Նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը այսօր քաղաքապետարանի առջեւ ասուլիսի ժամանակ պատմեց, որ վերջին օրերին «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստներին քաղաքի տարբեր հատվածներում կողոպտում են:
«Հանցավոր բանդան, որի մեջ, նախնական տվյալներով, կա 10 հոգի, երեկ չէ առաջի օրը հեռախոս են գողացել, երեկ ոսկե շղթա են գողացել, ծեծում են ակտիվիստներին: Հանցավոր բանդան ուղղորդվում է ոստիկանության կողմից, այստեղ չեն գալիս: Եթե այդպես չլիներ, քսանչորս ժամվա պատմություն է, ոստիկանությունը կբացահայտեր»:
Նստացույցի մասնակիցները կասկածում են, որ բանդայի մեջ կան այն պաշտոնյաների երեխաները, որոնց հրաժարականն իրենք պահանջում են. «Ակտիվիստներին կողոպտելուց առաջ ասել էին՝ դուք ինչ գործ ունեք մեր հերերի հետ»:
Սուրենի խոսքերով, բացի գողություններից, ակտիվիստներին նաեւ հայհոյում ու սպառնում են. « Երեք օր առաջ էլ նստացույցի աջակիցներից մեկին են սպառնացել՝ ձեր ընտանիքներին ենք վնասելու, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել: Ոստիկանությանը տեղյակ ենք պահել, խնդրել ենք զբաղվել, բայց ոչ մի արձագանք»:
Նստացույցի մասնակիցները նաեւ դժգոհեցին, որ ոստիկանությունն այլեւս չի ապահովում իրենց անվտանգությունը, չնայած իրենք մի քանի անգամ խնդրել են հերթապահություն ապահովել, բայց երկու անգամն էլ ոստիկանությունը մերժել է. «Ստիպված գիշերում ենք քաղաքապետարանի աստիճաններին, որ տեսախցիկների առջեւ լինենք, գոնե հանցագործություն լինելու դեպքում տեսախցիկները ֆիքսեն»:
Աստիճաններին գիշերելու համար, նստացույցի մասնակիցներից Վահագն Մինասյանին ոստիկանություն են մի քանի անգամ տարել՝ վարչական իրավախախտում կատարելու մեղադրանքով, բայց ակտիվիստները զարմանում են, եթե աստիճաններին քնելը իրավախախտում է, ինչու ամեն օր նրանց ոստիկանություն չեն տանում, իսկ եթե իրավախախտում չէ, ինչու են այդ մի անգամը տարել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ես զարմանում եմ թե ինչուի է ակտիվիստը զարմանում ոստիկանների պահվածքի վրա, ընդամենը հանձնարարությունն է այդպիսին: