Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական տեքստի առանձնահատկությունը

Հունիս 28,2023 10:00

«Դա ոչ մի տեղ գրված չէր, բայց համատեքստից կարելի է նման եզրակացություն անել»: Այսպես էր երեկ վարչապետ Փաշինյանը մեկնաբանում, այսպես կոչված,  «Լավրովի պլանի» դետալներից մեկը: Այնքան էլ կարեւոր չէ, թե կոնկրետ որ դետալի մասին է խոսքը, եւ արդյոք մեկնաբանությունը ճիշտ է: Սխալն այստեղ մեթոդաբանական է: Այդ ոճով կարող եմ գրել ես իմ վերլուծության մեջ, կարող էր գրել նույն Փաշինյանը, եթե լրագրող լիներ: Քաղաքական, առավել եւս՝ պետական գործիչը, պետության ղեկավարը պետք է հիմնվի զուտ պաշտոնապես արձանագրված փաստերի վրա: Օրինակ, նա ԱԺ քննիչ հանձնաժողովին տրվող «բաց ցուցմունքներում» չի կարող հիմնվել անկախ փորձագետ Ժիրայր Լիպարիտյանի՝ վերջերս տված հարցազրույցի վրա, որքան էլ այդ փորձագետի կարծիքը հեղինակավոր լինի: Քաղաքական լուրջ տեքստի համար, կարծում եմ, պետք է հիմք ծառայեն միայն հրապարակված փաստաթղթերը եւ պատասխանատու պաշտոնատար անձանց ելույթները:

«Լավրովի պլանի» համար այս պարագայում պետք է սկզբնաղբյուր հանդիսանա, մասնավորապես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ առումով առաջարկում եմ ծանոթանալ «Ազատություն» ռադիոկայանի վերջերս արած վերլուծությանը: Այս հրապարակումից, կարծում եմ, պետք է պարզ դառնա, որ եթե «Լավրովի պլանն» ընդունվեր, մենք չէինք ունենա այն վիճակը, որն այսօր ունենք: Արցախի կարգավիճակն, այո, հետաձգվելու էր, բայց հայերի վերահսկողության տակ կլինեին ԼՂԻՄ նախկին մարզն ամբողջությամբ, ինչպես նաեւ Քարվաճառի ու Լաչինի շրջանները: Այդ հնարավորությունը կար նաեւ 2019 թվականին: Բայց եթե անգամ «Լավրովի պլանը» նախատեսեր «ներկա ճարտարապետությունը», ապա տարբերությունը կրկին հսկայական է. նախ՝ հազարավոր զոհեր չէինք ունենա, երկրորդ՝ բանակցված արդյունքը հարյուր անգամ գերադասելի է, քան պարտության հետեւանքով քեզ պարտադրվող պայմանները:

Չեմ անդրադառնա վարչապետի մնացած ասածներին, որոնք նույնպես այդ, այսպես ասենք, հրապարակախոսական ոճի մեջ էին: Փոխարենը կառաջարկեմ եւս մի նյութ դիտել՝ որպես քաղաքական տեքստի նմուշ՝ իմ հարցազրույցը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանի հետ (Ավետիսը շատ հազվադեպ է հարցազրույցներ տալիս, եւ ընթերցողների լայն շրջանակներին նա, որպես հանրային դեմք, գուցե ծանոթ չէ): Այդ նյութը, իմ կարծիքով, քաղաքական տեքստի օրինակ է: Տեսանյութը դրված է այդ հոդվածի վերջում:

Հարցազրույցը տեսագրվել է 2017 թվականի մարտի 3-ին՝ խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ժամանակ: «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի քարոզչության հիմքն էր՝ համոզել հասարակությանը, որ պետք է ընդունել խաղաղ կարգավորման եղած պլանը: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, թե ինչպիսի՝ մաթեմատիկորեն հաշվարկված փաստարկներով է դա անում իմ զրուցակիցը։ Կարեւորը նաեւ ոչ միայն բուն փաստարկներն են, այլեւ դրանց մատուցման մշակույթը:

Հիշեցնեմ, այդ ընտրությունների արդյունքով խորհրդարան անցան ՀՀԿ-ն՝ 49,15 %, ԲՀԿ-ն՝ 27,35 %, «Ելք» դաշինքը՝ 7,78 %, ՀՅԴ-ն 6,58 %: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ստացավ ընդամենը 1,65 %:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ. Շ. says:

    Կարելի չէ համաձայն չլինել, որ «Լավրովի պլան»ը անհամեմատօրէն աւելի լաւ էր, վստահաբար նախընտրելի էր, քան թէ այն անասելի Աղէտը որ տեղի ունեցաւ, եւ որ տակաւին չէ վերջացած:

    Սակայն ո՞րքանով հաստատ, ստոյգ բան է, որ՝ թուրքերը պիտի ընդունէին «Լավրովի պլան»ը: Կամ որեւէ այլ, առանց զէնքի լուծման տարբերակ:

    Ամենայն հաւանականութեամբ, առաջին պատերազմէն մի քանի տարիներ անցնելէն ետք, ոչ՝ այդ պլանը, ոչ էլ խնդրին որեւէ վերջնական, խաղաղ յանգում, թուրքերը պիտի չընդունէին երբեք:

    • Հ. Շ. says:

      Իսկ «Քի Ուէսթ»ի – արդէն ուշացած – համաձայնագրի՝ թրքական մերժումէն սկսեալ, բանակցութիւնները՝ ձեւակերպութիւն էին: Թուրքերը պարզապէս սպասում էին պատեհ առիթին, որպէսզի յարձակին: Եւ այդ պատեհ առիթը՝ 2018ի «Երեւանի Գարունն» էր, յաջորդող տարիների դրա այլազան հետեւանքներով:

      Արցախի խնդիրը կրնար վերջնականապէս լուծուիլ միայն, մեր յաղթական զինադադարէն անմիջապէս ետք: Կամ էլ թերեւս, յաջորդող 2-3 տարիների ընթացքին:

      Ինչպէս որ այժմ թուրքերը կը ջանան կատարել:

      Մ. Հայդուկ Շամլեան

  2. Լավատես says:

    Սովետը ամերիկաների ու եւրոպաների հետ առաջին լիգայի խաղացող էր, բարձր լիգայում ինչպես միշտ համաշխարհային բանկային համակարգն է միանձնյա, որը բոլոր հարուստ թե աղքատ երկրներին ստիպում է ունենալ պարտքեր եւ դրանով բոլորին դնում իրենից կախվածության տակ, իսկ եթե որեւէ երկիր համարձակվում է փակել իր պարտքերը, նրան պերեստրոյկայի ժամանակների ռումինական ղեկավարության օրն են գցում: Այսօրվա ամենահարուստ ու զարգացած պետություններն էլ են պարտքերի մեջ լողում: Եւ բոլորն անխտիր բանկային համակարգի վասալն են: Այսօր այդ համակարգը իր վասալներին ստիպում է ոչ միայն պարտքերի մեջ լողալ, այլեւ որոշել է իր պետական բարձրաստիճան մանկլավիկներով ինքնավարկաբեկման ճանապարհով վերացնել ամեն ազգայինը՝ այդ թվում նաեւ պետությունները: Սա պարազիտական համակարգ է, որն ազգերի ու պետությունների միջեւ կռիվներ է գցում, անխելքներին նշանակում խելոքների գլխին ղեկավար, թույլերին նշանակում ուժեղների ղեկավար եւ նման բաներ: Սա ոչ լավ է եւ ոչ էլ վատ, պարազիտն էլ է բնության ստեղծածը եւ ցանկացած կենդանի էակ իր պարազիտներն ունի, բայց կան նաեւ օգտակար պարազիտներ, որոնց հետ կենդանի էակները սիմբիոզ համագործակցության մեջ են, որն էլ կոչվում է փոխշահավետ ռազմավարական համագործակցություն: Փողային հարաբերությունները՝ դա անվստահության արդյունքն է, ազնվականների միջեւ ազնվականի խոսքը վեր է ցանկացած փողից եւ երբ մեր ազգի մեջ, մեր պետությունների մեջ վերանա փողի՝ անվստահության շրջապտույտը եւ գործի Խոսքի շրջապտույտը, որը միանշանակ նույնահավասար է Գործի, այդ ժամանակ մեզ կփորձեն ճնշել փողին կակա ասող ոչազնվականներով, սա էլ է բնական եւ միայն հաղթահարելով վատ պարազիտներին եւ նրանց ստիպելով դառնալ լավ սիմբիոզ պարազիտ՝ ռազմավարական դաշնակից եւ նրանց հետ առանց որեւէ փողային հարաբերությունների փոխշահավետ գործել:
    Ամենաթանկ ամենալիկվիդային փողը՝ դա ժամանակն է, իրար հետ համագործակցել՝ նշանակում է ներդնել սեփական ժամանակը ընդհանուր Խոսքի՝ նույնն է Գործի մեջ:

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Խնդրում եմ ուշադրություն դարձնել, թե ինչպես է մեծարգո զրուցակիցը մաթեմատիկորեն հաշվարկված տրյուկներով եւ քվանտային աֆին խմբի համաչափությամբ կրկնում Նիկոլի բոլոր քարոզչական թեզերը՝ թե բա Արցախը դուրս է թողնվել բանակցային գործընթացից, «նախկիններն» են մեղավոր, միջազգային հանրությունը էն գլխից դեմ է մեզ (դե հողերը պիտի տանք, էլի, որ լավ լինի), պետք է դրսեւորել «շրջահայեցություն» եւ «ողջախոհություն», ամեն գնով ձգտել «խաղաղության» մեր կառուցողական հարեւանների հետ…

    Ապշել միայն կարելի է, թե ինչպես է լեւոնանիկոլիզմի ախտով վարակված երեք հազար տարեկան ազգը ինքնասպանություն գործում՝ օնլայն ռեժիմով, հպարտորեն ու աննախադեպ մազոխիստական հաճույքով…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930