Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչ հետեւանքներ կունենա Ղրիմի հանրաքվեն

Մարտ 18,2014 14:59

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի եթերում թեման քննարկում են քաղաքագետ Սերգեյ Մինասյանը եւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Արամ Աբրահամյան.- Ղրիմի երեկվա հանրաքվեն անեքսիա՞ է Ռուսաստանի կողմից, թե՞ ինքնորոշման իրավունքի իրագործում:

Սերգեյ Մինասյան.- Անեքսիա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ռուսաստանը իր Դաշնային ժողովի միջոցով դա օրինականացնի: Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն արեց, որը խոսում է այն մասին, որ ոչ թե անեքսիա է, այլ այդ հնարավորությունը մնում է որպես լծակ եւ Արեւմուտքի, եւ Ուկրաինայի նոր իշխանությունների հետ բանակցային գործընթացում: Ռուսաստանը դա օգտագործում է որպես տակտիկական ինչ-որ լծակ՝ ժամանակ շահելու, կամ էլ հակառակը` դա վերջին ճնշման միջոցն է, որի արդյունքում Ռուսաստանը ուզում է ստանալ այն, ինչ որ արդեն բաց ասել է` Ուկրաինայի ֆեդերալիզացիա, ռուսերենը՝ որպես երկրորդ պետական լեզու, եւ Ղրիմի այն կարգավիճակը, որը նրա բնակչությունը կցանկանա:

Ա. Ա.– Այսինքն` Ռուսաստանը խոստանում է չհարձակվել, կոպիտ ասած, Խարկովի, Դոնեցկի եւ մնացած մարզերի վրա, եթե կատարվեն իր պայմանները, այդպե՞ս է:

Ս. Մ.- Իրականում ես կարծում եմ, որ Ղրիմը այն բանը չէ, որ Ռուսաստանն ուզում է Ուկրաինայից այս իրադարձություններում, բայց դրա հետ մեկտեղ Ղրիմը ամենահեշտ միջոցն էր կամ ամենահեշտ հնարավորությունն էր, որ ինքը կարող է վերցնել, եւ հեշտությամբ դա տեղի ունեցավ:

Հովսեփ Խուրշուդյան.– Միանշանակ համամիտ եմ, որ հենց որ լինի հանրաքվեի արդյունքների օրինականացումը, դա կլինի արդեն անեքսիա: Բայց այն, որ ագրեսիայի զոհ է դարձել Ուկրաինան՝ դա փաստ է, այսինքն՝ ռուսական զորքերը դուրս են եկել իրենց պայմանագրերով հատկացված տարածքներից՝ բազաներից: Ակնհայտ է, որ իրենց զորքերն են շրջում եւ վերահսկում ամբողջ Ղրիմը, եւ այդքանով էլ դժվար է համեմատել որեւէ այլ, անցած տարիներին եղած նման կարգի ինքնորոշումների հետ, որովհետեւ նախ՝ շատ կարճ ժամկետներում իրականացվեց այս հանրաքվեն՝ 1 ամիս էին որոշել, որը կրճատեցին եւ 15 օր դարձավ, որի ժամանակ հնարավոր չէ ուղղակի ֆիզիկապես 2 տեսակետն էլ ներկայացնել բնակիչներին: Ես համամիտ եմ, որ միայն Ղրիմը չի, որ Ռուսաստանին պետք է՝ Ռուսաստանին ամբողջ Ուկրաինան է պետք: Այսինքն՝ թույլ չտալ, որ Ուկրաինան դուրս գար իր ազդեցության գոտուց, ընդ որում՝ ձեւաչափերը տարբեր կարող են լինել, պարտադիր էլ չէր Մաքսային միություն մտներ, կարող էր այլ պայմանագրային ձեւաչափ լինել, որը ամեն դեպքում գոնե որպես բուֆերային գոտի կպահեր Ռուսաստանի համար Ուկրաինան: Բայց Կրեմլի անխոհեմ քաղաքականությունը ուղղակի բերեց նրան, որ այսօր Ուկրաինան գնալով կոնսոլիդանում է ընդդեմ Ռուսաստանի, նույնիսկ ռուսալեզու բնակչությունը, իսկ իրականում ուկրաինացիների մի զգալի զանգվածը ռուսալեզու են: Այս քայլերը բերում են ուղղակի հակառակ ռեակցիայի, ուղղակի արժանապատվության ամրապնդման: Հատկապես հեռուստաալիքների քարոզչությունն է բերում ուղղակի թշնամանքի:

Ա. Ա.- Ուկրաինան դարձել է Ռուսաստանի թե տեղեկատվական, թե զինվորական ագրեսիայի զոհ՝ այդպե՞ս է, թե՞ ոչ:

Ս. Մ.- Ես կարծում եմ, որ խոսքը ոչ միայն Ուկրաինայի մասին է. այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, դա Ռուսաստանի փորձն է՝ ինչ-որ նոր, միջազգային իրավիճակ ստեղծելու: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել կամ առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Ուկրաինային, այսպես կոչված, չեզոք կարգավիճակ տրամադրել, հասկանալի է ինչու` որ ՆԱՏՕ-ի անդամ, ինչու չէ՝ նաեւ Եվրամիության հետ ինչ-որ հարաբերություններ բարձր մակարդակով չլինեն:

Ա. Ա.- Հայկական համայնքը խանդավառությամբ է ընդունել Ղրիմի այդ իրադարձությունները, ես զրուցում էի ղեկավար մարմիններից 2 հոգու հետ, նրանք ասացին՝ դա մոտավորապես այն խանդավառությունն է, ինչ որ 1945թ. մայիսի 9-ին: Ճի՞շտ է կողմնորոշվել հայկական համայնքը:

Հ. Խ.– Ես ոչ միայն Ղրիմի հայկական համայնքի դիրքորոշմանն եմ ծանոթ, այլ նաեւ տեսա մի երիզ, որը Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքում էր տեղադրված, թե ոնց է Արա Աբրահամյանը մի խումբ հայերի հետ մասնակցում Մոսկվայում տեղի ունեցած հանրահավաքին, ողջունում է, քաջալերում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Բայց պետք է ասել՝ մի քիչ չափազանցված է, եւ չի կարելի նման ծայրահեղ դիրքորոշումներ ընդունել ոչ այս, ոչ այն կողմում: Որովհետեւ, օրինակ, Ուկրաինայում եւս ստվար հայկական համայնք կա, եւ հայերը, որպես կանոն, պետք է չեզոքություն պահպանեն նման կարգի վեճերում:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց  ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31