Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյաց Առաքելական եկեղեցին տոնեց Ծաղկազարդը

Ապրիլ 13,2014 19:54

Ծաղկազարդ Ապրիլի 13-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց Ծաղկազարդը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:

Առավոտյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարի բակում հոգեպարար «Որ Վերօրհնիս»  շարականի երգեցողությունից և օրվա խորհրդին հարազատ ավետարանական հատվածների ընթերցումից հետո կատարվեց Անդաստանի արարողություն ու մանուկների օրհնության  կարգ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով ներկա մանուկներին, բացատրեց Ծաղկազարդի խորհուրդն ու մաղթեց, որ  Ամենակալ Աստված Իր հովանու ներքո պահի ու պահպանի բոլոր հայ մանուկներին` պարգևելով խաղաղ ու անվրդով կյանք: «Թո՛ղ որ Աստծո օրհնությամբ հասակ առնեք, արժանավոր զավակները լինեք ձեր ընտանիքների, մեր հավատավոր ժողովրդի, շենացնեք մեր Մայր Հայրենիքը` փառք ու պատիվ հավելելով նախնյաց ավանդությանը և գովարժան վարքով ծառայեք ազգիս հայոց», – ասաց Նորին Սրբությունը: «Պահպանիչ» աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը փոքրիկներին տոնի առիթով խաչեր նվիրեց, ապա օրհնված ճյուղերը բաժանվեցին ներկա գտնվող հավատացյալներին:

Այնուհետև Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրն իր քարոզում հանգամանալից կերպով ներկայացրեց Ծաղկազարդի խորհուրդն ու տոնի հոգևոր պատգամը: Մայր Տաճարում հավաքված մանուկներին համեմատելով Երուսաղեմում Հիսուսին փառաբանողների հետ` Սրբազանը նշեց` այսօր Երուսաղեմի օրինակով Սուրբ Էջմիածինը նույնպես դղրդաց այս մանուկների ուրախությունից:

Իսկ հավարտ Ս. Պատարագին, դարձյալ կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որի ժամանակ բոլոր երեխաներին հրավիրեցին Մայր Տաճարի ատյան, ուր անձամբ Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բաշխեց նրանց:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930