Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերը եւ դրանց կառավարիչներն արդեն սկսել են աշխատանքը (տեսանյութ)

Հունվար 24,2014 17:09

1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված աշխատավոր մարդիկ, եթե մինչեւ փետրվար իրենք չընտրեն իրենց կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին եւ ֆոնդերը, նրանց փոխարեն մարտի սկզբից դա կարվի ավտոմատ: Այսօր Կենտրոնական բանկում կայացած ասուլիսում՝ նվիրված կենսաթոշակային պարտադիր կուտակային բարեփոխումներին, այդ մասին տեղեկացրին բանախոսները՝ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը եւ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:

Հունվարի 24-ի դրությամբ արդեն մի քանի հազար մարդ կատարել է իր ընտրությունը: Ընտրությունը կառավարիչների մեջ մեծ չէ, այս պահի դրությամբ Կենտրոնական բանկը լիցենզիաներ է տրամադրել երկու միջազգային ընկերությունների՝ «ԱՄՈՒՆԴԻ ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» եւ « ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ», որոնցից յուրաքանչյուրն ունի երեքական կուտակային ֆոնդ՝ կայուն եկամտային, պահպանողական եւ հավասարակշռված:

Ինչպե՞ս կատարել ընտրությունը: Այս հարցի պատասխանը ստանալու համար մարդիկ պետք է այցելեն www.epension.am կայքի «Իմ հաշիվը» էջը, կամ դիմեն հաշվի օպերատորներին:

Այսօր մենք ունենք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի հետ պայմանագիր կնքած հինգ հաշվի օպերատոր՝ «Հայփոստը», «Արարատբանկը», «Արդշինինվեստբանկը», «Հայբիզնեսբանկը», «ՎՏԲ-Հայաստան» բանկը: Եթե ապագա թոշակառուն դեռ չի կողմնորոշվել, թե որ կառավարչին կամ որ ֆոնդը ընտրի, ապա հաշվի օպերատորներից հետաքրքրվելը, թե ո՞ր կառավարչին ընտրի, անիմաստ է, որովհետեւ օպերատորներն իրավունք չունեն մասնակիցներին ուղղորդելու:

Մհեր Աբրահամյանն ասաց, որ առողջ մրցակցությանը չխանգարելու համար իրենք առայժմ չեն ասի, թե որ կառավարչի մոտ քանի ապագա կենսաթոշակառու է գրանցվել, սակայն մարտին արդեն տեղեկություններ կհրապարակեն, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է ընտրել համապատասխան ֆոնդը:

Հարցին, թե երեկ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ այդ կառավարիչներից մեկը գրանցված է օֆշորային գոտում, արդյոք դա ԿԲ-ին չի՞ անհանգստացնում, Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց, որ տեսել են այդ հրապարակումները, սակայն դրանք անհիմն են, քանի որ երկու կառավարիչներից մեկի հիմնադիրը գրանցված է Ֆրանսիայում, իսկ մյուս կառավարչի երկու հիմնադիրներից մեկը Ավստրիայում, մյուսը՝ Գերմանիայում: Հրապարակման մեջ խոսք է գնացել երկրորդ կառավարչի գրանցած ֆոնդերից մեկի մասին, եւ ոչ թե կառավարչի մասին: Իսկ այդ ֆոնդն էլ գրանցված է եղել Լյուքսեմբուրգում: Ըստ ԿԲ վարչության պետի՝ այստեղ Լյուքսեմբուրգը բառախաղի զոհ է դարձել. Քանի որ Ավստրիայում գրանցված ընկերությանը պատկանող ֆոնդը գրանցվել է Լյուքսեմբուրգում, ինքնըստինքյան դարձել է «օֆֆ շոր»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031