Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր Քոչարյան

Փետրվար 28,2014 12:00

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գրասենյակի արձագանքներն անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի և կառավարության ու գործող իշխանության այլ ներկայացուցիչների ելույթներին ու արձագանքներին, Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների վերջին շրջանի հիմնական ու գլխավոր թեմաներից է, եթե չասենք` հիմնականն ու գլխավորը:

Չնայած երկրորդ նախագահի կոշտուկոպիտ ոճը ոչ միայն անձամբ Քոչարյանի հարցազրույցներում է առկա, այլև` իր գրասենյակի հայտարարություններում, այդուհանդերձ, առայժմ իր ու իր գրասենյակի հիմնական թիրախը ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, այլ ընդամենը` կառավարությունն ու անձամբ վարչապետը, և այդ է պատճառը, որ Քոչարյանի ու նրա գրասենյակի արձագանքներին արձագանքում են ոչ բոլոր ՀՀԿ-ականները, այլ հիմնականում` կառավարության անդամներն ու երիտհանրապետականները, որոնք Քոչարյանի իշխանության տարիներին ոչ թե իշխանավոր են եղել, այլ լավագույն դեպքում` բազե:

Ներկայիս իշխանավորները, փաստորեն, հիմնականում քննադատաբար են անդրադառնում Քոչարյանի ու նրա գրասենյակի քննադատություններին, իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին ու կուսակցականներին, վերջիններս առիթը բաց չեն թողնում` հավասարապես քննադատելու գործող վարչապետին ու Քոչարյանին` վերջինիս հետևողականորեն հիշեցնելով, որ գործող վարչապետը երկրորդ նախագահի արհեստավարժ իշխանության ամենաարհեստավարժ կադրերից էր:
Ինչ վերաբերում է կոնկրետ ՀԱԿ-ին, վերջինս գրասենյակային մակարդակով առայժմ Քոչարյանին բացասաբար չի անդրադառնում, բայց կուսակցականների մակարդակով ( Զ. Թադևոսյան, Ե. Աբգարյան և այլն) լավ էլ անդրադառնում է, ընդ որում` չափազանց խիստ ու չափազանց կոպիտ: Մոտավորապես նույն պատկերն է Նախախորհրդարանի դեպքում, որի անդամներից Հրանուշ Խառատյանը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս առ Քոչարյան պարբերական ու որոշակի հիշեցումներով:

Տպավորություն կա, որ ընդդիմադիրներից ոմանք Քոչարյանի հիմնավոր վերադարձը չեն ցանկանում, բայց ցանկանում են, որ երկրորդ նախագահն իր կարողություններով ու հնարավորություններով գումարվի ընդդիմության ներուժին:

Այլ տպավորություն էլ կա: Այլ տպավորությունն էլ այն է, որ քաղաքացիներից ու քաղաքական գործիչներից ոմանք էլ Քոչարյանի վերադարձը փափագելով` վարպետորեն թաքցնում են առ Քոչարյան իրենց հիացմունքը, համարելով, որ դեռևս հիացական բացականչությունների ժամանակը չէ: Դրանից էլ բացի, քոչարյանամետներից շատերը դեռևս չեն պարզել` այս պահին Քոչարյանի ուզածն ընդամենը վարչապետությու՞ն է, թե` ավելին: Շատ հնարավոր է, որ երկրորդ նախագահն ինքն էլ դեռևս այս հարցի հստակ պատասխանը չունի:

Այսինքն, վերստին հին ու չարչրկված հարցը. երկրորդ ու երրորդ նախագահները խաղե՞ր են տալիս, թե՞ իսկապես ջրբաժանի ու ճամփաբաժանի առաջ են հայտնվել: Շատ հնարավոր է, որ անձամբ իրենք էլ այս պահին այս հարցի հստակ պատասխանը չունեն:
Բոլոր դեպքերում, հստակ է, որ երրորդ նախագահը երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չունի և եթե երկրորդ ժամկետը մինչև վերջ ձգի, դա էլ կարող է հաջողություն համարել: Եվ եթե երկրորդ ժամկետը հաջողությամբ ավարտի, ինքը, հնարավոր է, լուրջ դերակատարություն ունենա չորրորդի ընտրության հարցում:

Այստեղից` հաջորդ հարցը. իրական չորրորդ կլինի՞, թե, այնուամենայնիվ, առաջինը կամ երկրորդը կվերանվանվեն չորրորդ և կստանձնեն չորրորդի դերակատարությունը:
Եթե առաջին նախագահը վերանայի իր իսկ տարիքի մասին արտահայտած իր իսկ կարծիքը, շատ բան կարող է էապես փոխվել` ներառյալ երկրորդի վերաբերյալ շատերի վերաբերմունքը:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Էդ սաղ հեչ Ոսկան ջան – Էդ նկարն իսկական է թե սարքովի? Էդ կենդանին (տակինը) ողջ է թե սպանված?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728