Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նախագահ. Որեւէ մեկը սահմանադրական փոփոխությունների վրա չի աշխատում

Օգոստոս 29,2013 11:21
gagik harutyunyan

Հատված ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հարցազրույցից:

Պարոն Հարությունյան, մամուլում տեղեկություններ են հրապարակվում, որ սահմանադրական փոփոխություններ են պատրաստվում եւ դուք ղեկավարում եք այդ փոփոխությունները մշակող հանձնաժողովը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները, եւ ընդհանրապես նախատեսվո՞ւմ են արդյոք սահմանադրական փոփոխություններ։

– Ես ոչ մի փոփոխությունների վրա չեմ աշխատում, դեռեւս ոչ մի հանձնաժողով գոյություն չունի, դրանք միայն խոսակցություններ են եւ լրատվության տարբեր միջոցների այսպես կոչված՝ հավաստի աղբյուրների տեղեկություններ են։ Դեռ պաշտոնապես ոչ մի հանձնաժողով չի ստեղծվել եւ որեւէ մեկը նման փոփոխությունների վրա չի աշխատում եւ որեւէ մեկն էլ չի կարող ասել, որ եթե ստեղծվի, ինչ ուղղությամբ կգնա։ Սա արդեն ենթադրությունների շարքից է, իսկ ես հեռու եմ ենթադրություններ անելուց եւ ցանկություն չունեմ ենթադրելու։

Եթե ձեւավորվի այդ հանձնաժողովը, բնականաբար, այդ հանձնաժողովը կունենա հստակ աշխատանքային ռեժիմ եւ իր աշխատանքները կլինեն թափանցիկ, մարդիկ կտեսնեն, թե ինչ է արվում, ինչ հարցեր են քննարկվում, այսինքն՝ համապատասխան լրատվություն կլինի:

Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական որեւէ փոփոխությունների անհրաժեշտությանը, ապա ես պետք է ասեմ, որ Սահմանադրական դատարանը իր առնվազն 2 որոշումներում տվյալ հարցի վերաբերյալ խնդիր է առաջադրել, ըստ որի հասունացել է որոշակի սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը։

Առաջինը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում սահմանադրական զարգացումների հնարավորությունները սահմանափակված են։ Ամբողջ աշխարհում սահմանադրական զարգացումները ընթանում են մի շարք խողովակներով, մասնավորապես սահմանադրական օրենքների ընդունման միջոցով, վեճերի լուծման ընթացակարգերի ճանապարհով, Սահմանադրության վերացական պաշտոնական մեկնաբանման խողովակով եւ վերջին տեղում են միայն Սահմանադրության փոփոխությունները եւ լրացումները։ Մեզ մոտ դժբախտաբար մեր սահմանադրական համակարգը այնպես է ձեւավորվել, որ այդ խողովակները փակ են եւ այսպիսի պարագաներում երկրում դինամիկ ներդաշնակ էվոլուցիոն սահմանադրական զարգացումները հաճախ մտնում են փակուղի եւ անհրաժեշտություն է առաջանում սահմանադրական զարգացումները ապահովել միայն սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։

Երկրորդը՝ իրավունքի գերակայության եւ պաշտպանության երաշխավորելու լուրջ խնդիրներ կան։ Առհասարակ երկրները, որոնք ցանկանում են իրավունքների պաշտպանության լիարժեք համակարգ ձեւավորել, սահմանադրական դատարանում պետք է կարողանան անհատական դիմումների լիարժեք համակարգ ներդնեն իրենց երկրներում, կիսատ-պռատ համակարգերը, ինչպես մեզ մոտ է արված, գործնականում առաջացնում են լուրջ խնդիրներ։ Այս ամենը պետք է հաղթահարվի սահմանադրական զարգացումների ճանապարհով։

Ինչպես կլինի, ինչ հանձնաժողով կձեւավորվի, ինչ ուղղություններով կգնա եւ իմ հնարավոր մասնակցությունը պայմանավորված կլինի այս գերխնդիրների լուծումներ փնտրելով, որովհետեւ դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ նաեւ մեր դատարանի հստակ դիրքորոշումը։ Սա է վիճակը։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»

թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031