Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ եւ ԵԿՄ համագումարների քաղաքական ենթատեքստը

Փետրվար 18,2014 14:40

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են քաղաքագետներ Էդգար Վարդանյանն ու Գեղամ Նազարյանը

Արամ Աբրահամյան.– Երկու համագումարները` ԵԿՄ-ի եւ ԲՀԿ-ի, տեղի են ունեցել նույն օրը, դրա մեջ ինչ-որ քաղաքական ենթատեքստ կա՞, թե՞ պարզ զուգադիպություն է:

Էդգար Վարդանյան.– Մենք պետք է տեղեկատվություն ունենանք առ այն, թե այդ երկու միջոցառումները ե՞րբ են ծրագրավորվել, եւ միայն դրանից հետո կարող ենք ասել՝ այստեղ զուգադիպությո՞ւն է, թե՞ ինչ, քանի որ այդպիսի տեղեկատվություն անձամբ ես չունեմ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանի քաղաքական իրավիճակը, ընդհանուր առմամբ քաղաքական մշակույթը` չենք կարող բացառել, որ կարող է այստեղ որոշակի քաղաքականություն լինել:

Ա. Ա.– Մեկը տեղի ունեցավ շատ պաշտոնական մթնոլորտում՝ Մարզահամերգային համալիրում, մյուսը` ոչ պաշտոնական, առանց լրագրողների, առանց հրավիրյալների, դրա մեջ ի՞նչ-որ ուղերձ կա, թե՞ ոչ:

Գեղամ Նազարյան.- Կարծում եմ՝ առաջին դեպքում հերթական անգամ, այսպես ասած, սոցիալիստական պետության ազդեցությունն էր` այնպես անել, որ շատ մեծամասշտաբ լինի, տպավորիչ լինի, «գիգանտ» լինի, շատ մարդ լինի, երկրորդի դեպքում` ցանկություն կար, կարծում եմ, ընդգծելու ոչ թե ցուցադրական, այլ զուտ աշխատանքային, դա գործնական աշխատանք ունեցող մարդկանց համագումար էր:

Ա. Ա.– Իսկ որ նույն օ՞րն էր:

Գ. Ն.- Կարող է պատահականություն լինել, բայց ամեն դեպքում հետաքրքիր էր, քանի որ ժողովուրդը ավելի լավ զգաց՝ այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, եւ այն, ինչ ասում է Գագիկ Ծառուկյանը, դրանց ակնհայտ տարբերությունները:

Ա. Ա.– Ինչի՞ մասին ուղիղ տեքստով չի խոսվել համագումարներում` Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին, արդյոք ծրագրային այդպիսի ելույթում պետք չէ՞ր անդրադառնալ այդ երեւույթին, եւ արդյոք դա կարեւոր իրադարձություն չէ՞ր, գուցե՝ կուտակային կենսաթոշակը իսկապես ավելի՞ կարեւոր է:

Է. Վ.- Ոչ, իրականում շատ կարեւոր իրադարձություն է Մաքսային միության հետ կապված այդ ամբողջ գործընթացները, եւ չի խոսվել այն պատճառով, որ կա շատ անորոշություն, նաեւ կա բավականին նեգատիվ վերաբերմունք հասարակության տարբեր շերտերի կողմից, բացի այդ՝ քաղաքական էլիտայի որոշ շրջանակների կողմից շատ խիստ քննադատվում է այս ամենը: Եվ քանի որ անորոշ է վիճակը, ամեն ինչ չէ, որ այսօր կարող են կողմերը ասել, դրա համար մի փոքր ավելի զգուշավոր են մոտենում այս հարցի վերաբերյալ իրենց խոսքերում, ելույթներում եւ իսկապես ուղղակիորեն դրա մասին չեն խոսում, բայց անուղղակիորեն թեման շոշափվել է:

Ա. Ա.– Եթե անուղղակի խոսել են, ապա ի՞նչ են խոսում Մաքսային միության մասին:

Գ. Ն.– Սերժ Սարգսյանը իր ելույթում կամ գոնե հարցուպատասխանի ժամանակ անպայման պետք է տար հասարակությանը հուզող շատ հարցերի պատասխան՝ Մաքսային միության հետ կապված: Բայց իրականում խնդիրն այն է, որ իշխանությունները ոչ մի կերպ չեն բացում փակագծերը, ոչ մի կերպ չեն ցանկանում ավելին մեկնաբանել, հաճախ նախարարները մեկը մյուսին հակասող հայտարարություններ են անում նույն Մաքսային միության հետ կապված: Նույն Սերժ Սարգսյանի խոսքում այսպես մի ակնարկ եղավ. «անկախ նրանից՝ կմտնենք Մաքսային միություն, թե ոչ». դա էլ ինչ-որ թեական պահ առաջացրեց:

Է. Վ.– Ըստ Սերժ Սարգսյանի ելույթի` կարող ենք եզրակացնել, որ իշխանությունները հաստատակամ են դեպի Մաքսային միություն գնալու ճանապարհի մեջ եւ միայն օգուտներ են տեսնում կամ առնվազն ցանկանում են հասարակությանը ցույց տալ, որ դա աներկբա օգտակար մի գործընթաց է, եւ միայն չարամիտները կամ նրանք, ովքեր նախանձով են լցված, միայն նրանք կարող են քննադատել այսքան կարեւոր դրական իրադարձությունը, ինչպիսին դեպի Մաքսային միություն ճանապարհն է: Սա էր ըստ էության Սերժ Սարգսյանի ամբողջ ուղերձը:

Ա. Ա.- Թեմաները կրկնվում էին: Ծառուկյանը ասաց, որ կուտակայինը անմարդկային երեւույթ է, իսկ Սերժ Սարգսյանը հակառակը ասաց, որ ներդնելով այդ համակարգը, որին դեմ է մեր բնակչության 80 տոկոսը, իշխանությունը մաշում է իր ռեսուրսը: Ինչո՞ւ պետք է մաշի, եթե այդ բանը լավ բան չի: Ինչի՞ համար է իշխանությունը մաշում իր ռեսուրսը:

Գ. Ն.- Խնդիրն այն է, որ կրկին անգամ իշխանությունները ժողովրդի հետ անկեղծ չեն, խնդիրը չի ներկայացվում՝ ինչո՞ւ հանկարծ որոշվեց անպայման ներդնել այս կուտակային համակարգը՝ այն դեպքում, երբ Հայաստանում, նույնիսկ պաշտոնական տվյալներով, յուրաքանչյուր 3-րդ մարդը աղքատ է, եւ ցանկացած նման քայլ առաջացնելու է ուժեղ ցնցումներ: Սերժ Սարգսյանը փորձեց հռետորական արվեստը գործի դնելով՝ շատ արագ անցնել այս թեման՝ նշելով, որ շուտով աշխատավարձերի բարձրացում է լինելու, բայց նա մոռացավ, որ Հայաստանի գործատուների 80%-ը մասնավոր սեկտորն է, այսինքն՝ այդ 80%-ին այդ աշխատավարձերի բարձրացումը ընդհանրապես չի վերաբերելու: Սա դնենք մի կողմ: Երկրորդ՝ նրանց պետք են, ինչպես Սերժ Սարգսյանը ասաց, երկար եւ էժան փողերը, նրանք ստիպված են այդ փողերը վերցնել մեր ժողովրդից:

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ


Բանավեճն ամբողջությամբ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728