Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան․ «Անհայտ կորածների խնդրի լուծումը կենսական նշանակություն ունի խաղաղություն հաստատելու համար»

Հոկտեմբեր 03,2013 23:36

Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթը 

 

Հարգելի գործընկերներ, հարգարժան նախագահ

Այսօր մենք քննարկում ենք խիստ զգայուն մի խնդիր,  որն առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց, ընտանիքների։ Մի շարք զինված հակամարտությունների հետևանքով այսօր Եվրոպայում կան  շուրջ 20.000 անհայտ կորածներ, եւ այս  խնդիրը շարունակում է օրակարգային  մնալ ԵԽ անդամ մի շարք երկրներում։ Մեկ բան աներկբա է՝ անհայտ կորած անձանց ընտանիքներն իրավունք ունեն տեղեկացված  լինելու, թե ի՞նչ է կատարվել իրենց մերձավորների հետ,  եւ այո,  ես համաձայն եմ զեկուցողի հետ,  որ ընտանիքներին պետք է մշտապես տեղեկացնել  բոլոր կատարվող քայլերի մասին։

Հարգելի գործընկերներ, ես բազմաթիվ անգամներ զրուցել եմ Ադրբեջանի  կողմից սանձազերծված պատերազմի  արդյունքում Լեռնային Ղարաբաղից անհայտ կորած երիտասարդների մայրերի ու երեխաների հետ,  եւ  ես կդժվարանամ հիմա,  այստեղ, ձեզ ներկայացնել այն ապրումները,  որ ունեն անհայտ կորածների ծնողները,  կանայք ու երեխաները։  Դռան ամեն թակոց նրանց համար հույս է,  ամեն զանգ  նրանց համար հավատ է,  որ իրենց զավակը  վերադառնալու է տուն։  Ու հիմա այստեղ, այս դահլիճում մենք կրկին լսեցինք, թե ինչպես Ադրբեջանի պատվիրակը հերթական անգամ խեղաթյուրեց փաստերն ու հերթական անգամ այս դահլիճում հնչեց ադրբեջանական սուտն ու կեղծիքը։ Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ խորհրդարանականներս ու ազգային  կառավարությունները՝ մեր գործընկեր Ջիմ Շերիդանի զեկույցում բարձրացված կարեւորագույն հարցերի մարդասիրական պատասխաններն ու լուծումները գտնելու համար։ Իրավացի է զեկույցի հեղինակը նշելով, որ անհայտ կորածներին հայտնաբերելու հարցում անչափ կարեւոր է   համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը նաեւ դե ֆակտո իշխանությունների հետ։ Սա եղել է մեր առաջարկը եւ ես շնորհակալ եմ հեղինակից, որ նա ընդունել է մեր առաջարկն ու այն  ներառել զեկույցում։ Սա իրապես առանցքային  հարց է, ուստի  պետք է մշակել առավել ճկուն մեխանիզմներ՝ փաստացի իշխանությունների հետ արդյունավետ աշխատելու համար։  Ես ողջունում եմ այս կարեւոր արձանագրումը զեկույցում, քանզի բոլորիս  նպատակը մեկը պետք է լինի,  անել հնարավորը՝ անհայտ կորածներին հայտնաբերելու համար։ Հավատացեք, փոխգործակցությունը դե ֆակտո իշխանությունների հետ  այս լրջագույն խնդրի լուծման մարդասիրական ճանապարհներից  մեկն է։  Որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք,  որ զինված  հակամարտությունների հետևանքով անհայտ կորածների խնդրի լուծումը կենսական նշանակություն ունի եվրոպական մայրցամաքում  խաղաղություն հաստատելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031