Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանը Երեւանն է, եւ հակառակը. «168 ժամ»

Մայիս 01,2014 12:16
harker

Մեր պաշտոնյաները մշտապես խոսում են տարածքների համաչափ զարգացման մասին, սակայն տնտեսությունը շարունակում է կենտրոնանալ մայրաքաղաքում։ Այն, որ պատկերն այս առումով չի բարելավվում, վկայում են անգամ պաշտոնական տվյալները։

Օրինակ՝ մանրածախ առևտրաշրջանառության ցուցանիշների մասին բազմիցս է գրվել՝ Ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված տվյալներից երևում է, որ այս տարվա առաջին եռամսյակում Երևանին բաժին է ընկել մանրածախ առևտրաշրջանառության 81.8%-ը։ Սակայն այս անհամաչափությունը երևում է նաև այլ աղբյուրներից։

Խոշորները նախընտրում են Երևանը

Մասնավորապես, հարկային վիճակագրությունից։ ՀՀ ՊԵԿ հարկային ծառայությունը երեկ հրապարակել է 2014թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, և որոշեցինք այս անգամ այդ ցանկը դիտարկել ոչ թե՝ ըստ առանձին ընկերությունների, ոլորտների կամ հարկատեսակների, այլ՝ ըստ տարածաշրջանների։ Այսինքն՝ տեսնել, թե որ մարզին որքան հարկեր են բաժին ընկնում։ Նշենք, որ նման կտրվածքով, որքան հիշում ենք, հարկատուների ցուցակը չի դիտարկվել։ Արդյունքները թեպետ սպասելի էին, այդուհանդերձ, բավականին ուշագրավ։

Եվ այսպես, առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 154.3 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։

1000 խոշոր հարկատուներից 790-ը գրանցված է Երևանում։ Ընկերությունների քանակով երկրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 52 ընկերություն, երրորդում՝ Արարատի մարզը՝ 31 ընկերություն։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Տավուշի մարզը խոշոր հարկատուների ցանկում ներկայացված է ընդամենը 2 ընկերություններով։
Ընկերությունների թվաքանակից շատ ավելի կարևոր է մուծված հարկերի մեծությունը։
Եվ այսպես, ինչպես նշեցինք, առաջին եռամսյակում խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 154.3 միլիարդ դրամ։ Այդ գումարի առյուծի բաժինը՝ 125.7 միլիարդը (81.46%), բաժին է ընկնում Երևանին։

Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է։ Այս մարզի 52 ընկերությունները միասին պետբյուջեն համալրել են 9 միլիարդ 639 միլիոն դրամով։ Սյունիքի մարզը երրորդ տեղում է՝ 7 միլիարդ 237 միլիոն դրամ (4.69%):

Մարզերի մեծ մասը (6 մարզեր) բավականին թույլ են հարկային ցուցանիշների առումով, նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում ընդհանուր հարկային մուտքերի 1%-ը և դրանից քիչ։ Տվյալները ներկայացված են նկարում։

Տարածաշրջանային առաջատարները

Յուրաքանչյուր մարզում կան 1– 2 առաջատար հարկատուներ, որոնք ապահովում են հարկահավաքման պլանը։ Երևանի և հանրապետության խոշորագույն հարկատուն առաջին եռամսյակում «Գազպրոմ-Արմենիան» է, որը պետբյուջե է վճարել 17.7 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ Երկրորդ տեղում «Ալեքս Գրիգն» է՝ 5.2 միլիարդ դրամ, երրորդում՝ «ԱրմենՏելը»՝ 4.2 միլիարդ դրամ։

Նշենք նաև, որ առաջին եռամսյակում 1 միլիարդ դրամից ավելի հարկեր մուծել է 23 ընկերություն, որոնցից 16-ը գրանցված է Երևանում։

Սյունիքի մարզում առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ շուրջ 3 միլիարդ դրամ, և «Դանդի փրիշս մեթալսը»՝ 1.4 միլիարդ դրամ։ 865 միլիոն դրամի հարկեր է մուծել Ագարակի պղնձամոլիբդենայինը։
Կոտայքի մարզում ամենախոշոր հարկատուներն են «Տրանսգազը» (1.837 միլիարդ դրամ), «Օնիրա քլաբը» (1.178 միլիարդ դրամ) և Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը (1.026 միլիարդ դրամ):

Արարատի մարզի խոշորագույն հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն» է՝ 1.287 միլիարդ դրամ, Արմավիրում՝ ՀԱԷԿ-ը՝ 1.243 միլիարդ դրամ։
Մյուս մարզերում խոշորագույն ընկերությունների մուծած հարկերը 500 միլիոն դրամից ցածր են։

Երբ Երևանն առաջինը չէ

Այդուհանդերձ, կա մի ցուցանիշ, որով Երևանն առաջին տեղում չէ։ Պայմանականորեն դա կարող ենք անվանել միջին հարկատվության ցուցանիշ։ Այսինքն՝ դիտարկենք, թե միջին հաշվով յուրաքանչյուր ընկերության որքան հարկ է բաժին ընկնում։ Այս առումով առաջատարը Սյունիքի մարզն է։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031