Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկության ժամանակ հայտնաբերված, կնքված թմրանյութի ծավալը մեղադրականում «ծաղկել» է

Հունիս 19,2013 19:37

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ այսօր սկսվեց Կամո Շահինյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը: Կամո Շահինյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ձեռքբերելու եւ պահելու համար: Արմավիրի մարզի ոստիկանները խուզարկությամբ նրա տնից, նրա բացակայությամբ հայտնաբերել էին այդ թմրամիջոցը:

Մինչ դատական նիստը կսկսվեր, դատական նիստերի դահլիճից նիստին հետեւող համագյուղացիներից մեկը դիմեց դատավորին, խնդրելով, որ Կամոյին թույլ տան, գնա իր մահամերձ հորը տեսնելու: Հայրը տառապում է քաղցկեղով, նրան, ըստ հարազատների, հաշված օրեր են մնացել: Դատավորը զգուշացրեց դատական նիստի մասնակիցներին`պահպանել կարգը:

Մեղադրանքը պաշտպանում էր երիտասարդ դատախազ Միքայել Գրիգորյանը, իսկ Կամոյի պաշտպանությունն իրականացնում էին նրա երկու պաշտպանները` Թամարա Պողոսյանն ու Արամ Հովսեփյանը: Երբ նախագահողը ճշտում էր ամբաստանյալի ինքնությունը, պարզվեց, որ նա ունի անչափահաս երեխա, կինը չի աշխատում, ինքն էլ տառապում էր աղիների խոցով, սրտի հիվանդությամբ, իսկ մարզի ոստիկաններից էլ, ինչպես հայտարարեց`գլխի վրա ստացել էր  տեսանելի վնասվածքներ, որոնք ցույց տվեց դատարանում:

Ամբաստանյալը հրաժարվել էր մեկուսարանում ստանալ իր մեղադրական եզրակացությունը, հուշաթերթիկը: Սակայն դատավորը բացատրեց նրա իրավունքները, եւ ասաց, որ օրենքի պահանջն է, որ նա ստանա մեղադրական  եզրակացությունը, իմանա, ինչու է մեղադրվում: Ի վերջո, պաշտպանների հորդորով նաեւ, Կ.Շահինյանը ստացավ իր մեղադրական եզրակացությունը, սակայն չցանկացավ, որպեսզի երեք օրով հետաձգվի դատական նիստը` մեղադրականին ծանոթանալու համար:

Դատարան ներկայացավ Փշատավան գյուղի բնակիչ, ընթերակա Արմեն Օզմանյանը: Ազգությամբ եզդի վկան ասաց, որ գրավոր հայերենի հետ կապված ունի դժվարություններ: Սակայն հրաժարվեց թարգմանիչ ունենալուց: Արմեն Օզմանյանը պատմեց, որ անցյալ տարվա հուլիսի առավոտյան վեցի կողմը իրեն ձայն է տվել հարեւան Կամո Շահինյանի որդին`Արաբոն: Նա խնդրել է, որ գնա իրենց տուն: Քանի որ հոգնած է եղել, քունը գլխին, այդ ժամին չի գնացել: Երբ երկրորդ անգամ է Արաբոն կանչել, ժամը ութի սահմաններում, նա գնացել է Կամոյենց տուն: Տեսել է ոստիկանության աշխատակիցներին, մի մասին` Կամոյենց տանը, մյուս մասին` տարածքում: Նրանք, ըստ վկայի, կլինեին երեսունից ավելի:

Ընթերական հայտնեց, որ թղթի կտոր գտան խոհանոցի «շիֆերների» տակից, ձեռքով անգամ ցույց տվեց, հետո Կամոյի մեկնած թուղթը կտրեց, չափը ցույց տալու համար: Ըստ վկայի, կշռեցին գտած զանգվածը, սակայն չի հիշում, թե որքան էր կազմում հայտնաբերվածը: «Միլիցիայի ասելով կանեփանման բան էր»: Հետո, վկան հայտնեց, որ ոստիկանները իրեն կանչել են մի քանի հողամաս հեռու անմշակ մի տարածք, որը Կամոյենց տնից հիսունից–հարյուր մետրի վրա կլիներ, այնտեղից քոլերի միջից պոկել են խոտ, բերել են Կամոյենց բակ, կշռել եւ տարել են:

«Ստորագրեցի, բայց չկարդացի»,-ասաց նա, եւ ապա հայտնեց, որ ոստիկանները ասել էին`անպայման պիտի ստորագրեք: Նա ստորագրել էր խուզարկության արձանագրության տակ: Մեղադրողը մի քանի անգամ վկայի վրա փորձեց ճնշում գործադրել, «հիշեցնելով», որ նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, ապա առանց հիմնավորելու, թե հակասություններ կա՞ն դատարանում եւ նախաքննության ժամանակ տվածների միջեւ, հրապարակեց վկայի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, որը էականորեն ոչինչ չփոխեց:

Ամբաստանյալի կնոջը` տիկին Վերգինեին եւ որդուն`Արաբոյին բացատրվեցին, որ կարող են մերձավորի նկատմամբ ցուցմունք չտալ, բայց նրանք ցանկացան տալ ցուցմունքներ: Ամբաստանյալլի կինը նկարագրեց, թե ինչպես են երեսունից ավելի ոստիկանները «ներխուժել» իրենց բակ: Նա ասաց, որ խուզարկությունը սկսվել էր, հետո են եկել վկաները, մինչդեռ եզդի ընթերական ասաց, որ բակում նստած էին ոստիկանները, իրեն երբ տեսել են, նոր մտել են տուն` խուզարկության համար:

«Խառնել էին տունը: Շատ վատ պահեցին իրենց: Պոկում էին մեր բերքը, իրենց ձեռքով օգտվում էին սառնարանից, նպատակը ոչ թե ուտելն էր, այլ մեզ վնաս տալը: Ոստիկաններից մեկն անգամ ասաց`օրհնված չի խաղողը, թողեք», -պատմեց ամբաստանյալի կինը, որը դատարավորին հորդորեց «չշփոթեցնել իրեն»` հայտնելով, որ եղել է դեպրեսիայի մեջ, եւ իր համար շտապ օգնություն են կանչել խուզարկությունից հետո:

Կամոյի որդին`Արաբոն, դատախազի եւ դատավորի հարցաքննությունից այնքան շփոթվեց, որ չհիշեց, թե բացի քոլերի հետ թմրանյութը բակ բելելուց ու կշռելուց, իրենց տանն ինչ են հայտնաբերել ոստիկանները: Կամո Շահինյանը զայրացավ նրա վրա, եւ արժանացավ դատավորի նախազգուշացմանը: «Ի՞նչ էիք ակնկալում, որ նա ասեր», -հարցրեց դատավորը, իսկ ամբաստանյալը ասաց. «ջարդած դանակ, մի քանի փոշոտ պատրոն»:

Արաբոն լավ էր հիշում, որ խոհանոցից ոստիկանները գտել են 0,7 գրամ թղթի մեջ փաթաթված ինչ-որ բան, իսկ եզդի ընթերական էլ իր աչքով էր տեսել, որ այդ զանգվածը կշռել էին, կնքել: Մինչդեռ, մեղադրական եզրակացության մեջ, որի եզրափակիչ մասը հրապարակեց դատախազը, արձանագրվել էր` 9,914 գրամ:

Պաշտապանական կողմը փորձեց պատասխանը ստանալ դատախազից: Նա ասաց, որ փորձագետն է այդ արձանագրել:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930