Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի 73% -ը խրախուսում է բռնությունները ներգաղթյալների նկատմամբ

Օգոստոս 29,2013 17:37

Այսօր «Մեդիա» կենտրոնում, Կովկասի ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնությամբ՝ տեղի ունեցավ քննարկում Ռուսաստանում ներգաղթյալների հանդեպ ներկայիս քաղաքականությունը թեմայով, որի հյուրերն էին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Մոսկվայի Կարնեգի կենտրոնի «Կրոն, հասարակություն եւ անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն, որը միացավ Skype տեսազանգի միջոցով:

Սերգեյ Մինասյանը, որը վարեց քննարկումը, նախ ներկայացրեց ռուսական հայտնի «Լեւադա» կենտրոնի կատարած հարցումների արդյունքները, որոնք ցույց են տվել, որ Ռուսաստանի 71% -ը վստահ է, թե քրեական աշխարհի հիմնական ներկայացուցիչները ներգաղթյալներն են, 73%-ը խրախուսում է բռնությունները ներգաղթյալների նկատմամբ եւ 53%-ը համարում են ներգաղթյալներին մարդիկ, որոնք արհամարհում են ռուսերեն լեզուն, ինչպես նաեւ ռուսական մշակույթը:

Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, թե այս խնդիրը նոր չէ. «Այն արդեն շատ երկար ժամանակ է, որ գոյություն ունի, բայց ես կդժվարանամ սահմանել այն եւ անուն տալ, որովհետեւ իմ կարծիքով միգրանտաֆոբիա անունն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այս խնդիրը բոլոր ներգաղթյալներին չի վերաբերվում: Օրինակ՝ ներգաղթյալներ կան Ուկրաինայից, Բելառուսիայից եւ ուրիշ այլ տեղերից, բայց նրանք չեն ենթարկվում այդպիսի մեծ ֆոբիայի: Սխալ է արդեն այն կովկասաֆոբիա անվանել: Ես մի ժամանակ Ռուսաստանի ամսագրերից մեկում օգտագործեցի սեւաֆոբիա տերմինը, բայց ոնց երեւում է՝ այն տարածում չգտավ: Մի խոսքով, սա որոշակի խտրականություն դնող ֆոբիա է որոշակի ազգերի եւ մշակույթների ներկայացուցիչների նկատմամբ»:

Նա նշեց, որ մոտավորապես 2011 թվականից մինչեւ 2012 թվականը բողոքի շարժումները ստանում են էթնիկ կամ կրոնական ընդդիմության տեսք. «Սա, ըստ երեւույթին, պատահականություն չէ, սրան, երևի, բացատրություն կա: Լեւադա կենտրոնի հարցումները կատարվել են 2012 թվականի հուլիսին: Եվ այդ ժամանակ ներգաղթյալների խնդիրը համարվեց առաջինը՝ ելնելով պատասխաններից: Իսկ ընդամենը կես տարի հետո` փետրվարին նույն հետազոտությունը ցույց տվեց, որ գլխավոր խնդիրը փողոցային խցանումներն են»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031