Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ղրիմի հանրաքվեով ոչինչ չի ավարտվում, դեռ նոր է սկսվում

Մարտ 18,2014 14:52

Աշխարհաքաղաքական նոր իրավիճակ`
Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության արդյունքում

Կիրակի օրը Ղրիմում անցկացված հանրաքվեով, ըստ իշխանությունների, մասնակիցների ավելի քան 95 տոկոսը կողմ է արտահայտվել Ուկրաինայից անջատվելուն եւ Ռուսաստանին միանալուն: Պաշտոնական Մոսկվան համարում է, որ Ղրիմում անցկացված հանրաքվեն օրինական է:

Միջազգային հանրությունը շարունակում է հայտարարել, որ չի ճանաչելու այդ հանրաքվեի արդյունքները: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ նրա եվրոպացի գործընկերները պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտելու համար: Խոսքը արդեն ռուսաստանցի 130 պաշտոնյաների եւ խոշոր ընկերությունների ղեկավարների («սեւ» ցուցակում կարող են հայտնվել «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի եւ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի անունները) բանկային հաշիվները սառեցնելու եւ նրանց նկատմամբ վիզային ռեժիմի արգելքների մասին է:

Անկախ կոշտ եւ դիվանագիտական աննախադեպ սուր հայտարարություններից՝ թե՛ Արեւմուտքը, թե՛ Մոսկվան կգնան զիջումների ու ընդառաջ քայլեր կառաջարկեն՝ մեղմելու բավական բարդ փոխհարաբերությունները ուկրաինական զարգացումների արդյունքում:
Անցյալ կիրակի, օրինակ, «Վեստի նեդելի» հաղորդման հանրահայտ հաղորդավար Դմիտրի Կիսելյովը ԱՄՆ-ին սպառնաց միջուկային պայթյունով, եթե Ղրիմի պատճառով սրվի Ռուսաստանի հետ հակամարտությունը: Նա ասել է, թե ՌԴ-ն աշխարհում միակ երկիրն է, որ կարող է ԱՄՆ-ը վերածել ռադիոակտիվ մոխրի: Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, թե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ, որը հիշեցնում է «սառը պատերազմի» ժամանակները. «Ավտորիտարիզմի եւ ժողովրդավարության միջեւ գաղափարախոսական պայքարը վերածնվում է: Ռուսական ագրեսիայից եվրոպական երկրների պաշտպանությունը կրկին առաջնային նշանակություն ունի»:

Չնայած այսօրինակ բոլոր գնահատականներին՝ արդեն իսկ հնչում են նաեւ հայտարարություններ, որոնք վկայում են այն մասին, որ Մայդանից «պայքարը» տեղափոխվել է Ռուսաստան-Արեւմուտք դաշտ, եւ հիմա այդ հարթությունում են խաղացողները խաղալու, պայմանավորվելու ու համաձայնության գալու: ԱՄՆ-ը նախկինի պես բաց է Ուկրաինայի իրադարձությունների շուրջ Ռուսաստանի հետ ծագած սուր հակասությունները դիվանագիտական ուղով կարգավորելու համար՝ հայտարարել է Սպիտակ տան քարտուղար Ջեյ Քարնին՝ հավելելով, որ Վաշինգտոնը դեռ հույս ունի, որ հնարավորություն կա հարթելու Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ տարաձայնությունները՝ հարգելով միջազգային նորմերը:
Իսկ Մոսկվան յուրօրինակ «էներգետիկ» հնարք է որոշել բանեցնել: «Գազպրոմ» ընկերությունը փորձում է ապահովել եվրոպական հաճախորդների աջակցությունը՝ առաջարկելով զեղչեր գազի գների համար: Ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականի փոխանցմամբ՝ պայմանագրի պայմանների շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունը հաստատել են մի շարք եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներ:
Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ դեռ երկար կշարունակվեն դիվանագիտական փոխհրաձգությունները, պատժամիջոցները գուցե շատ ծանր նստեն Ռուսաստանի վրա թե՛ այդ երկրի ներսում՝ ներքաղաքական առումով, թե՛ սոցիալ-տնտեսական: Ռուսաստանը մեկուսացման գնով կանգ չառավ ոչնչի առջեւ՝ նպատակ ունենալով ապացուցել, որ ցանկացած քայլի կդիմի, միայն թե իր շահն առաջ տանի:

Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Ղրիմի հանրաքվեն իրականացվել է ռուսական ռազմական միջամտության ճնշման ներքո, Ռուսաստանն իր գործողություններով խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Սակայն Ղրիմի հանրաքվեով ոչինչ չի ավարտվել, կարծես ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Մոսկվան լարումը ռազմական փուլի հասցնելու գայթակղությունը չի թաքցնում, համենայնդեպս՝ ամենօրյա ռեժիմով սադրանքների մասին տեղեկություններ են ստացվում, եւ թե որքան կդիմանան Ուկրաինայի իշխանությունների նյարդերը՝ դժվար է ասել:

Ռուսաստանի միջազգային մեկուսացման վտանգը, բաժանարար այն գիծը, որը ստեղծվել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, կարող է վտանգավոր դառնալ նաեւ Հայաստանի համար՝ որպես տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակցի: Ռուս-ուկրաինական, ապա՝ Ռուսաստան-Արեւմուտք առճակատումը աշխարհաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծելու նաեւ Հարավային Կովկասում, եւ այդ նոր իրավիճակում պետք է փորձել այնպես վարվել, որպեսզի Հայաստանը կորուստներ չունենա կամ գոնե դրանք նվազագույն լինեն: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ եռանախագահող երեք պետությունների հետ, պետք է շարունակվի, եւ այս ֆորմատում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի տարաձայնությունները չպետք է որեւէ կերպ ազդեն բանակցային գործընթացի վրա, թեկուզ այն գործընթացի, որը արդյունքներ չի արձանագրում:

Մեզ՝ հայերիս համար, որքան էլ ականջահաճո է ազգերի ինքնորոշման իրավունքը, Լեռնային Ղարաբաղի եւ Ղրիմի միջեւ զուգահեռներ տանելը իսկապես հեռու է տրամաբանությունից: Նման զուգահեռներ տանելով՝ մենք մեր իսկ ձեռքով Ղարաբաղը «տարածք» ենք դարձնում եւ «առուծախի» առարկա գերտերությունների ձեռքում, եւ հանուն արդարության պետք է փաստել, որ պաշտոնական Երեւանից այս առիթով խելամիտ արձագանք հնչեց (ինչը չի կարելի ասել Ստեփանակերտի դեպքում), երբ հիշեցրին, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով որոշել է Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, եւ մենք ձգտում ենք հասնել ԼՂՀ միջազգային ճանաչման: Պարզվում է, սակայն, ԼՂՀ ԱԳՆ-ն դիտարկում է Ղրիմում հանրաքվեի անցկացումը որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսեւորում: Ռուսական զորքերի ներխուժման պայմաններում Ղրիմում անցկացված հանրաքվեն՝ անկախ նրանից, թե այնտեղ բնակչության որքան տոկոսն է երազում Ռուսաստանի կազմում ապրել, որպես ազատ կամարտահայտման միջոց նախ՝ հեռու էր ժողովրդավարական համարվելուց, բացի այդ՝ այն ամենեւին էլ անկախության կամ ինքնորոշման հանրաքվե չէր: Ի՞նչ ինքնորոշման մասին է խոսքը, երբ Ղրիմի խորհրդարանը երեկ վերանվանվեց Պետական խորհուրդ, ընդունեց անկախության հռչակագիր եւ անմիջապես Ռուսաստանի Դաշնությանը պաշտոնապես ներկայացրեց միավորվելու դիմում…

Իսկ ահա Մայդանը՝ որպես ժողովուրդների պայքար համամարդկային արժեքների հաստատման, ինքնիշխանության պահպանման ճանապարհին եւ Կրեմլի կայսերական հավակնություններին հակադրվելու, նույնիսկ վարակիչ կարող է դառնալ այսօրվա Ռուսաստանի հասարակության համար:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շուշան says:

    ԼՂՀ հայտարարությունը Ժիրինովսկու աբսուրդ հայտարարության տրամաբանական շարունակությունն է: Այսօր առավել, քան երբևէ մենք կանգնած ենք Ղարաբաղը և մեր ինքնիշխանությունը կորցնելու լուրջ վտանգի առջև:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31