Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմար որոշումները չեն մեկնաբանվում»

Հունիս 11,2013 14:13 Share

Ճանաչված մարդիկ՝ «չճանաչված» Արցախ այցելողների ու ադրբեջանական հիստերիայի մասին

Ադրբեջանի մեջլիսն ու արտգործնախարարությունը ժամանակ առ ժամանակ Արցախ այցելող այս կամ այն պետական, քաղաքական, մշակութային գործչին հայտարարում են persona non grata: Արդյոք իրավաչա՞փ է նման պատժաձեւը, եթե տվյալ անձը չի ծավալել գործունեություն ընդդեմ Ադրբեջան պետության:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն այս առիթով «Առավոտին» ասաց, թե ադրբեջանցիների այդ քայլը դիվանագիտական անճարակության ցցուն օրինակ է. «Ես կարծում եմ, որ ադրբեջանցիները հյուրընկալության եւ այլ հարցերում պետք է օրինակ վերցնեն ԼՂՀ իշխանություններից: Թե չէ, որ այսպես շարունակվի, Ադրբեջան կայցելեն միայն ադրբեջանցիները»:

Բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի խոսքը հակիրճ էր. «Ադրբեջանցիների որոշումը քաղաքական խուլիգանության օրինակ է»:

ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ձեւակերպմամբ. «Այդ քայլով ադրբեջանցիներն աշխարհին ապացուցում են իրենց տգիտությունը: Դա մի երեւույթ է, որն իսկապես գրոտեսկ է: Օրերս եմ վերադարձել Արցախից, որտեղ հյուրընկալվել էր օպերային մեգաաստղ Մոնսերատ Կաբալիեն: Պետք էր տեսնել, թե աշխարհահռչակ երգչուհին ի՜նչ հիացմունքով խոսեց Արցախ աշխարհի, արցախցու մասին: Մինչեւ հիմա ականջիս հնչում է Կաբալիեի մեկնաբանմամբ Կոմիտասի «Կռունկը»…»:

Նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը զավեշտ անվանելով ադրբեջանցիների նման վերաբերմունքը, նկատեց. «Դա նույնն է, թե մեկն ինձ արգելի գնալ մի տեղ հյուր…»:

Կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանն էլ այս կարծիքի է. «Դա թույլ մարդու կողմից մտածված պատժաձեւ է: Օրինակ՝ «Ոսկե ծիրան» փառատոնին հայտ է ներկայացրել ադրբեջանցի կինոռեժիսոր, որի նկարած կարճամետրաժ խաղարկային ֆիլմը պատմում է Ադրբեջանի մասին: Հիմա մենք ի՞նչ անենք, արգելե՞նք… Ընդ որում՝ ադրբեջանցի արվեստագետը հայաստանյան փառատոնին հայտը ներկայացրել է Գերմանիայից: Այ այստեղ կարող ենք մտածել՝ գուցե վախեցե՞լ է ներկայանալ իր հայրենիքից…»:

ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ persona non grada-ն քաղաքական կատեգորիա է, այլ ոչ իրավական. «Համոզված եմ, որ ադրբեջանցիների այդ որոշումը քաղաքակիրթ աշխարհի համար անընդունելի է, իսկ խոսել դրա իրավաչափության մասին՝ անիմաստ է»:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն այս հարցի շուրջ բազմաթիվ կարծիքներ է լսել ու զարմացել. «Դրանք մի պարզ ճշմարտությո՞ւն էլ չեն կարողանում հասկանալ, որ ուրիշի տան հյուրերին կոնտրոլ չի կարելի անել»:

«Էդ այլանդակ ցեղին ի՞նչ ասես… Ախր մյուս կողմից էլ կարծում եմ՝ աշխարհը շատ բան չի իմանում: Օրինակ՝ ինչու չի շահագործվում Ստեփանակերտի օդանավակայանը: Տեղին է հիշել մեծն Նժդեհի խոսքերը՝ «ուժն է ծնում օրենքը»: Կարծում եմ, որ մեր քաղաքական գործիչները, իշխանությունները չպետք է լռեն: Երազում եմ, որ մեր նախագահը հեռուստատեսությամբ ելույթ ունենա, եթե դրա հարկն էլ կա՝ բռունցքը սեղանին խփելով մեզ ու աշխարհին դրանց հետ կապված (նկատի ունի ադրբեջանցիներին – Ս.Դ.) վերջնական պարզաբանումներ տա»,- զայրանում է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:

ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը հայտնեց. «Ինչպես ուրիշ շատ հարցերում, այս դեպքում էլ Ադրբեջանն աշխատում է ժամանակին դեմ: Արցախ այցելած նշանավոր գործիչներին «անցանկալի անձ» հայտարարելու դեպքում չեն հասկանում մի պարզ ճշմարտություն, որ այդ նույն՝ իրենց համար անցանկալի դարձածները միայն պատիվ կբերեին հենց իրենց»:

Բեմադրիչ Ռուբեն Բաբայանը կարծում է. «Երբեմն որոշումները լինում են նաեւ հիմար, իսկ դրանք մեկնաբանության կարիք չունեն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930