Լրահոս
Օրվա լրահոսը

TRIPP-ը՝ Էրդողանի ու Ալիեւի հետ բանակցությունների օրակարգում

Նոյեմբեր 19,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Սկիզբը՝ այստեղ:

Հայաստանի տարածքով ճանապարհի կամ երկաթուղու անցնելը դեռ չի նշանակում, որ դառնում ենք տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն

TRIPP-ի արդյունավետությունը կախված է Հայաստանի դիրքավորումից

Հայաստանի համար TRIPP-ը նախեւառաջ պատասխանատվություն է։ Այն, նաեւ հնարավորություն է այն առումով, որ երկիրը կարող է դուրս գալ տարածաշրջանային հաղորդակցություններից մեկուսացվածությունից, զարգացնել տարանցիկ ներուժը, ներգրավել ամերիկյան ներդրումներ եւ ընդլայնել տնտեսական կապերը։ Սակայն պատասխանատվություն է այն առումով, որ այդ գործընթացում անհրաժեշտ է պաշտպանել ազգային շահերը, ապահովել իրավական հստակություն եւ բացառել այնպիսի պայմանավորվածությունները, որոնք կարող են սահմանափակել պետական կառավարման կամ վերահսկողության լիարժեք իրականացումը։

Միացյալ Նահանգների ներգրավվածությունը կարեւոր գործոն է, քանի որ Վաշինգտոնը նախագծում ունի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական շահեր։ Ամերիկյան մասնակցությունը կարող է ապահովել ներդրումային ռեսուրսներ, միջազգային ուշադրություն եւ լրացուցիչ քաղաքական երաշխիքներ։ Սակայն պետք չէ անտեսել նաեւ այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների առաջնահերթությունը սեփական ռազմավարական եւ տնտեսական շահերի առաջմղումն է։ Հետեւաբար, Հայաստանի խնդիրն է այդ շահերի համընկնումը վերածել սեփական զարգացման համար գործնական առավելության՝ չսահմանափակվելով միայն ամերիկյան աջակցության քաղաքական արժեքով։

Ադրբեջանի համար TRIPP-ի հիմնական նշանակությունը դեպի Նախիջեւան անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելն է։ Բաքվի ակնկալիքները, բնականաբար, կենտրոնացած են տարանցման արագության, անվտանգության եւ վարչարարական նվազագույն խոչընդոտների վրա։ Սակայն Հայաստանի համար անընդունելի պետք է լինի ցանկացած մոտեցում, որը կարող է տարանցիկ ռեժիմը վերածել արտատարածքային կամ Հայաստանի պետական վերահսկողությունից դուրս գործող մեխանիզմի։ Այս առումով Հայաստանի իշխանությունների ներկայացրած ինքնիշխանության սկզբունքը պետք է դառնա նախագծի բոլոր հետագա փաստաթղթերի եւ գործնական ընթացակարգերի անփոփոխ հիմքը։

Առանձնահատուկ կարեւորություն ունի փոխադարձության սկզբունքը։ Եթե Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը պետք է դառնա անխոչընդոտ, ապա երկարաժամկետ տարածաշրջանային կայունության համար անհրաժեշտ է նաեւ Հայաստանի քաղաքացիների, բեռնափոխադրողների եւ տնտեսվարողների համար համարժեք հնարավորությունների ապահովումը։ Տարանցիկ կապերը չեն կարող ձեւավորել իրական փոխկապակցվածություն, եթե դրանցից օգտվելու պայմանները միակողմանի են։ Հետեւաբար, պաշտոնական Երեւանի համար առաջնահերթ խնդիր պետք է լինի ոչ միայն իր տարածքով անցնող երթուղու տեխնիկական արդյունավետությունը, այլեւ տարածաշրջանային հաղորդակցությունների փոխադարձ բացության քաղաքական եւ իրավական երաշխիքների ձեւավորումը։

Նույնքան կարեւոր է տնտեսական շահի իրական բաշխումը։ Հայաստանի տարածքով ճանապարհի կամ երկաթուղու անցնելը ինքնին դեռ չի նշանակում, որ երկիրը դառնում է տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն։ Դրա համար անհրաժեշտ են տեղական բիզնեսի ներգրավում, բեռնափոխադրումների սպասարկման ենթակառուցվածքներ, պահեստային եւ վերամշակման կենտրոններ, արտադրական գոտիներ, նոր աշխատատեղեր եւ մասնագիտական կարողությունների զարգացում։ Հակառակ դեպքում Հայաստանը կարող է ստանձնել տարանցիկ տարածքի գործառույթ՝ առանց ստանալու այն տնտեսական հավելյալ արժեքը, որը պետք է ուղեկցի նման խոշոր նախագծին։

Հայաստանի համար անհրաժեշտ է զարգացնել նաեւ այլ ուղղություններով հաղորդակցությունները, ընդլայնել կապերը հարեւան երկրների հետ եւ ապահովել, որ տարածաշրջանային ապաշրջափակումը չկենտրոնանա մեկ երթուղու կամ մեկ արտաքին գործընկերոջ շուրջ։ Հաղորդակցությունների բազմազանությունը ոչ միայն տնտեսական առավելություն է, այլեւ ռազմավարական անվտանգության կարեւոր պայման։

Վերջնական հաշվով, TRIPP-ի հաջողությունը պետք է չափվի ոչ թե կառուցվող ճանապարհների երկարությամբ կամ քաղաքական հայտարարությունների հաճախականությամբ, այլ Հայաստանի պետական շահերի սպասարկման աստիճանով։ Արդյոք երկիրը կկարողանա ապահովել իր ինքնիշխան վերահսկողությունը, ստանալ տնտեսական իրական օգուտներ, ընդլայնել արտաքին կապերը եւ միաժամանակ նվազեցնել տարածաշրջանային անվտանգության ռիսկերը։ Սրանք են այն չափանիշները, որոնցով պետք է գնահատվի նախագիծը։

Այսպիսով, TRIPP-ը կարող է դառնալ Հայաստանի տարածաշրջանային դիրքի ամրապնդման եւ տնտեսական զարգացման կարեւոր հնարավորություն, եթե դրա իրականացումը հիմնվի երեք անբաժանելի սկզբունքների վրա՝ ինքնիշխանության լիարժեք պահպանում, փոխադարձ տնտեսական շահ եւ իրավականորեն հստակ ու վերահսկելի գործառնական մեխանիզմներ։ Եթե տնտեսական ու աշխարհաքաղաքական նպատակները գերակշռեն իրավական հստակության եւ փոխադարձության նկատմամբ, ապա TRIPP-ը կարող է վերածվել նոր տարաձայնությունների աղբյուրի։

Հայաստանի առջեւ ծառացած հիմնական խնդիրը, հետեւաբար, ոչ թե նախագծին կողմ կամ դեմ լինելն է, այլ դրա իրականացման այնպիսի պայմանների ձեւավորումը, որոնց դեպքում տարածաշրջանային կապակցվածությունը կծառայի Հայաստանի զարգացմանը՝ չվնասելով նրա ինքնիշխանությանը։ TRIPP-ի շուրջ ընթացող գործընթացը հենց այս իմաստով է դառնում Հայաստանի արտաքին քաղաքականության եւ պետական ռազմավարության կարեւոր փորձություն։

Փաշինյան–Էրդողան, Փաշինյան–Ալիեւ հանդիպումներն ու TRIPP-ը

 Նոյեմբերի 11-ին Անթալիայում՝ COP31-ի շրջանակում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպումը ուշագրավ քաղաքական ազդակ էր։ Կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները եւ տարածաշրջանային գործընթացները։ Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը ներկայացվել է որպես տարածաշրջանային համագործակցության զարգացման նոր խթան, իսկ հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ TRIPP-ի իրականացմանն ուղղված քայլերին։

Թուրքիայի նախագահի հետ քննարկման այս բովանդակությունը վկայում է, որ Անկարան Հարավային Կովկասում ձեւավորվող նոր հաղորդակցային իրողություններին մաս է կազմում։ Թուրքիայի համար տարածաշրջանային ապաշրջափակումը տնտեսական հնարավորություններից բացի, ունի նաեւ աշխարհաքաղաքական նշանակություն։ Հայաստանի տարածքով Նախիջեւանի եւ Ադրբեջանի հիմնական հատվածի կապի ստեղծումը, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ ճանապարհների գործարկումը կարող են ընդլայնել Թուրքիայի տնտեսական եւ տրանսպորտային կապերը դեպի Կասպից ծովի ավազան եւ Կենտրոնական Ասիա։

Սակայն միեւնույն ժամանակ, Անկարայի համար կարեւոր է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը եւ հաղորդուղիների բացումը զարգանան թուրք-ադրբեջանական տանդեմի ակնկալիքներին ու պահանջներին համահունչ։ Հետեւաբար, Թուրքիայի հետաքրքրվածությունը TRIPP-ով չի կարելի դիտարկել միայն որպես Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման պատրաստակամության արտահայտություն։ Անկարան ունի սեփական տարածաշրջանային հաշվարկները, եւ դրանցում Ադրբեջանի շահերը շարունակում են առանցքային նշանակություն ունենալ։

Այդուհանդերձ, Փաշինյան-Էրդողան հանդիպման դրվագը հենց հատկանշական է, որ TRIPP-ի հարցը ներառված է նաեւ հայ-թուրքական քաղաքական երկխոսության օրակարգում։ Այսինքն, սա նույնպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս է։ Մինչդեռ պաշտոնական Երեւանը պատասխան չունի, թե Անկարան որքանով է պատրաստ քաղաքական հայտարարությունները վերածել կոնկրետ քայլերի, եւ օրինակ՝ բացել հայ-թուրքական սահմանը։

Նոյեմբերի 12-ին Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, կայացավ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Նրանք քննարկել են խաղաղության օրակարգի առաջմղման գործնական քայլերը՝ հիմք ընդունելով 2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածությունները։ Քննարկումների առանցքում են եղել տրանսպորտային եւ տարանցիկ կապերի զարգացումը, տնտեսական ու առեւտրային հարաբերությունները, սահմանազատումը եւ վստահության ամրապնդման միջոցառումները։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կողմերը քննարկել են TRIPP-ի երկաթուղային եւ ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաեւ երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։ Սա արդեն ավելին է, քան նախագծի շուրջ ընդհանուր քաղաքական աջակցությունը։ Եթե եռակողմ տեխնիկական խմբերի ստեղծումը ցույց էր տալիս Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ անցնելու գործնական աշխատանքների, ապա Փաշինյան-Ալիեւ հանդիպումը վկայում է, որ ենթակառուցվածքային ծրագրի հարցը ներառված է նաեւ երկու երկրների անմիջական քաղաքական երկխոսության մեջ։ Հատկանշական էր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եւ Հայաստանից ապրանքների տարանցման վերաբերյալ արձանագրված դրական զարգացումը։ Հրապարակված տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 105 հազար տոննա բեռ։

Սակայն անհրաժեշտ է չգերագնահատել այս գործընթացի նշանակությունը։ Բեռների տարանցման առկայությունը դեռեւս չի նշանակում, որ երկու երկրների միջեւ ձեւավորվել է լիարժեք տնտեսական համագործակցություն կամ վերացել են քաղաքական հակասությունները։

Փաշինյան-Ալիեւ հանդիպման ընթացքում էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցման, սահմանային համագործակցության եւ անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցերի քննարկումը վկայում է, որ օրակարգը կարող է աստիճանաբար ընդլայնվել՝ դուրս գալով միայն տրանսպորտային հաղորդակցությունների շրջանակից։

 

Թուրքիան շարունակում է իր թշնամական գործողությունը՝ փակ պահելով Հայաստանի հետ սահմանը

 

Հայաստանի համար Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը միաժամանակ տնտեսական հնարավորություն է, սակայն նաեւ արտաքին քաղաքական բարդ խնդիր է։ Մի կողմից՝ տարածաշրջանային կապերի վերականգնումը կարող է նվազեցնել Հայաստանի տրանսպորտային մեկուսացվածությունը, ընդլայնել արտահանման եւ ներմուծման հնարավորությունները, նպաստել ներդրումների ներգրավմանը։ Մյուս կողմից՝ Անկարայի եւ Բաքվի ռազմավարական շահերի սերտ համադրումը նշանակում է, որ Երեւանը գործ ունի երկու պետությունների հետ, որոնց տարածաշրջանային առաջնահերթությունները նույնն են։ Եվ ամենակարեւորը, չկա որեւէ երաշխիք, որ Բաքուն դադարեցնելու է Հայաստանին անվերջ պահանջներ ներկայացնելու իր որդեգրած գիծը։

Ադրբեջանի համար TRIPP-ի գլխավոր նշանակությունը դեպի Նախիջեւան հաղորդակցության ապահովումն է։ Թուրքիայի համար այդ կապը կարող է դառնալ ավելի լայն տրանսպորտային եւ տնտեսական համակարգի մի օղակ՝ ընդլայնելով կապը թյուրքալեզու պետությունների հետ։ Հետեւաբար, երկու երկրների շահերը համընկնում են այն հարցում, որ Հայաստանի տարածքով հաղորդակցությունը պետք է հնարավորինս արդյունավետ եւ արագ գործի։ Սակայն Հայաստանի շահը չի կարող սահմանափակվել միայն այդ տարանցման ապահովմամբ։

Երեւանի համար առաջնահերթ է, որ հաղորդակցությունների բացումը լինի փոխադարձության սկզբունքով եւ ապահովի Հայաստանի քաղաքացիների, տնտեսվարողների ու բեռնափոխադրողների համար համարժեք հնարավորություններ։ Բացի այդ, Հայաստանի տարածքով անցնող երթուղին պետք է ծառայի նաեւ երկրի ներքին տնտեսական զարգացմանը՝ ստեղծելով լոգիստիկ կենտրոնների, սպասարկման ենթակառուցվածքների, պահեստային տնտեսությունների եւ նոր արտադրական հնարավորությունների զարգացման պայմաններ։

Այս տեսանկյունից Փաշինյան-Ալիեւ հանդիպման ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տեղափոխման մասին տեղեկությունը պետք է դիտարկել որպես ավելի լայն գործընթացի միայն մեկ բաղադրիչ։ Հայաստանի համար կարեւոր է, որպեսզի առեւտրային կապերը չլինեն միայն մեկ ուղղությամբ կամ կախված չմնան քաղաքական իրավիճակի փոփոխություններից։ Տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածությունը կարող է կայունության գործոն դառնալ միայն այն դեպքում, երբ բոլոր մասնակիցները տեսնում են դրանից ստացվող իրական, երաշխավորված եւ երկարաժամկետ օգուտը։

Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ TRIPP-ի իրականացումը փոխկապակցված են, բայց նույն գործընթացները չեն։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ տնտեսական կապերի զարգացման հարցերը թեեւ քաղաքական առանձին հարցեր են, սակայն իրականում կախված են Հայաստան-Ադրբեջան օրակարգից։

Հետեւաբար, արձանագրենք, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի նկատմամբ իր թշնամական գործողությունը՝ փակ պահելով Հայաստանի հետ սահմանը։ Այսպիսով, Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության ոճից չէ կախված այն հանգամանքը, որ Անկարայի համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը դառնա ինքնուրույնություն, անկախ օրակարգ եւ կախված չլինի Ադրբեջանի շարունակական պահանջներից։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել