Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականը վճիռը կբողոքարկի Հայաստանի վարչական վերաքննիչ դատարան

Ապրիլ 24,2014 14:14

Հայաստանի վարչական դատարանում հրապարակվեց Դանիել Մովսեսյանի՝ փախստականի կարգավիճակը դադարեցնելու վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցով դատական վճիռը: Դատաքննությունը նախագահող դատավոր Կարեն Ավետիսյանն ուսումնասիրելով գործում առկա փաստերը՝ մերժեց փախստականի հայցը:

Դատավորը վճռի պատճառաբանական մասում անդրադառնում է ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության վարչական վարույթին, որտեղ նշվում է, որ Դանիելը ծնվել է Հայաստանի Հանրապետությունում՝ 1989 թվականին:

Դատարանը մեջբերում է ՄՊԾ-ի կայացրած վարույթի փաստը, որում նշվում է. «Միգրացիոն ծառայությունը եզրահանգել է, որ Հայաստանի Հանրապետությունում ծնված լինելու հանգամանքով պայմանավորված՝ Ադրբեջանի Հանրապետությունը հայցվորի տեսանկյունից ոչ քաղաքացիության երկիր է, ոչ նախկին մշտական բնակության երկիրը, այլև՝ նրա մշտական բնակության երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ Դանիել Մովսեսյանը հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղ չունի»:

Դանիելը, երբ Ադրբեջանից բռնագաղթվել է Հայաստան, եղել է 2 ամսական 10 օրական, սակայն դա չի խանգարել, որ ինչպես նա, այդպես էլ նրա ընտանիքի մյուս անդամները Հայաստանում հաշվառվեն որպես փախստական: Նշենք նաև, որ 2006 թվականի մայիսի 26-ին Դանիել Մովսեսյանը ՀՀ-ում ստացել է թիվ Փ 013680 փախստականի վկայականը, այդուհետև՝ 2011 թվականի մայիսի 26-ին՝ թիվ AA 004514 կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը։

Միգրացիոն ծառայությունը Դանիելին փախստականի փաստաթղթերով «ապահովելուց» հետո, միայն 2013 թվականի հունիսի 4-ին ընդունել է թիվ Մ-171/13-փ որոշումը՝ Դանիել Մովսեսյանին Հայաստանի Հանրապետությունում փախստական չճանաչելու մասին։
«Առավոտն» անդրադարձել էր փախստականի հայցով գործի դատական քննություններին և նշել, որ նա, թերևս, այն եզակի փախստականներից է, որի ձեռքում կա ՄՊԾ-ի տված տեղեկանքն այն մասին, որ նա Հայաստանում ունի փախստականի կարգավիճակ: Հարց է առաջանում, ապա ի՞նչ հիմքով է ծառայությունը Դանիելին տրամադրել տեղեկանք՝ նրա փախստական լինելու վերաբերյալ և, որ ամենակարևորն է, ո՞ր օրենքով են նրան փաստաթղթավորել փախստականի անձնագրով, եթե նա ծնվել է Հայաստանում և ապրելու հետ կապված՝ «հիմնավոր երկյուղ չունի»:

Դանիելն առաջին անգամ անձնագիր է ստացել 2006 թվականին, իսկ նրա կարգավիճակը դադարեցվել է 1999 թվականի մարտի 3-ի «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն, որտեղ նշվում է, թե որ պարագայում անձը կարող է համարվել փախստական: Այդտեղից առաջանում է ևս մեկ հարց. ինչպե՞ս էր Միգրացիոն ծառայությունը Դանիելին 2006 թվականին փաստաթղթավորում փախստականի անձնագրով, եթե այդ ժամանակ արդեն իսկ կար վերը նշված օրենքի 1-ին հոդվածը: Միգուցե դա նույնպես հերթական վրիպումն էր, որը չէր նկատվել ծառայության կողմի՞ց:
Միգրացիոն ծառայությունը ներկա չի եղել փախստականի դատաքննություններին, որի մասին նաև նշում է դատարանը՝ վճռում:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Դանիելն ասաց, որ չի պատրաստվում ձեռնպահ մնալ և որ անպայման վճիռը բողոքարկելու է Հայաստանի վարչական վերաքննիչ դատարան:
Միգրացիոն ծառայության վարչական ակտերն ամբողջությամբ հակասում են մեկը մյուսին՝ տրամադրում են կարգավիճակ, իսկ հետո՝ դադարեցնում: Այստեղ միայն հարկ է հիշել Ի. Տենի ոսկե միտքն օրենքի մասին. «Օրենքը նման է երկար բարձր սյունի, նրա վրայով չես թռնի, բայց շրջանցել կարող ես»:

Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930