վ է ժողովրդին ավելի մոտ՝ այն մա՞յրը, որը 90-ականներին նավթավառի լույսի տակ երեխա է լույս աշխարհ բերել եւ հիմա, ապրելով այստեղ, ոչ մի քաղաքացիական ակտիվություն չի դրսեւորում, թե՞ Գլենդելի արմավենիների տակ ազգի դարդերի մասին փիլիսոփայող նախկին հայաստանցին:

Ժողովրդի, այսինքն՝ իրականում սեփական քաղաքական թիմի կողքին լինելը թեստ չէ, որով հնարավոր է գնահատել մարդու մտավոր եւ բարոյական որակը: Մի անգամ չէ, որ լսել եմ՝ պաշտոն կստանան (կամ ստացել են) նրանք, ովքեր իմ կողքին պայքարել են: 90-ականների սկզբին նման բան արդեն եղել է՝ «պոպուտչիկներից» ազատվել են շատ արագ: Դրա արդյունքը հայտնի է:

Բարեբախտաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը (հավանաբար, իր ոչ խորհրդային ծագման պատճառով) փորձում է դուրս գալ բոլշեւիկյան կաղապարներից: Կապանում խիստ ընդդիմադիր հոծ զանգվածի առաջ Րաֆֆին քաջալերեց ոմն Մագդայի, որը սեփական նախաձեռնությամբ կամ Լիցկայի դրդմամբ բարձրացավ հարթակ եւ սկսեց պաշտպանել «քրեածին» մարզպետին: Եվ դա ճիշտ է՝ Մագդան նույնպես ժողովրդի ներկայացուցիչ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    շնորհակալություն Արամ…

  2. Հայկ says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, ժամանակ ունենալու դեպքում, հաճախ եմ կարդում Ձեր վերլուծական հոդվածները՝ երբեմն կողմնակից լինելով, երբեմն էլ չհամաձայնելով արտահայտված տեսակետներին: Կարծում եմ, որ մենք՝ հայերս միշտ էլ առաջադեմ մշակույթ ունեցող ազգ ենք եղել և մեր երկրի ներկայիս դժբախտությունների պատճառը մեր՝ օտարների խավարասփյուռ իշխանության տակ հեծած լինելու հանգամանքն է: Վերջին քսան տարիների ընթացքում մենք դեռևս այդպես էլ չենք կարողացել դուրս գալ օտարների բերած՝ մեր առաջընթացն արգելակող բազմաթիվ տաբուների ազդեցությունից: Կարծում եմ՝ Րաֆֆիի կողմից տարածվող ազատ մտածելու և դիմացինի կարծիքը հարգելու վարվելակերպը բուն հայկական-արիական մշակույթ ունեցող մարդու գենետիկական ներուժով է պայմանավորված: Մարդն իր էությամբ ՀԱՅ է, իսկական ՀԱՅ-ԱՐԻԱՑԻ: Վեհանձն մարդը թույլ է տալիս գործել նաև «մագդաներին»:

  3. Ընթերցող says:

    Համաձայն եմ Հայկի հետ

  4. Ռուզան Խաչատրյան says:

    Արամ ջան,
    կստորագրեի այս գրածիդ տակ:

  5. sergik says:

    Բոլորսել գիտենք թե ինչպես մարդիկ սկսեցին վերաբերվել Հրանտ Մաթևոսյանին այն բանի համար , որ նա Լևոն-Տեր Պետրոսյանի համակիրներից էր, ասում են նույնիս եղել է երբ փողոցով քայլելիս հետևից ռեպլիկ են թողել ու ինքնել շատ ծանր էր տանում էտ փաստը, բայց ասում էին նաև, որ ինքը իրապես համոզված էր իր դիրքորոշման մեջ և կարծում էր որ կգա մի ժամանակ և մարդիք կհասկանան որ ինքը ճիշտ էր…..ես երկու խմբի կբաժանեի իշխանամետ մտավորականներին , մի խումբը ,որ իսկապես ունի որոշակի համոզմունքներ , իսկ երկրորդ խմբի մտավորականները փորձում են ինքնահաստատվել մոտ լինելով իշխանությանը…..

  6. Գրիգոր says:

    segik ջան, այսօրվա դրությամբ առաջին խմբից գոնե մի երկու անուն տվեք

  7. Գրիգոր says:

    ներողություն-SERGIK

  8. sergik says:

    հարգելի Գրիգոր, հենց թեկուզ լուսահոգի Բաբկեն Հարութունյանը, (համենայն դեպս ինձ էտպես թվում էր մինչև այն պահը, երբ նա կանաչ ճանապարհ հարթեց Հայկ Դեմոյանի առաջ,որի դոկտորականի աշխատությունը մյուսները համարում էին խայտառակություն), ամեն դեպքում դուքել իրավացի էք ….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728