Այսօր Կապանում կմեկնարկի Սյունիքի մարզի ներդրումային համաժողովը, որին կմասնակցեն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների, ներդրումային բանկերի և ընկերությունների ներկայացուցիչներ, գործարարներ, մասնավոր ներդրողներ, կառավարության ներկայացուցիչներ և այլն: Սյունիքում կայանալիք եռօրյա համաժողովը կազմակերպել է Սյունիքի մարզպետարանը՝ Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ, համագործակցությամբ՝ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության, «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի, Կապանի քաղաքապետարանի:
Կազմակերպիչները նպատակ ունեն անցկացվելիք համաժողովի միջոցով ներդրողներին ներկայացնել Սյունիքի մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները, օժանդակել մարզային և համայնքային իշխանություններին ներգրավել ներդրումներ այդ ոլորտներում, ինչը կնպաստի մարզի տնտեսական անվտանգության աջակցմանը: Կազմակերպիչների խոսքով՝ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել մարզի տնտեսությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և եկամտի աղբյուրներ ոչ հանքարդյունաբերական ոլորտում: Ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես գյուղատնտեսության, սննդի վերամշակման ու արտադրության, ինչպես նաև տուրիզմի ոլորտները:
Եռօրյա համաժողովի ընթացքում կքննարկվեն մրգերի վերամշակման հեռանկարների՝ չրերի արտադրության համար նախատեսված հատուկ չրանոցների հիմնադրման, պահածոյացման փոքր/լոկալ արտադրամասերի հիմնման, գինեհումքի, պտղային եվ հատապտղային թորած օղիների հումքի մթերման կազմակերպման եւ այլ հարցեր: Քննարկումների թվում են նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղկի ջերմոցային տնտեսությունների հիմնադրման հնարավորությունները՝ վերականգնվող էներգիայի ռեսուրսների օգտագործման շնորհիվ:
Համաժողովի մասնակիցներին Էկոտուրիզմը կներկայացվի որպես զարգացման բացառիկ հեռանկար: Իսկ մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման նիստերին կքննարկվեն անասնապահության զարգացման, սառնարանային տնտեսությունների և ռեֆրիժերատորային ավտոպարկի, ինչպես նաեւ գյուղմթերքների եւ մրգերի միջհամայնքային մթերման, տեսակավորման եւ սորտավորման կենտրոնների հիմնադրման, վայրի թեյաբույսերի և դեղաբույսերի մթերման, մշակման և թեյի արտադրության կազմակերպման հեռանկարները: Հյուրերը կայցելեն նաեւ Մեղրու տարածաշրջան, կլինեն Մեղրիի պահածոների գործարանում, կքննարկեն չրերի արտադրության հարցը, իսկ զբոսաշրջության ոլորտով հետաքրքրվողները կայցելեն «Շիկահող» պետական արգելոցի վարչական շենք եւ Սոսիների պուրակ: Այցելություններն ու քննարկումները Սյունիքում այսքանով չեն սահմանափակվի, համաժողովի շրջանակներում սպասվում են հագեցած հանդիպումներ ու քննարկումներ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































