Տարիներ առաջ ընկերուհիներիցս մեկը՝ մասնագիտությամբ բուժքույր Սեդա Քոչարյանը, որն ապրում է Արմավիրի Սարդարապատ գյուղում, շատ հետաքրքիր ու ցավալի մի իրողության մասին էր պատմել, որ երկար ժամանակ հիշողությունիցս չի ջնջվել: Հավանաբար, չէի հրապարակի, եթե պահը չթելադրեր: Երբ ընկերներիցս մեկ ուրիշն օրերս կարեւորեց մարդու իմ տեսակը, ես անմիջապես հակադարձեցի, որ իմ ու իր տեսակը շատ է, այ, այս պահին հիշեցի մարդու մի տեսակի մասին, որը միշտ էլ քիչ է եղել կամ բնավ չկա: Նրան էլ պատմեցի ազգությամբ եզդի Շիկո պապի մասին: Ի դեպ, երբ սկսել էի շարադրել ասելիքս, մամուլի ասուլիսներից մեկում անակնկալ հնչեց ԱԺ պատգամավորներից՝ Մանվել Բադեյանի վիրավորական խոսքը՝ եզդի ժողովրդի հասցեին, ինչն արդեն պարտավորեցնում է գրել ու հրապարակել այս պատմությունը:
Արմավիրի մարզում (Հոկտեմբերյանի շրջան) տարիներ առաջ` անցած դարի 70-ականների վերջում, մեծ վթար էր տեղի ունեցել. գնացքը հարվածել էր բանվորներ տեղափոխող ավտոբուսին, որի վարորդն էր Շիկոն: Խոշոր վթարը շատ կյանքեր էր խլել: Սեդան քաղաքային հիվանդանոցում աշխատելիս` առաջին բուժօգնություն ցույց տվողներից էր: Ինչեւէ…
Պարզվում է, որ վթարի մեղավորն ավտոբուսի վարորդը չէր, քանզի ճանապարհը բաց էր (այպես կոչված՝ «շլագբաումը» իջեցված չի եղել, սլաքավարի մեղքով էր վթարը տեղի ունեցել) եւ դատարանն արդարացրել ու ներել էր Շիկոյին, սակայն Շիկոն ինքն իրեն չէր ներել:
Համագյուղացիներն ու համերկրացիները հիշում են, որ Շիկոն իրեն տնային կալանք էր տվել, տասնյակ տարիներով տանից դուրս չի եկել: Այդ շքեղությունն իրեն թույլատրել է եզակի դեպքերում՝ զառամյալ տարիքում: Նման մի օր էլ Սեդան նրան հանդիպել էր, երբ Շիկոն թոռանը հիվանդանոցում տեսակցության էր գնացել: Ահա, այսպիսին է եղել սահմանամերձ Եղեգնուտ գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Շիկո պապի ողբերգությունը:
Այո, մարդու այս տեսակը չկա. եզդի ազգը հպարտանալու տեղ ունի:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































