Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը բերեց անհատական հեղափոխության գաղափարը

Փետրվար 02,2014 17:49

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի տպավորությամբ «Շանթի տեսակը շատ է պակասում: Մոտիկից վերջերս եմ ճանաչել: Իր տեսակը , որակը որպես հայրենասերի, անչափ քիչ է: Խելառ հայրենասեր. էն հայրենասերն է, որն իսկապես պատրաստ է փայտով իր հայրենիքը պաշտպանել, ինքը դա ապացուցեց: Ամբողջ սրտով ուզում եմ ասել Շանթին` բազմապատկի քո տեսակը մեր երկրում, պինդ կաց»: Անահիտ Բախշյանը չկարողացավ շարունակել մեր զրույցը` արցունքները խանգարեցին:1616219_472696639498496_1189133928_n

Ազատության հրապարակում, որտեղ նշվեց անցյալ տարվա նոյեմբերից անազատության մեջ գտնվող, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ծննդյան օրը,  հավաքվել էին նրա ընկերները, նրա աջակիցները:
Հասարակական գործիչ Միքայել Հայրապետյանն ասաց, որ քաղաքական հակառակորդների խնդիրն էր այս փոքրիկ եւ գողտրիկ երկիրը նորից քաղբանտարկյալներով լցնելը: «Էական չէ, որ դուք հավաքվել եք այստեղ, Շանթ Հարությունյանի սկզբունքների դավանո՞ղն եք, թե՝ ոչ: Բայց մարդկային սկզբունքներին դավանող պետք է լինել, միշտ պետք է հայ մարդը լինի նեղյալի կողքին, երկրորդ՝ մեր երկիրը քաղբանտարկյալ` այսինքն,  քաղաքական հայացքների համար ազատազրկման դատապարտվածներ չունենա: Մենք այսպիսի Հայաստան չէ, որ երազել ենք»,-ասաց Մ.Հայրապետյանը:1779589_472674412834052_998974270_n
Նա մեր ժողովրդի ամենապայծառ անհատականություն համարեց Շանթ Հարությունյանին, ասելով, որ նրա արած գյուտի մասին դեռ խոսելու է աշխարհը. «Վերջին տասնամյակում երկու այսպիսի մեծ գյուտեր եղան. մեկը գունավոր հեղափոխությունները, եւ մյուսը` անառաջնորդ հեղափոխությունները: Շանթ Հարությունյանը բերեց երրորդը` անհատական հեղափոխության գաղափարը: Հիշու՞մ եք իր կարգախոսը՝ գլխավերեւում կպցրած՝ ես սկսում եմ հեղափոխություն: Ասաց` ես եմ սկսում: Այսինքն, այդ հեղափոխությունը յուրաքանչյուրիս բանականության ու հոգու մեջ պիտի լինի: Պատրաստ լինենք այս անհատական հեղափոխության»:

ԱԻՄ առաջնորդ, ԱՄԿ հիմնադիր անդամ, քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանն ասաց.«Նրանք, ովքեր գտնում են, թե այսպիսի դրսեւորումների համար աշխարհի բոլոր երկրներում կալանավորում են, սխալ են, բայց բոլորն էլ պիտի ընդունեն, որ որեւէ ինքնիշխանություն պետք է բավարարվեր տուգանքով կամ որեւէ այլ վարչական թեթեւ պատասխանատվությամբ: Բայց ծանր հոդված դնել, այդպիսի, կրկնում եմ, անընդունելի դրսեւորում է ինձ համար: Դա համարժեք չէ: Սա Շանթի խնդիր չէ, բոլորիս խնդիրն է. Հայաստանի բանտում քաղբանտարկյալ չպիտի լինի: Ով կարող է, պիտի հորդորի, ով կարող է, բողոքի ցույց պիտի անի, որպեսզի այս գործը եւ այս տեսակի գործերը, ընդգրկում չունենա: Ինչ վերաբերում է քաղկալանավոր հասկացությանը, ընդհանրապես որեւէ պետության համար ամոթ է, որ ունենա քաղկալանավոր, մեր իշխանությունները հասկանալով, որ կալանավորման հիմքում կա հասարակական կարգի խախտում, դրանով հանդերձ չպիտի անտեսեն գործի կարեւորագույն կողմը. քաղաքացու բողոքը տիրող անարդարությունների դեմ, Հայաստանի վարկի համար, եթե ոչ իրենց»:
Պարույր Հայրիկյանը մաղթեց բոլորին ապրել մի երկրում, որտեղ քաղկալանավորներ չեն լինի:

ԱՄԿ հիմնադիր, կոմունիստների կողմից գնդակահարված Ստեփան Զատիկյանի որդին` Վրեժ Զատիկյանը Շանթի ուղարկած հորդորը հրապարակեց, ասելով, որ Հայաստանին եւ հայ ժողովրդին անհրաժեշտ է հեղափոխություն:1616572_472673956167431_145484315_n Եվ հեղափոխությունն անհրաժեշտ է ոչ թե երկրում իշխանություն իրականացնելու, որքան քաղաքակրթական մտածողության փոփոխությունների համար. «Վախկոտ ժողովուրդները միշտ էլ պատճառաբանություններ կգտնեն իրենց վախը քողարկելու, իրական հեղափոխականներին վարկաբեկելու համար: Պատմությունը ցույց է տվել, որ նման ժողովուրդները երբեք չեն արժանանում ազատության»:

Զրուցակիցս` խորհրդային քաղբանտարկյալ, «Յոթ հայրենասերներ» անլեգալ կազմակերպության անդամ, հրապարակագիր Մերուժանն ասաց. «Ճանաչել եմ Շանթ Հարությունյանի պապին, հորը` Շահենին:
Շանթն ազնվագույն մարդ է, իր առաքելությամբ, իր ներքին էությամբ եւ ընդվզումով: Այսօրվա Շանթի վիճակը մեզ հիշեցնում է այն մաքառող տեսակը, որի մեծագույն ժառանգը եղել է Նժդեհը: Հետնժդեհյան ժամանակներում այս մաքառումը եզակի է եւ կմնա հայոց պատմության մեջ որպես խենթ, իմաստուն եւ համարձակ»:

Զրուցակիցս` նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց. «Ես եկել եմ ոչ թե Շանթի ծննդյան օրվա համար, եթե Շանթը տանը լիներ, կզանգեի, կշնորհավորեի,  չէի գա հրապարակ: Ես եկել եմ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում նորից բանտերում կան քաղբանտարկյալներ, այդ քաղբանտարկյալների պաշտպանության համար եմ եկել: Ցավալի է, որ տարիներ շարունակ մեր բանտերը միշտ քաղբանտարկյալներ են ունենում, եւ այս ակցիան պիտի ծառայի նրան, որ բանտերը մոտ ապագայում մաքրվեն քաղբանտարկյալներից, եւ երբեւէ հայաստանյան բանտերի մասին խոսելիս քաղբանտարկյալ տերմինը չօգտագործվի»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի՛ խմբագրություն, շնորհակալություն «Շանթ Հարությունյանը բերեց անհատական հեղափոխության գաղափարը» պարկեշտ հրապարակման համար: Հավանաբար ձայնագրիչից լսելու թյուրընկալման պատճառով իմ խոսքից արված մեջբերման մեջ ՆԵՂՅԱԼ բառի փոխարեն սպրդել է ՄԵՌՅԱԼ բառը, որն ամբողջությամբ փոխում է մտքի իմաստը: Ցավոք, իմ խոսքից մեջբերման մեջ եւս մեկ վրիպակ կա. ոչ թե ԱՌԱՋՆՈՐԴ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ (ինչը ինքնին անհեթեթ արտահայտություն կլիներ), այլ ԱՆԱՌԱՋՆՈՐԴ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, որին վերջին տարիներին ականատես եղանք մասնավորապես արաբական աշխարհում: Եթե հնարավոր է, խնդրում եմ՝ շտկել այս վրիպակները:
    Կանխավ շնորհակալությամբ՝ Միքայէլ Հայրապետեան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728