Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Լիպարիտյան. «Ի՞նչ իշխանափոխության մասին է խոսքը, եթե Սերժ Սարգսյանի փոխարեն Քոչարյանն է գալիս կրկին ». «Իրատես de facto»

Փետրվար 07,2014 12:16

Հատված 1994-1997 թվականներին ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցից:

Քոչարյանվարչապետ փոխհրաձգություններն ի՞նչ էին նշանակում, ըստ Ձեզ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Քոչարյանը որոշել ակտիվանալ, վերադարձի հա՞յտ է ներկայացնում։

– Բավական հստակ է, որ նա, համենայն դեպս, ուզում է ներկայություն ունենալ որոշ հարցերում։ Չգիտեմ՝ տնտեսական ոլորտների բաշխումը ինչպես է, սակայն հստակ է, որ որոշել է մի տեղ ունենալ քաղաքական դաշտում։ Բայց դրանք փողոցային կռիվներ են, և մասամբ ճիշտ են նրանք, ովքեր ասում են, որ այդ կռիվները պետականության հետ կապ չունեն։ Այդ կռիվները կապ ունեն այն հարցի հետ, թե ով մաքուր դուրս կգա և ով մակերեսի վրա կհայտնվի, երբ գիտենք, որ որևէ մեկը մաքուր դուրս չի գա, քանի որ մաքուր չեն։ Սակայն մեր պայմաններում նույնիսկ նման ճղճիմ թվացող փոխհրաձգությունը հնարավոր է, որ ներկայացնում է ավելի մեծ կռիվ։ Համենայն դեպս, նման դեպքերն ունեն լուրջ հետևանքներ պետության ու ժողովրդի ապագայի համար։

Կան խոսակցություններ, թե իբր ՀԱԿը հավանություն է տալիս Քոչարյանի վերադարձին։ Նախկինում էլ խոսվում էր, թե ՀԱԿը համագործակցում է ԲՀԿի հետ, իսկ ԲՀԿի հետևում Քոչարյանն է։ ՀԱԿից Լևոն Զուրաբյանը ժամանակին ասել էր, թե, ի տարբերություն Սարգսյանի, Քոչարյանը հավասարակշիռ արտաքին քաղաքականություն է վարել։ Կարծում եք՝ կապ կա՞ Քոչարյանի աշխուժացման և ՀԱԿի մարտավարության կամ ծրագրերի միջև։ Հավանական համարո՞ւմ եք։

– Տեղյակ չեմ, թե արդյոք ՀԱԿ-ի և Քոչարյանի միջև կապ կա կամ ոչ։ Երևույթները ցույց են տալիս, որ Քոչարյանը կապ ուներ ԲՀԿ-ի ծննդյան ու գոյության հետ, միևնույն ժամանակ ՀԱԿ-ը կապ ունի ԲՀԿ-ի հետ։

Հիշում եմ՝ Տեր-Պետրոսյանը, ժամանակին բացատրելով ՀԱԿ-ի էությունը, խոսում էր բուրժուա-դեմոկրատական հեղափոխության մասին։ Հստակ էր նաև, որ այդ օլիգարխներին նկատի ուներ՝ բուրժուազիայի մասին խոսելով։ Ուրեմն՝ իր մտածելակերպի մեջ այդ օլիգարխների՝ ընդդիմության կողմն անցնելու տակտիկան պատմության տրամաբանությունն էր։ Դա կարող էր ճիշտ լինել, սակայն, փաստորեն, դուրս է գալիս, որ մեր օլիգարխները դասական բուրժուազիա չեն։ Այդ է պատճառը, որ նրանց վերաբերմունքը այն չէ, ինչ ասենք՝ ժողովրդի կողմը անցած ֆրանսիական բուրժուազիայինն էր իրենց հեղափոխության ժամանակ։

Մյուս կողմից՝ գուցե կարող են լինել ժամանակավոր կամ տակտիկական համաձայնություններ այս իշխանությունը փոխելու համար։ Չգիտեմ, նույնիսկ եթե կան այդպիսիք, ինչ հաշվարկների վրա են հիմնված։

Սակայն կուզենայի երկու խոսքով անդրադառնալ Քոչարյանի արտաքին քաղաքականությանը։ Իմ կարծիքով՝ Քոչարյանը արտաքին քաղաքականություն չի ունեցել։ Նա 10 տարի ժամանակ է վատնել՝ չառաջարկելով ոչինչ, չլուծելով ոչ մի հարց, դժվարացնելով հարցերի լուծումն ու տապալելով այն, ինչ կարող էր իր հանգիստը խանգարել։ Մենք այդքան դժվարության մե՞ջ ենք, որ մի լավ բան ենք փնտրում Քոչարյանի և Սարգսյանի արտաքին քաղաքականությունների համեմատության մեջ։

Իսկ իշխանափոխության կարելի՞ է հասնել Քոչարյանի միջոցով։ Որքա՞ն եք հնարավոր համարում նրա վերադարձը։

– Բավական դժվար է, որովհետև անկախ նրանից, թե այսօրվա քաղաքական գործիչներն ինչ կասեն, ժողովուրդն իր դատողությունն ունի, և չեմ կարծում, թե այդ վերադարձը նորմալ պայմաններում հնարավոր է։ Իմ կարծիքով՝ Քոչարյանի 10 տարիները մեզ համար կորսված, նույնիսկ վնասակար տարիներ էին և պետականության կառուցման տեսակետից, և տնտեսության։ Տակավին կան հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը ու միջանկյալ այլ պարագաներ, որոնք ժողովրդի մտքի մեջ հստակ ու ժխտական պատկերացում են թողել այդ քաղաքական դեմքի մասին։ Իսկ ի՞նչ իշխանափոխության մասին է խոսքը, եթե Սերժ Սարգսյանի փոխարեն Քոչարյանն է գալիս կրկին։

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728