Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը դաժանաբար ծեծել է, երեխային էլ ստիպել է թքել մոր վրա

Հունվար 14,2014 14:13

Հասմիկ Խաչատրյանին խոշտանգումների ենթարկած ամուսնու՝
Սարգիս Հակոբյանի դատական գործը հետաձգվեց

Բախտագուշակ Վարսիկի որդու՝ Սարգիս Հակոբյանի դեմ հարուցված գործը երեկ Գավառի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց մինչեւ ամսի 29-ը:
Բախտագուշակի որդուն մեղադրանք է առաջադրվել կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին ծեծի եւ խոշտանգումների ենթարկելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետով:

Սարգիս Հակոբյանը տարիներ շարունակ կնոջը դաժանաբար ծեծի է ենթարկել, բացի ծեծից ու հայհոյանքներից՝ պարբերաբար ծխախոտը հանգցրել է կնոջ մարմնին, անգամ 6-ամյա տղային է ստիպել թքել մոր վրա եւ բռունցքով հարվածել մոր երեսին:

Ամեն ծեծից հետո, ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմեց Հասմիկ Խաչատրյանը, ինքը հույս չէր ունենում, որ ողջ կմնա: Մոտ 10 տարվա ամուսնության ընթացքում կինը պարբերաբար խոշտանգումների ենթարկվելուց հետո էլ Աստծուց խնդրում ու սպասում էր՝ մի օր ամուսինը կուղղվի եւ կսկսի հարգել ընտանիքը, ու չի դիմել իրավապահ մարմիններին: Բացի այս, Հասմիկի ասելով՝ անգամ վերջին դաժան ծեծից հետո չի ուզել դիմել ոստիկաններին, քանի որ. «Որ իմանային Վարսիկի տղեն է, ռիսկ չէին անի գործին ընթացք տալ»:

Հասմիկի պատմելով՝ «Հայհոյանքները փառք էին, ինքն ամենավերջին ձեւով ստորացնում էր: Իրա հաճույքներով գնում էր, գիշերվա կեսին գալիս էր էրեխեքին հանում էր քնից, տղայիս ստիպում էր՝ մամայիդ էրեսին թքի, երեսին խփի, քեզ լավ մամայի մոտ եմ տանելու: Էրեխեն եթե չաներ, ծեծ կուտեր, էրեխես զարթնում էր առավոտյան, ասում էր՝ մամա, ես չեմ ուզում պապան տենց բանի անի, որ ես էլ քեզ չնեղացնեմ»:

Սարգիս Հակոբյանը կնոջ՝ տանից փախչելուց 2 շաբաթ առաջ էլ կրկին հարբած տուն է մտել ու էլի սկսել դաժանաբար ծեծել կնոջը. ամուսինը բռունցքներով հարվածելուց հոգնելով՝ անցել է ոտքերով հարվածելուն, այն աստիճանի է խփել, որ Հասմիկի ականջի թաղանթը պայթել է, հետո սկսել է կնոջը «տշել» սենյակում. «Ցավից անշարժացած էի, արնաշաղախ, ասեց՝ վեր կաց, գնա լվացվի, բայց չէի կարողանում շարժվել, ասեց՝ վեր կաց, թե չէ՝ կթքեմ վրեդ: Մի կերպ վեր եմ կացել, քարշ գալով հասել ծորակի մոտ, եկավ սառը «դուշը» պահեց գլխիս»:

Այս ծեծի պատճառով մոտ 2 շաբաթ Հասմիկն անկողնում անշարժ պառկած է եղել:
Անցյալ տարվա հուլիսի 16-ը վերջին օրն է եղել, որ Հասմիկը նույն հարկի տակ է մնացել բռնարար ամուսնու հետ. հերթական դաժան ծեծից հետո կինը, թեեւ ամուսնու բազմաթիվ սպառնալիքներին, թե՝ կսպանի, եթե բաժանվի, այնուամենայնիվ, փախչել է տանից: Վերջին ծեծից հետո գիշերը ժամը 1-ին Հասմիկը՝ անգամ չգիտակցելով, թե ուր է գնում, իր խոսքերով՝ ամբողջ ուժով վազում էր, հետեւից էլ՝ ամուսինը, ու նորից սպանելու սպառնալիքներ տեղալով: Հասմիկը հազիվ կարողացել է թաքնվել գյուղի գետակի եղեգների մեջ. Սարգիս Հակոբյանը որոշ ժամանակ կնոջը փնտրելոց ու չգտնելուց հետո Հասմիկի հոր տուն է գնացել, էլի կնոջը չգտնելուց հետո՝ տուն վերադարձել: Մի քանի ժամ փողոցներում թափառելուց հետո Հասմիկը զանգահարել է հորն ու խնդրել իրեն վերցնեն ու տանեն Երեւան, որտեղ էլ դիմել են բժշկի: Բայց նույնիսկ բժիշկների այն հորդորներին, որ ոստիկան է պետք հրավիրել, Հասմիկը չի ցանկացել ամուսնուն, այսպես ասած՝ տալ ոստիկանների ձեռքը. «Դե, չգիտեմ, մտածում էի՝ էրեխեքիս հայրն է, դատի չտամ: Սկեսուրս՝ Վարսիկը, զանգեց, ասեց՝ խայտառակ չանես մեզ, ինչ ոստիկան, ինչ բան: Բժիշկներին ասել էի՝ ընկել եմ, հեգնանքով ասացին՝ էդ ոնց ես ընկել, որ ձախ ականջիդ թաղանթը պայթել է, դեմքիդ աջ հատվածն ու քիթդ էլ ջարդուխուրդ եղել: Հաջորդ օրը ոստիկանները զանգեցին»:

«Առավոտի» հետ զրույցում Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանն ասաց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ Սարգիս Հակոբյանը պատճառաբանել էր, որ ֆինանսական միջոցներ չունի փաստաբան վարձելու համար, ուստի հանրային պաշտպանի գրասենյակից նրան անվճար փաստաբան է տրամադրվել, որն էլ նոր պետք է ծանոթանա նյութերին: Փաստաբանի ներկայացմամբ՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մի մասն է արտացոլվել մեղադրական եզրակացության մեջ. Հասմիկը բռնության մի շարք այլ միջոցներ էլ է նշել, բայց քանի որ այլ ապացույցներով չեն հաստավել, չեն անդրադարձել նյութերում. «Օրինակ՝ պատճառաբանելով, որ իբրեւ թե Հասմիկն իրենց խաբել է՝ ծխախոտը հանգցրել է նրա ձեռքին, թքել է նրա վրա, այս հանգամանքը մեղադրականում չկա»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ տարիներ շարունակ բռնության ենթարկվելով՝ իր պաշտպանը չի դիմել ոստիկաններին, պարոն Մուրադյանն ասաց. «Այդ նույն հարցը քննիչն է տվել, պատասխանն այն է եղել, որ միշտ հույս է ունեցել, որ ընտանիքը կվերականգնվի, ինչ-որ պահի կդադարի բռնությունը, բայց բանը հասել է գագաթնակետին»:

Մեր այն հարցին էլ, որ լինելով հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին, իսկ բախտագուշակի ծառայություններից մշտապես օգտվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, արդյոք Վարսիկը, ինչպես շրջանառվող լուրերում է ասվում, չի՞ օգտագործի այդ պաշտոնյաների հովանավորությունը՝ որդուն «փրկելու» համար, պարոն Մուրադյանն ասաց. «Սարգիս Հակոբյանը 1 անգամ դատապարտվել է, 2 անգամ էլ մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործի վարույթը կարճվել է՝ այլ գործերով. տուժող կողմը չի բողոքել: 1 անգամ դատապարտվել է խմբակային խուլիգանության համար ու տուգանվել 500 հազար դրամով: 2011 եւ 2013 թվականներին տարբեր հանցանքներ է կատարել, քրեական գործով մերժվել է՝ տուժողի բողոքի բացակայության պատճառով: Սա խոսում է այն մասին, որ Սարգիս Հակոբյանն ինչ-որ աջակից է ունեցել. այս բոլոր նշված 3 դեպքերում էլ իր համար ամենաարդյունավետ լուծումն է ստացել: Ես կարծում եմ՝ հենց այնպես չէր կարող նման բան լինել: Մենք ընդհանրապես չենք կաշկանդվում, որ կարող է նրա մայրը օգտագործի իր կապերը, ձեռնարկելու ենք օրենքով սահմանված բոլոր միջոցները, որպեսզի Հասմիկ Խաչատրյանի իրավունքները պաշտպանենք»:
Ըստ փաստաբանի՝ ներկա փուլում պահանջում են, որպեսզի Սարգիս Հակոբյանի՝ ստորագրությամբ հանրապետությունից չհեռանալու խափանման միջոցը փոխվի եւ կիրառվի կալանքը, որովհետեւ, բացի վերը նշված հանգամանքներից, Սարգիսը բռնություն է կիրառել տարբեր մարդկանց նկատմամբ, նույնիսկ նախաքննության փուլում է կնոջ նկատմամբ բռնություն գործադրել: Փաստաբանի վստահեցմամբ՝ նախաքննությունն էլ պատշաճ չի իրականացվել. «Որովհետեւ գործում առկա են 5 քննիչի որոշումներ, որոնցով Սարգիսին չեն կարողացել հրավիրել ոստիկանություն՝ հարցաքննման, ամեն անգամ բերման ենթարկելու որոշում են կայացրել: Ես կարծում եմ, որ նման գործով Սարգիսին արտոնություն տալը՝ այնպիսի իրավիճակ ստեղծելով, որ նա կարող է նույնիսկ պահանջով չներկայանալ ոստիկանություն՝ պատշաճ չէ: Լսել ենք, որ քննիչը նրա համակուրսեցին է եղել, չի բացառվում, որ մոտ հարաբերությունների հարց է եղել»:

Երբ դատական գործը մտնի վերջնական փուլ, ինչպես փաստաբանն ասաց՝ պահանջելու են առավելագույն պատիժ, իսկ խոշտանգում հոդվածով 3-5 տարվա ազատազրկում է նախատեսված:

Հասմիկ Խաչատրյանը արդեն մի քանի ամիս է՝ «Կանանց աջակցման կենտրոնի» ապաստարանում է. թեեւ բռնարար ամուսնուց հեռու է, բայց դեռ վախը չի հաղթահարել, ամեն վայրկյան վտանգի է սպասում ամուսնու կողմից. «Սարսափում եմ, ինքն ինձ հանգիստ չի թողնի, ասել է՝ կսպանեմ քեզ ու մատաղ կանեմ: Մոր անունն ու փողերը մի քիչ կասկածի են տեղիք են տալիս, որ արդար դատ չի լինի, բայց հույսս չեմ կտրում՝ մարդկային խիղճն էլ կաշխատի: Ամեն ինչ իրենց փողերով ծածկել են, էլ ինչքա՞ն ծածկեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031