«Երբ արդեն ունեի մտադրություն նկարելու ֆիլմ Մկրտիչի և Հովհաննեսի հետ միասին, հարց ծագեց, թե ֆիլմը ինչի՞ մասին է լինելու և ո՞ւմ հետ պետք է նկարել, որովհետև Հայաստանի կինոշուկան այդքան մեծ չի, որպեսզի կարողանաս բազմաթիվ ֆիլմեր նկարել և մտադիր էինք որևիցե այլ երկրի հետ համատեղ անել: Այնպես ստացվեց, որ գործերով հաճախ Ղազախստանում էինք լինում և այնտեղ հասկացանք, որ հայերն ու ղազախները երկար տարիներ շատ բարի և ջերմ հարաբերությունների մեջ են եղել»,- հոկտեմբերի 10-ին «Քայլ ձիով» ֆիլմի շնորհանդեսին նախորդող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:
Ֆիլմը սկսվում է Ղազախստանում անցկացվող շախմատային մրցաշարի տեսարանով, որից հետո հերոսները տեղափոխվում են Հայաստան և Արցախ: Ֆիլմում նկարահանվել են ինչպես հայ, այնպես էլ ղազախ դերասաններ: Գլխավոր դերասաններն են Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը և Ասել Սագատովան: Ֆիլմի ռեժիսորն է Գոռ Կիրակոսյանը: Ֆիլմը նվիրվում է Մարկ Սաղաթելյանի հիշատակին, քանի որ այն դերասանի մասնակցությամբ վերջին ֆիլմն է: Կարեն Ղազարյանը նշեց, որ Մարկ Սաղաթելյանի մահվանից հետո սցենարում փոփոխություններ չեն եղել.
«Մարկը այս ֆիլմի իր դերը արդեն խաղացել էր, և բոլոր նկարահանումները, որ Մարկի մասնակցությամբ պիտի լինեին, արդեն տեղի էին ունեցել դժբախտ դեպքից առաջ»:
Հովհաննես Ազոյանը կարծում է, որ լավ է կերտել ֆիլմում իր դերը. «Ես ինքս, քանի որ շախմատ խաղալ գիտեմ և շատ լավ եմ խաղում շախմատ և շախմատիստի հոգեբանությունը իմանալով հանդերձ, կարծում եմ լավ եմ կերտել շախմատիստի կերպարը:
Կարդացեք նաև
Դերասան Մկրտիչ Արզումանյանը հայտարարեց, որ հանդիսատեսը իրեն նման դերում չի տեսել. «Կերպարը բացասական է սկզբից, բայց հետո ինքը արդեն բացվում է. Պարզվում է, որ նա բարի անձնավորություն է: Ես իմ ընկերոջ՝ Գոռի օգնությամբ այնպիսի կերպար եմ ստացել, որ ոչ մի տեղ ոչ մի անգամ հանդես չեմ եկել, այսինքն՝ արել եմ այն, ինչ երբևիցե չեմ ցուցադրել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































