Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավայրի հոգեբանը ծածկամիտ է համարում եւ մերժում է Հոմերոսին

Փետրվար 14,2014 15:45

Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում 3 տարի է, ինչ իր պատիժն է կրում 54-ամյա կալանավոր Հոմերոս Նազարյանը:

Նրան երեք անգամ ներկայացրել են վաղակետ ազատման վարչական հանձնաժողովին եւ երեք անգամ էլ մերժվել է:

Վերջերս մահացել էր դատապարտյալի հայրը, նրան թույլատրել էին, որպեսզի մասնակցի հուղարկավորությանը:

Դատապարտյալը նամակ է ուղարկել հանրապետության նախագահին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, եւ նամակում նշել էր, որ հուղարկավորությունից հետո իր կողքին պետք է լիներ քրեակատարողական հիմնարկի հոգեբանը, սակայն նա վշտի մեջ անգամ իրեն չի ցավակցել:

Ավելին, նույն հոգեբանը բնութագիր էր տվել վաղակետ պայմանականի համար: Կալանավորը խմբագրությանն է ուղարկել երեք բնութագրերը, որոնք նույն ձեւակերպումներով են, առանց ստորակետն ու կետադրությունը փոխելու, միայն ամսաթվերն են տարբեր:

Հոգեբանը դատապարտյալի համար գրել էր. «Չի մասնակցում հիմնարկում իրականացվող միջոցառումներին», «Բնավորությամբ ծածկամիտ է, խորամանկ , չշփվող», «Կարգապահությունը՝ խախտում ցույց չի տվել, չի խրախուսվել», «Եզրակացություն դատապարտյալի ուղղման աստիճանի վերաբերյալ. Հ. Նազարյանի ուղղման գործընթացի ծրագրի արդյունքները միջին են, ռիսկայնությունը՝ միջին, բնութագրվում է բացասական, ուղղվելու համար պատժի մնացած մասը կրելու կարիք ունի»:

Հոմերոս Նազարյանը, այս բնութագրին հակառակ, հայտնում է, որ մասնակցել է միակ միջոցառմանը՝ շախմատի մրցաշարի, «ազարտնի խաղեր» չի խաղում, թմրամոլ չի:

Կալանավորը երգիծական գրչով ներկայացնում է իր եւ հոգեբանի երկխոսությունը.

Հոգեբան.-Նազարյան, ինչու ես եկել:

-Եկել եմ իմանամ, թե ինչու ես բնութագիրս բացասական գրել:

Հոգեբան.-Չես մասնակցում հիմնարկում իրականացվող միջոցառումներին:

-Մի միջոցառում է եղել՝ շախմատ, մասնակցել եմ:

Հոգեբան.-Բա, որ ասում եմ՝ չես ուղղվել, փոխարեն ղումար խաղաս, շախմատ ես խաղում, բա ամոթ չի՞:

«Ջոկատի պետը, որը նաեւ սոցիալ-հոգեբան է, առավոտյան գալիս է աշխատանքի, մինչ ժ.11-ը գտնվում է իր գրասենյակում, եթե դատապարտյալները դիմումներ են ունենում, բոլորին անխտիր մերժում է:

Այդ ժամանակ հավաքվում է նաեւ հանձնուքի եւ տեսակցությանը վերաբերող դիմումները:

Ժ.11-ից հետո կալանավորը չի կարողանում հանձնուքի եւ տեսակցությունների դիմումները հանձնել նրան, ստիպված ես այլ ջոկատի պետի գտնել, որ հանձնի նրան: Հոգեբանն իմ նկատմամբ թշնամությամբ է տրամադրված, քանի որ ես լավ գիտեմ օրենքները, իմ կողքին գտնվող դատապարտյալների իրավունքները, եւ փորձում եմ պաշտպանել դրանք»,-գրում է դատապարտյալը:

Դատապարտյալի կարծիքով, իր թշնամին օրենքների լավ իմացությունն է:

Դատապարտյալն ասում է, որ հոգեբանը բացի այն, որ չի հանդիպում դատապարտյալների հետ, անգամ գրելու համար թուղթ չի տրամադրում նրանց:

Նա ուզում է, որ իր նամակը հասանելի լինի արդարադատության նախարարին, որպեսզի նախարարը ճիշտ պատկերացում կազմի դատապարտյալների կյանքի մասին:

«Նույնիսկ եթե կալանավորը բաց կալանքի դիմում է գրում, ապա հոգեբանը այն չի վերցնում, պատճառաբանելով, թե մինչ քո համար վարչությունից չասեն, չի կարող վերցնել: Սա ինչ է, կոռուպցիա չէ՞»,-հարցնում է դատապարտյալը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728