Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսի՝ Հասմիկ Խաչատրյանի գործով վճիռը:
ՄԻԵԴ-ը նշել է, որ այն ժամանակ գործող օրենսդրական դաշտը չի համապատասխանել պետության ստանձնած պարտավորությանը` ստեղծելու և արդյունավետորեն կիրառելու ընտանեկան բռնության բոլոր ձևերը պատժող և զոհերի համար բավարար երաշխիքներ ապահովող համակարգ: Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրություն ընդունվել է միայն 2017թ.-ին:
Դատարանն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրական սահմանափակումը խանգարել է Հասմիկ Խաչատրյանին փոխհատուցում ստանալ իր նախկին ամուսնուց՝ Սարգիս Հակոբյանից, իրեն պատճառված տառապանքների համար: Ինչը, ըստ ՄԻԵԴ-ի, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է: (Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի):
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դեպքի պահին Հայաստանի ներպետական օրենսդրությունը չի տարբերակել ընտանեկան համատեքստում տեղի ունեցող բռնությունը և ոչ ընտանեկան բռնություն հասկացությունը: Ընտանեկան բռնությունն առանձին հանցագործություն չի հանդիսացել, ոչ էլ հատուկ քրեականացվել է որպես հանցագործության ծանրացուցիչ տարր: Հետևաբար, որևէ տարբերակում չի դրվել ընտանեկան բռնության և անձի նկատմամբ բռնության այլ ձևերի միջև, և այն քննարկվել է անձի առողջությանը վնաս պատճառելու կամ հարակից այլ դրույթներով։
Կարդացեք նաև
Ըստ վճռի՝ քրեական դատավարության տարբեր փուլերում իշխանությունները մնացել են բացարձակապես պասիվ և չեն ձեռնարկել որևէ պաշտպանիչ միջոց դիմողի նկատմամբ բռնության հետագա դեպքերը կանխելու համար։
Ըստ այդմ՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի հանրապետությանը պարտավորեցրել է տուժող Հասմիկ Խաչատրյանին փոխհատուցել 24,000 եվրո՝ ոչ նյութական վնասի, իսկ 2000 եվրո՝ կատարված ծախսերի համար:
Հիշեցնենք, որ հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսը՝ Հասմիկ Խաչատրյանը, իր ամուսնու՝ Սարգիս Հակոբյանի կողմից 9 տարի շարունակ խոշտանգումների է ենթարկվել: Դատարանը մեղավոր է ճանաչել Հակոբյանին, սակայն դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































