ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների փակման հետեւանքով հարկադիր պարապուրդի է մատնվել 10 հազար մարդ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։
«Այն տեղեկատվությունը, որին տիրապետում եմ, այնքան էլ լավատեսական չէ, շատ վատատեսական է, որովհետեւ վերջին երկու ամիսների ընթացքում «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող տասնյակից ավելի ընկերությունների գործունեությունը կասեցված է, դրանք կապարակնքված են, բացառությամբ` «Արարատցեմենտ» ընկերության, կոնյակի գործարանի, որոնք պետականացվել են եւ «Մուլտի Վելնես»-ի, որն անցնել է Երեւանի քաղաքապետարանի տիրապետության տակ՝ բացարձակ ապօրինի հիմքերով»,- ասաց Իվետա Տոնոյանը։
«Ինչ վերաբերում է «Արարատցեմենտին» եւ կոնյակի գործարանին, որտեղ պետությունը կառավարիչներ է նշանակել, այդ մասով եւս ունենք շատ մտահոգիչ իրավիճակ։ Մասնավորապես, «Արարատցեմենտ»-ի հետ կապված` ունենք տեղեկատվություն, որ վերջին 2 ամիսների ընթացքում արդեն շուրջ 20 տոկոսով ցեմենտի գինն է բարձրացվել։ Այսինքն՝ արդեն իսկ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մենեջմենթի հետ։ Իսկ ինչ վերաբերում է կոնյակի գործարանին, ապա այնտեղից էլ ունենք ահազանգեր, որ զանգվածային կրճատումներ են իրականացվում աշխատակիցների շրջանում»,- հավելեց Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Մնացած ընկերությունների մասով, որոնք գտնվում էին «Մուլտի Գրուպ»-ի կազմում, ունենք շատ ողբերգական վիճակագրություն։ Այստեղ շուրջ 10 հազար մարդկանց հարկադիր պարապուրդի մատնված լինելու հանգամանքն է, որ մարդիկ ուղղակի զրկված են աշխատելու հնարավորությունից եւ, բնականաբար, մտածում են արտագաղթելու մասին»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































