Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է մնալու ոչ իշխանական չորս ուժերին, կամ, եթե հանկարծ ԲՀԿ-ն առանձին «քաղաքական առեւտուր սկսի». «Հայոց աշխարհ»

Փետրվար 14,2014 12:26

Ազգային ժողովում ուժերի հարաբերակցությունը կարծես թե վերջին մի քանի օրվա ընթացքում (մեղմ ասած) չի փոխվել: ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը ակնհայտ մեծամասնություն են: Այսինքն՝ եթե անգամ ոչ իշխանական 4 ուժերը վերջիվերջո հանգեն ինչ-որ համաձայնության ու միասնական նախագիծ ներկայացնեն, եթե խորհրդարանում քննարկումներ ծավալվեն կառավարությանն անվստահություն հայտնելու ենթադրյալ այդ նախագծի վերաբերյալ, եթե անգամ այնպես ստացվի, որ պատգամավորները քվեարկությամբ կառավարությանն անվստահություն հայտնեն, իսկ Տիգրան Սարգսյանն էլ հրաժարական տա… Ըստ որում՝ այդքան «եթե»-ներով գործընթացն արդեն իսկ կասկածահարույց է հաջողություն ակնկալելու առումով:

Եվ ի՞նչ: Իսկ ոչինչ: Խորհրդարանական մեծամասնությունը ձեռնամուխ է լինելու նոր կառավարություն ձեւավորելուն, առաջադրելու է վարչապետի թեկնածու: Հնարավոր է, որ ոչ իշխանականներն էլ վարչապետի իրենց թեկնածուն առաջադրեն, բայց փոքրամասնություն լինելով՝ նա, իհարկե, չի անցնի, մյուս կողմից՝ նրանք կարծես թեկնածու էլ չունեն կամ նախապես չեն անվանում: Ամեն դեպքում:

Ի՞նչ է մնալու ոչ իշխանական չորս ուժերին, կամ, եթե հանկարծ ԲՀԿ-ն առանձին «քաղաքական առեւտուր սկսի» (եթե նրա հետ «առեւտուր անող» լինի), ապա՝ ընդդիմադիր եռյակին: Ոչինչ: Ընդամենը հնչեղ հայտարարությունների, գնահատականների, մեղադրանքների, երկրի կործանման ու ժողովրդի փորձանքի թեմայով մտավարժանքների հերթական չափաբաժինը:

Լավ, այդ շատ տեսական հավանականությունները դիտարկելուց հետո ընդամենը «կես քայլ» հետ գնանք: Ենթադրենք, որ քառյակը հանգել է համաձայնության, ու վարչապետ Տ.Սարգսյանի եւ կառավարության անվստահության հարցը մտել է խորհրդարանի օրակարգ: Վերը ակնարկված հայտարարությունների, գնահատականների հորձանքին հաջորդելու են հակադարձ հայտարարություններ, գնահատականներ, պատասխաններ, ի վերջո, հարցը դրվելու է քվեարկության: Եվ մեծամասնությունը քվեարկելու է ոչ իշխանականների առաջարկած նախագծի դեմ։ Ու այն չի անցնելու: Վերջ:

Քաղաքական առումով ստացվելու է, որ ոչ իշխանականների նախաձեռնությունը շրջվեց գլխիվայր: Ըստ այդմ, կառավարությանը եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելով, ընդդիմադիր կուսակցություններն ու այլընտրանքը «հասնելու» են այն բանին, որ Տիգրան Սարգսյանի կաբինետը լրացուցիչ վստահություն է ստանալու:

Հակառակ էֆեկտ մի իրավիճակում, ի դեպ, երբ հասարակության մի որոշակի մասն օբյեկտիվորեն դժգոհություններ ունի առկա սոցիալ-տնտեսական վիճակից:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728