Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ներսիսյանը քիչ առաջ հրապարակեց Հատուկ քննչական ծառայության քննիչի դեմ բերված արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանի բողոքը մերժելու մասին որոշումը:
Որոշման հրապարակման պահին ներկա չէին կողմերից եւ ոչ մեկը, իսկ դատապարտյալն ընդհանրապես դատարան չէր բերվել, ինչպես «ընդունված» է Հայաստանի բոլոր դատարաններում ընթացող դատապարտյալների ցանկացած բողոքի քննության ժամանակ:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Գ.Պետրոսյանի 03.06.2013թ.որոշմամբ մերժվել էր քրեական գործ հարուցել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների դեմ: Արթուր Այվազյանը փորձել էր այդ պատճառով ինքնասպանություն գործել եւ մարտի 18-ին կտրել էր իր երակները:
Դատապարտյալին բուժօգնություն ցույց չէր տվել: Ուշագնաց եղած Ա.Այվազյանին միացել էր նրա խցընկերը, որը նույնպես կտրել էր իր երակը, որպես բողոքի նշան:
Կարդացեք նաև
Նախորդ դատական նիստին Ա.Այվազյանի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ քրեական գործ չի հարուցվել եւ քննիչի որոշումը պաշտպանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին: Ա.Այվազյանի ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական գործով ցուցմունքներ են տվել միայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ինչը բողոքաբեր կողմի դիտարկմամբ չէր կարող օբյեկտիվ, բազմակողմանի լինել:
Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանն անցյալ դատական նիստին նաեւ հայտնել էր.«ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկը՝ Արտակ Հակոբյանն ինձ դիմում է հասցեագրել, որում նկարագրել է, թե ինչ հանգամանքներ են դրդել Արթուր Այվազյանին դիմելու ջրադուլի, հացադուլի, այնուհետեւ ինքնասպանության փորձի: Արթուրին ստիպել են կրել հագուստ, որը նախատեսված չի եղել այդ եղանակի համար, ինչից հրաժարվել է»:
Դատապարտյալ Արթուր Այվազյանը մեր հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ բողոքարկելու է սույն դատական ակտը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































