Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՄ-ին մեր անդամակցելու հանգամանքը որևէ կերպ չի կարող ազդեցության ունենալ Եվրոպայի հետ մեր հանձնառություններն իրականացնելու ճանապարհին․ Արտակ Զաքարյան

Փետրվար 11,2014 18:44

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը Եվրանեսթ ԽՎ քաղաքական հարաբերությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպառլամենտի մեր գործընկերներին մեր հանդիպումը պատշաճ կերպով կազմակերպելու և կառուցողական աշխատանքային մթնոլորտի ապահովման համար: Ողջունում եմ ներկայացված զեկույցի նախագծի հեղինակներին` պարոն Դոլիձեին և պարոն Պրոտասևիչին  հետաքրքիր ու օգտակար զեկույցի նախագիծ պատրաստելու համար:

Գործընկերային խորը և ընդլայնված հարաբերությունները ԵՄ-ի և Արևելյան գործընկերության անդամ-պետությունների հետ եղել և մնում են ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր վեկտորներից մեկը:  Եվրոպական երկրների հետ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության և մշակութային կապերի ամրապնդումը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների շարքում: Նոյեմբերի 29-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի շրջանակներում երկուստեք վերահաստատվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը: Այդ կապակցությամբ ընդունվել է Հայաստան – Եվրոպական Միություն համատեղ հայտարարությունը, և ՀՀ ԱԳ նախարարի ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի միջև նամակներ են փոխանակվել, որոնք ուրվագծում են ապագային միտված Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության օրակարգը։

Հայաստանի և Եվրոպական Միության ակտիվ համագործակցությունը, այսուհետ ևս ուղղված է լինելու ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը:

Անդրադառնալով Հայաստանի սուվերեն որոշմանը անդամագրվելու Մաքսային միությանը, նշեմ, որ քաղաքական այս որոշումն ավելի շատ պայմանավորվում են ազգային պետական մի շարք կենսական նշանակություն ունեցող շահերով:

Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը և մենք միշտ այս մասին բաց ու անկեղծ խոսել ենք Եվրոնեսթի ԽՎ բոլոր հանդիպումների ժամանակ տեղի ունեցած քննարկումներում: Իսկ Մաքսային միությանը մեր անդամակցելու հանգամանքը որևէ կերպ չի կարող ազդեցության ունենալ Եվրոպայի հետ մեր հանձնառություններն իրականացնելու ճանապարհին:

Մենք դեմ ենք բաժանարար գծերի քաղաքականությանը, ուստի գտնում ենք, որ Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա` տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ Օվկիանոս: Մենք շարունակում ենք հանձնառու լինել Արևելյան գործընկերության շրջանակում մեր պարտավորություններին:

Հավատում ենք, որ 2014 թվականը կնախանշի Արևելյան գործընկերության նոր փուլի սկիզբ՝ ավելի արդյունավետ քաղաքական գործընկերության զարգացմամբ:

Շնորհակալություն, ուշադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728