Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունեցի աշակերտները գոհացուցիչ արդյունքներ են ցուցաբերել

Ապրիլ 04,2013 23:15

Այսօր Սյունիքի մարզպետարանում ամփոփվեցին փետրվարի 23-ից մինչեւ  մարտի 14-ը կայացած դպրոցականների առարկայական օլիմպիադայի արդյունքները, եւ հաջողություններ ցուցաբերած աշակերտները պարգեւատրվեցին դիպլոմներով ու դրամական պարգեւներով:

Առարկայական օլիմպիադայի մարզային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է  571 աշակերտ, որից 195-ը` Կապանի տարածաշրջանից, 146-ը՝ Գորիսի,  153-ը` Սիսիանից եւ  77 աշակերտ էլ Մեղրու տարածաշրջանից:

Ըստ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լեւոն Մարգարյանի` օլիմպիադայի մարզային  փուլի ընդհանուր արդյունքները գոհացուցիչ էին, իսկ մասնակցության առումով  սակավ էր միայն աստղագիտություն, մաթեմատիկա, ինֆորմատիկա առարկաներից մասնակցողների թիվը:

Հիմնականում ակտիվ են եղել քաղաքային դպրոցների աշակերտները, կան մասնակիցեր եւ հաղթողներ նաեւ գյուղական դպրոցներից` Աճանանից, Վերիշենից, Խնձորեսկից, Բռնակոթից եւ մի քանի այլ գյուղերից:  Բարձր ցուցանիշներ արձանագրած եւ մրցանակային տեղեր զբաղեցրած  դպրոցականներից 103-ն իրավունք են ստացել մասնակցելու հանրապետական փուլին` այդ թվում նաեւ միջազգային մրցույթի 2 մասնակից:

«Հանրապետական փուլին  Կապանի տարածաշրջանից կմասնակցի 41 աշակերտ, 34-ը` Գորիսից,  21-ը` Սիսիանից, իսկ 7 աշակերտ Մեղրու տարածաշրջանից: Մարզային փուլում առաջին կարգի մրցանակի է  արժանացել 58 աշակերտ, 2-րդ կարգի` 57 աշակերտ, երրորդ կարգի`  54 դպրոցական: Մրցանակային ամենաշատ տեղերը զբաղեցրել են  Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները,  մեծ թվով հաջողություններ են գրանցել  նաեւ Գորիսի թիվ 4 և Սիսիանի թիվ 3 ավագ  դպրոցների աշակերտները», – նշեց Լեւոն Մարգարյանը եւ մաղթեց դպրոցականներին հանրապետական փուլից վերադառնալ մեծ ավարով:

Նշված հաջողությունների մասին բարձրաձայնելուց  բացի, կրթության վարչության պետը նշեց ցավալի մի փաստ, որ  մաթեմատիկա առարկայից մրցանակային տեղեր զբաղեցնողներ չկան մինչեւ օրս, ինչը մտածելու տեղիք է տալիս:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդգծեց մաթեմատիկա առարկայի կարեւորությունը եւ դիմեց տնօրեններին, որպեսզի այդ ուղղությամբ ավելի շատ աշխատանքներ տանեն: «Գորիսի պետական համալսարանի ռեկտորին հանձնարարել եմ բոլոր դպրոցներին ներկայացվի, որ  մաթեմատիկա եւ ընդհանրապես բնագիտական առարկաներից ընդունվողների համար ստեղծելու ենք անվճար պայմաններ, խոստանում եմ, որ նրանք 5 տարի անվճար են սովորելու», – հայտարարեց Սյունիքի մարզպետը, ով միջոցառման վերջում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին  դիպլոմներ հանձնեց  եւ դրամական խրախուսանքի արժանացրեց:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ՛՛…սակավ էր միայն աստղագիտություն, մաթեմատիկա, ինֆորմատիկա առարկաներից մասնակցողների թիվը՛՛, այլ կերպ ասած՝ ցուցադրական կողմը 100%, բովանդակությունը՝ 0-ին մոտ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930