Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ն ասում էին` ԲՀԿ-ն փող է բաժանել, իսկ հիմա ԲՀԿ-ի հետ պատրաստվում են նախագահի արտահերթ ընտրության. (Տեսանյութ)

Մարտ 19,2014 19:58

Ոչ իշխանական 4 ուժերի հանդիպումները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, եւ առհասարակ ընդդիմության գործողությունները Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում  շոու է համարել ու նշել. «Ընդհանրապես մեր ընդդիմությունը շոուներ է սիրում եւ չեմ կարծում, որ այդ շոուներով իրենք կարող են մի բանի հասնել»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ միայն այն հանգամանքը, թե ինչ ոգեւորությամբ են հանրապետականները հետեւում քառյակի հանդիպումների գործընթացին, խոսում է այն մասին, որ դա կարեւոր գործընթաց է.«Ես կարծում եմ, եթե հանրապետականներն այլ գործ չունեն, քան ուշի ուշով հետեւել այդ քառյակի հանդիպումներին եւ քննարկումներին, եւ վերլուծություններ անել, հետաքրքրությամբ  գնահատականներ տալ, դա արդեն խոսում է այն մասին, թե այս գործընթացն որքանով է կարեւոր`անկախ նրանից  թե ինչ արդյունք կլինի,ինչ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի, եւ ինչ հարցերի շուրջ` ոչ»: Պարոն Խուրշուդյանն ասաց, որ հանդիպումների ընթացքում քննարկված կոնսոլիդացիայի գործընթացը շատ կարեւոր է, եւ այն պետք է լինի նախեւառաջ համակարգային եւ ամբողջական իշխանափոխության շուրջ. «Սա ենթադրում է նախագահի եւ խորհրդարանական  նոր արտահերթ ընտրություններ»:

Aravot.am-ի այն դիտարկմանն էլ, որ ՀՀԿ մեկ այլ անդամ Լեռնիկ Ալեքսանյանն ասել էր, «ԲՀԿ-ն լրիվ ընդդիմադիր ուժ չի կարող լինել. գուցե քննադատի, բաներ ասի, բայց ընդդիմադիր ուժ, որ նախագահի փոփոխություն պահանջող ուժ լինի կամ հրաժարական պահանջի՝ նման բան հնարավոր չէ: Իմ տրամաբանությունն հուշում է, որ ԲՀԿ-ն մինչեւ նախագահի հրաժարականը չի գնա», պարոն Խուրշուդյանն ասաց, որ այս հարցը պետք է ԲՀԿ-ին տալ:

«Բայց չէ որ «Ժառանգությունը» ԲՀԿ-ի հետ քննարկում է կոնսոլիդացիան եւ նախագահի արտահերթ ընտրությունները»,-մեր այս դիտարկմանն էլ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Միայն  այդ հարցը չի քննարկվում, տարաբնույթ հարցեր են քննարկվում, բայց ամեն դեպքում առաջիկայում կտեսնեք նաեւ իրենց դիրքորոշումը»:

Aravot.am-ի հարցին` ՀՀ նախագահի հրաժարականի հարց քննարկվե՞լ է Գագիկ Ծառուկյանի հետ, պարոն Խուրշուդյանն ասաց. «Ամեն ինչ իր ժամանակին: Մենք հիմա ասում ենք այն, ինչ մեր դիրքորոշումն է , անկախ նրանից, թե ինչ է քննարկվել: Մեր դիրքորոշումն է`պետք է լինի համակարգային ամբողջական իշխանափոխություն` նախագահի եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, այն ինչ մենք պնդում էինք նախագահի կեղծված վերջին ընտրություններից հետո»:

Մեր այն հարցին էլ` կա՞ երաշխիք, որ արտահերթ ընտրությունն էլ չի կեղծվի, «Ժառանգության» անդամն ասաց. «Արտահերթ, որպես կանոն, ավելի դժվար է կեղծել, որովհետեւ կոնսոլիդացիայի որոշակի գործընթաց կա: Նախագահի ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» միայնակ էին պայքարում իշխանությունների դեմ, այժմ տրամադրություն կա դա համատեղ անել»:

Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ բազմիցս հայտարարվել է, լրատվամիջոցներով գրվել է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքներ է բաժանում, այդ մասին ՀՅԴ-ն  «Ժառանգությունը» ՀԱԿ-ը  նույն են ասել:

«Այդպե՞ս են համատեղ պայքարելու»,- Aravot.am-ի այս հարցին էլ պարոն Խուրշուդյանն ասաց. «Ես կարծում եմ այս ընտրությունները կլինեն առանց կեղծիքի, ընտրակաշառքի եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31