Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանը քննարկեց պաշտպանական ոլորտի իրենց առաջարկած բարեփոխումները

Նոյեմբեր 30,2013 17:20

«Նախախորհրդարանն» այսօր հերթական կլոր սեղան- քննարկումն էր կազմակերպել՝ «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի՝ իրենց նախագծի այս անգամ պաշտպանական ոլորտի վերաբերյալ»:

«Բանակը պետք է համալրվի համընդհանուր զորակոչի, պայմանագրային ծառայության սկզբունքների օպտիմալ հարաբերակցության որոշման ու դրանց համադրության կիրառման հիման վրա: Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ստորաբաժանումների ձևավորմանը զուգահեռ կրճատել զորակոչի հիման վրա իրականացվող պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մինչև մեկ տարի»,- պաշտպանական ոլորտի վերաբերյալ իրենց մոտեցումները ներկայացրեց «Նախախորհրդարանի» անդամ, գնդապետ Վարուժան Ավետիսյանը եւ ասաց, որ  կանանց զինվորական ծառայության համար ևս անհրաժեշտ է ստեղծել պայմաններ:

Պարոն Ավետիսյանի համոզմամբ, «Մեր պետության սահմանները պետք է պահպանեն ու հսկեն Հայաստանի  զինված ուժերը, իսկ Հայաստանի սահմաններն այսօր պաշտպանում են Ռուսաստանի ազգային անվտանգության սահմանային զորքերը: Ես չգիտեմ մի այլ երկիր, որի սահմանները պաշտպանում են այլ երկրի զինված ուժերը… Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և վերանայի իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ  Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանն ուղղակի ապահովում է Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում: Պարոն Ավետիսյանի խոսքով, «Նախախորհրդարանն» առաջարկում է լուրջ բարեփոխումներ կատարել պաշտպանական ոլորտում. «Այսօր Հայաստանի պաշտպանական կառուցվածքի զարգացումը հետ է մնացել , թույլ և ոչ արդյունավետ է անգամ 4-րդ սերնդի պատերազմի չափանիշներով…մեր առաջարկած բարեփոխումները անհրաժեշտ են, որովհետեւ առաջատար պետությունները և ռազմաքաղաքական դաշինքները տիրապետում են 5-րդ սերնդի պատերազմի վարման միջոցներին ու ռազմարվեստին և սահուն կերպով անցում են կատարում դեպի տեղեկութային հակամարտության առանցքի շուրջ վարվող 6-րդ սերնդի պատերազմի միջոցների կիրառման փուլ: Դրա հետևանքով առաջատար պետությունների և 4-րդ սերնդի պատերազմի միջոցների վրա հիմնված Հայաստանի միջև կարող է առաջանալ անհաղթահարելի անջրպետ»: Ըստ նրա ՝Հայաստանի համար գերխնդիր է պաշտպանական անվտանգության լիարժեք կերպով երաշխավորումը:

Վերջում նա նաեւ ասաց, որ անհրաժեշտ է արագ տեմպերով  գեներացնել եւ զարգացնել պաշտպանական ներուժը, նորագույն սպառազինությամբ, տեխնիկայով և տեխնոլոգիաներով հագեցած զինուժ ձևավորել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930