Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայդանը ցույց տվեց ուկրաինական հասարակության եւ պետականության կայացման թերություններն ու հակասականությունը». «Իրատես de facto»

Մարտ 25,2014 12:25

Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության եւ տեսության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Աշոտ Ալեքսանյանի հետ զրույցը Ուկրաինայում եւ Ղրիմում ընթացող զարգացումների շուրջ է:

– Ձեր կարծիքով՝ Մայդանն Ուկրաինայի ժողովրդի պայքա՞րն էր, թե՞ համաշխարհային բեւեռների խաղարկած սցենարը:

– Այս հարցի վերաբերյալ առկա են բազմաթիվ մեկնաբանություններ, սակայն մեկ բան ակնհայտ է, որ Մայդանը հերթական անգամ ցույց տվեց ուկրաինական հասարակության եւ պետականության կայացման թերություններն ու հակասականությունը, որը «նարնջագույն հեղափոխությունից» հետո երկրորդ անգամ քաղաքական էլիտայի արմատական վերափոխման փորձ է։ Ցավալին այն է, որ Մայդանը տրոհեց ուկրաինական հասարակությանն ըստ լեզվական և էթնիկ պատկանելության՝ անհանդուրժողականության տրամադրություններ տարածելով Ռուսաստանի և «Ռուսական աշխարհի» նկատմամբ։ Ուկրաինայում մենք ականատես ենք քաղաքացիական անհնազանդությունների և սոցիալական ընդվզման հանգուցալուծման, որովհետև անկախացման ժամանակաշրջանից մինչ օրս ուկրաինական հասարակության մեջ կուտակված են հրատապ լուծում պահանջող բազմաբնույթ հարցեր։ Դրանց կարգավորման ուղղությամբ իրականացվող բոլոր փորձերը ձախողվեցին, իսկ ընդունված քաղաքական որոշումներն ունեին միակողմանի բնույթ։ «Նարնջագույն հեղափոխությունը» չկարողացավ հաղթահարել նույնիսկ քաղաքական լեգիտիմության ճգնաժամը, իսկ սոցիալ-տնտեսական ու հոգևոր-մշակութային հրատապ լուծում պահանջող հիմնահարցերը ծայրահեղ ուղղվածություն ստացան։ Բնականաբար, նման իրավիճակներում անխուսափելի էր աշխարհաքաղաքական առանցքային դերակատարների ակտիվ ներգրավվածությունը:

Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը և դառնալ նոր, հզոր կենտրոն՝ փոխելով աշխարհաքաղաքական կենտրոնների հարաբերակցությունը։ Այդ համատեքստում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Ռուսաստանը կարճաժամկետ հեռանկարում փորձում է առավելապես ամրապնդել իր աշխարհաքաղաքական կարգավիճակը, սակայն երկարաժամկետ հեռանկարում ռազմաքաղաքական բաղադրիչին պետք է ավելանան նաև սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային բաղադրիչները։ Սկսած 2000 թվականից, ՌԴ-ն փորձում է դառնալ համաշխարհային քաղաքականության առանցքային սուբյեկտներից մեկը, սակայն պետականության կայացման հիմնախնդիրները, հետկոմունիստական և հետխորհրդային ժառանգությունը զգալի դժվարություններ են առաջացնում այդ ճանապարհին։ Ուկրաինական վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ համաշխարհային քաղաքականության ասպարեզում կխորանա Ռուսաստանի և արևմտաեվրոպական երկրների հարաբերությունների բախումնածին ուղղվածությունը։ Այս համատեքստում Ռուսաստանի համար պետք է առանցքային նշանակություն ունենան արևելյան գործընկերության և հետխորհրդային մյուս երկրների հետ գործընկերային հարաբերությունների վերանայումն ու արդյունավետ կառուցակարգերի առաջարկումը։ Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող Եվրասիական ինտեգրման ընթացակարգերը պետք է հիմնվեն սոցիալ-տնտեսական իրատեսական և փոխշահավետ մոդելների վրա, որոնք հետևողականորեն կնպաստեն կյանքի որակի բարձրացմանն ու մարդկային կայուն զարգացմանը:

Հարցազրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31