Լրահոս
Օրվա լրահոսը

Կհաջողվի՞ եթերն ազատել իշխանությունների ամուր ձեռքերից

Օգոստոս 31,2013 13:30

Մասնագետները Հայաստանի հեռուստատեսային դաշտում հեղափոխություն են նախատեսում

«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ այլք պատրաստվում են ընդհանուր ժողով գումարել սեպտեմբերի վերջին՝ քննարկելու Հայաստանում արբանյակային, ժողովրդական հեռուստատեսություն հիմնելու գաղափարը: Նրանք այդպիսի մի քննարկման մասնակցել են դեռեւս երկու տարի առաջ՝ «Ա1+» հեռուստաընկերության գումարած հանրային խորհրդի նիստին: Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ մանրամասնելով արբանյակային հեռուստատեսություն ունենալու անհրաժեշտությունը: «Այս գաղափարը հին է, բազմիցս խոսել եմ գոնե այդ մասին: Այսինքն՝ հանրության հեռուստատեսություն է լինելու: Այս գաղափարը շարունակ զարգացել է, եւ էդ միտքը նորից վերածնվեց մեջս, որ Հայաստանի հակաժողովրդական ռեժիմը փոխելու համար հարկավոր է ունենալ ամբողջ հայությանը տեղեկություններ մատակարարող, հանրությունից սերված, ստեղծված, իսկական հանրային հեռուստատեսություն: Տեխնիկական լուծումների մասով դա կարող է լինել արբանյակային հեռուստատեսություն, որը, բնականաբար, պետք է ծածկի արբանյակը եւ ամբողջ Սփյուռքին հասանելի լինի»,- ասաց Լեւոն Բարսեղյանը: Նրա թվարկելով՝ Հայաստանը ունի պետական-հանրային ու նաեւ մասնավոր հեռուստաընկերություններ, մնում է ունենալ հանրային ծառայություններ մատակարարող, բազմաժանր հեռուստաընկերություն: «Պետական-հանրայինն էլ կա, մասնավորն էլ կա, թող լինեն, թող շատ լինեն, բայց ես համարում եմ, որ շահույթ հետապնդելու առաքելություն չունեցող, հասարակությանը իսկապես հանրային ծառայություններ մատուցող, բազմազան լուրեր եւ վերլուծություններ մատուցող, ժամանակից հետ չմնացող, օպերատիվ կերպով ամեն ինչին արձագանքող հեռուստատեսություն է մեզ պետք: Ես երբեք էլ չեմ պատկերացրել իմը կամ Պողոսինը, ամեն կերպ ջանացել եմ օգտակար լինել էդ գաղափարի զարգացմանը: Եվ կարծում եմ, որ դա կլինի իսկապես հայկական, գուցե բաժնետիրական, բայց ոչ էնպիսի բաժիններով, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան թելադրի, իսկապես անկախ եւ բազմազան տեղեկատվություն, վերլուծություն մատուցող հեռուստաընկերություն: Մենք դրա կարիքը վաղուց ունենք, եւ այդպես էլ չլրացվեց էդ բացը: Այն, բնականաբար, կհեռարձակվի ինտերնետով, տեղական հեռուստաալիքները գուցե կկամենան վերահեռարձակել ինչ-որ բաներ, կաբելային ցանցեր եւ այլն, եւ այլն»,- ներկայացրեց Լեւոն Բարսեղյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ այս գլխից դեռ ոչ մի բան որոշված չէ, եւ որ անպայման հաշվի կառնեն ֆեյսբուքյան առաջարկները, որը մարդկանց արտահայտվելու լայն դաշտ է ստեղծել: «Մարդիկ կան, որոնք պատրաստ են արդեն գումարներ փոխանցել, թե ո՞ւր՝ պարզ չէ, բնականաբար, չկա էդ մարմինը, ինչ-որ իրավակազմակերպչական տեսակի հարց պիտի որոշվի, թե դա ի՞նչ կլինի՝ հիմնադրա՞մ, ինչ-որ բիզնե՞ս. բիզնեսստրուկտուրայից ես խուսափում եմ, բայց հարկավոր է, որ էս ոլորտի կամ էս հարցով շահագրգիռ մարդկանց ընդհանուր ժողով գումարվի՝ հասկանալու համար, թե ինչը ինչպես ենք անում: Բայց որ դրա կարիքը կա, որ ռադիոհեռուստատեսային դաշտի վերահսկելիությունը Հայաստանի իշխանությունների համար արդեն գրեթե 15 տարի վերարտադրման կարեւոր գործիք է դարձել՝ ուղեղներ լվանալու, ուզած քարոզչությունը անելու, հաստատ է: Մեզ իսկապես հանրային հեռուստաընկերություն է պետք: Գուցե միայն այս գաղափարը սկսի շատ հեռուստաալիքների քաղաքականության մեջ ինչ-որ բան փոխել: Գուցե չի փոխի, բայց հարկավոր է անել, ես սրանում համոզվել եմ, վաղուց եմ համոզվել, մոտ 6 տարի ես այս մասին խոսում եմ տարբեր մակարդակներում, բայց հրապարակային կերպով երեւի 2-րդ, թե 3-րդ անգամ եմ խոսում»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ Երեւանի մամուլի ակումբը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել, որպեսզի արբանյակային հեռուստատեսությունը մեր երկրում լինի ավելի պարզեցված, դուրս գա լիցենզավորումից, այսինքն՝ ով ուզի, կարողանա արբանյակային ալիք վարձել ու իր հեռուստահաղորդումները թողարկել: «Աշխարհը ահագին փոքրացել է, եթե արգելք է լինում, հեռարձակողը գնում, ուրիշ երկրից է հեռարձակում: Կարծում եմ, որ մեր գաղափարը ոչ մի կապ չի ունենալու հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի արատավոր գործունեության կամ արատավոր պրակտիկայի հետ: Իրենք իրենց համար թող գնան, ինչպես ուզում են՝ հսկեն, վերահսկեն, ճնշեն, թելադրեն, ազատականացնեն հեռուստառադիոհեռարձակման դաշտը, ինչպես կկամենան, դադարեն գրաքննել կամ սկսեն գրաքննել, ինչպես որ կկամենան: Այս գաղափարը տեխնիկական իմաստով անհամեմատ վեր է իրենց հնարավոր ընդվզումներից: Որ դուրները չի գալու՝ դա հաստատ է, գիտենք արդեն, զգում ենք տարբեր ռեպլիկներից, ֆեյքերի ղժղժոցներից՝ «Ֆեյսբուքից»: Արդեն զգացվում է, որ հիստերիայի մեջ են ընկել, ինչ-որ գրանտներից են զառանցում, բայց էս ամբողջը, ինչպես իմ ու մեր կազմակերպության գործունեությունը, լինելու է հրապարակային, բոլորի աչքի առաջ, թող գան իրենց, ինչ ասեմ, ներդրված մարդիկ տեսնեն ամբողջ պրոցեսը՝ ինչպես է լինելու, իրենց աչքի առաջ կլինի»,- ասաց «Ասպարեզ» ակումբի նախագահը: Նա մեկ անգամ եւս կրկնեց, որ իրենց նպատակը իսկական հանրային հեռուստաընկերություն ունենալն է: «Մեր նպատակը այն է, որ լինի իսկական հանրային հեռուստաընկերություն: Չունեցանք մենք դա, ունեցանք անունով, իրականում չունեցանք: Այսինքն՝ չի կարելի, որ մեր անկախության 22-րդ տարում էն ամբողջը, ինչ որ մենք լսում ենք իրարից, հարեւաններից, իրադարձության միջից, ամբողջ իրիկունը գանք, ալիքները ֆռացնենք, փնտրենք ու չգտնենք կամ գտնենք շատ քիչ: Ինչքան ախմախություն ասես՝ լուրերի մեջ կտեսնենք՝ բացի էն ամենակարեւորից, ինչի մասին խոսում է ամբողջ Հայաստանը: 1-2 ալիքների լուրերում կարող ես տեսնել ինչ-որ բան, բայց ինձ թվում է՝ շատ անբավարար ծավալով, երբեմն էլ անբավարար որակով: Էդ բացը պետք է շտկել, եթե իրենք մինչեւ էդ կշտկեն, Փառք Աստծո, կարիք չի լինելու չարչարվել, բացել: Ո՞վ գիտի, գուցե դիմացը երկու-երեք տարի ընտրություն չկա, կազատականացնեն, Սահմանադրություն կփոխեն, նախագահի ստատուսը կնվազեցնեն, կդարձեն վարչապետին զորավոր, կմտածեն՝ դե, ախպեր, հեռուստատեսությունը՝ ի՞նչ: Հիմա, երբ համեմատում ես, օրինակ, 5-6 տարի առաջվա հեռուստառադիոբովանդակության հետ, անհամեմատ ազատականացված է, բայց էլի պահվում է ամուր ձեռքի տակ, որ ցանկացած սրացման պահի մարտի 1-ից 20-ի գրաքննությունը էլի կարող են ներդնել, ցանկացած պահի էդ ռիսկը չի վերացված:
Այսինքն՝ ազատության էդ շղթան մի քիչ երկարացված է, կարող են ազատ ֆռֆռալ, բայց պետք լինի՝ էդ շղթան արագ կկարճացնեն կարճ տիրույթում»,- վստահ է մեր զրուցակիցը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031