Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չի կատարել Ռոբերտ Քոչարյանին տված խոստումը (Տեսանյութ)

Հունվար 14,2014 13:22

«Այն նման է իրար վրա ցուցմունք տալու: Իրականում, կարծում եմ, երկուսն էլ չեն հերքում, որ փուչիկը փչվել է»,- այսօր «Սլաք» մամուլի ակումբում անդրադառնալով Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ կողմերը միմյանց ընդամենը մեղադրում են փուչիկը փչելու եւ այն պայթեցնելու մեջ. «Ճիշտ Վինի Պուխի հեքիաթն է: Ինձ թվում է ժողովրդին բացարձակապես քիչ հետաքրքիր է, թե ով է փչել փուչիկը, ով է ծակել փուչիկը: Ժողովրդի համար շատ ավելի կարեւոր է, որ փուչիկը փչվել է եւ ծակվել է»:

Այս հեռակա բանավեճում, Սաֆարյանը մի էական բան է արձանագրում, որ ոչ հասարակության, ոչ էլ փորձագիտական շրջանակներում որեւէ կողմն առանձնապես համակրանք չի վայելում, քանի որ սկսված թեմայով անհնար է դիվիդենտներ շահել քաղաքականության մեջ: «Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ մտածեն, թե անցյալի համար մեղավորն ընդամենը մեկ անձ կամ մեկ մարդ է, առավել ևս, որ բոլոր սուբյեկտներն անցյալում եղել են մեկ թիմի մեջ: Կողմերն իրենք էլ պետք է հասկանան, որ սկսված բանավեճն այլոց համար զվարճանքի տեղիք է տալիս»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:

Բանախոսը հակված է կարծել, որ այս բանավեճն առավելապես փորձ է հասարակության ուշադրությունը շեղել առկա եւ սպասվելիք մարտահրավերներից:

«Ոչ մեկս չենք մոռացել, որ երկրորդ եւ երրորդ նախագահների կոնֆլիկտը բեմականացվել է հանրապետությունում բազմաթիվ անգամներ եւ դրանք անհետեւանք են անցել բոլոր նախկին եթերաշրջաններում: Հետեւաբար, չեմ կարծում, որ այս անգամ էլ այն որեւէ ավարտ ունենա»,- ասաց Ստեփան Սաֆարյանը`հավելելով, որ վարչապետ-երկրորդ նախագահ բանավեճը դժվար թե տեղափոխվի երկրորդ նախագահ-երրորդ նախագահ հարթություն ու կոնֆլիկտի յուրահատկությունը հենց դա է. «Նրանք երբեք չեն անցել այնպիսի մի ռուբիկոն, որը բերի պատժամիջոցների»:

Սաֆարյանը հիշեցնում է 2013 թվականի 15-ի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ վերջինս հայտարարեց, թե իր վերադարձի համար հիմնարար պայմաններ առկա են, բայց ինքը չի վերադառնում էթիկական պատճառներով, քանի որ մյուս կողմը իր ընկեր Սերժ Սարգսյանն է. «Բայց, ասաց`Սերժ Սարգսյան, քո վարչապետը վարչապետ չի, որովհետեւ չի կարողանալու ապահովել տնտեսական աճի կայունությունը: Նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը կփոխի վարչապետին, եթե նա չապահովի յոթ տոկոս տնտեսական աճ: Սերժ Սարգսյանը բանավիճե՞լ է Ռոբերտ Քոչարյանի հետ, թե՞ ոչ, բայց իր հրապարակային հայտարարությամբ տվել է նրա հարցի պատասխանը, որը դառնում է որոշակի պայման նրանց միջեւ: Կարծում եմ, որ տարեվերջին Ռոբերտ Քոչարյանն այդքան էլ ուրախ չէր, որ Սերժ Սարգսյանը չի կատարել իր խոստումը եւ չի հանել վարչապետին`յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելու համար: Ռոբերտ Քոչարյանը, կարծում եմ, հերթական փորձն է անում վարչապետի աթոռն ազատելու: Քոչարյանը չի դնում իշխանությունը փոխելու խնդիր, բայց տեսանելի է, որ փորձում է ազատել վարչապետի աթոռը: Ես չեմ կարող պնդել, որ այժմ նա դա անում է իր համար, բայց նախկինում չի թաքցրել այն, որ ինքն էլ կարող է դիտարկվել այդ պաշտոնում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    “…որ մենք 22 տարի ապրել ենք անհաջող ղեկավարների եւ իրենց անհաջող կադրերի«գաղջ մթնոլորտում”:

    Հենց այդպես էլ կա, թեև շա՛տ մեղմ է ասված:

  2. kamo says:

    Այո, Արցախի ու անկախության անվան տակ հին ու նոր բոլոր իշխանաօլիգարխիական տարրը/ծնունդով ու գենետիկորեն անգրագետ բորենիները/, օտարի պադվալներում ազգային շորեր հագնելով քանդել, քանդում և քանդելու են Հայաստանը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031