Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շարունակ սպասում էի, թե երբ են վերադառնալու մարդիկ». Ջիվան Ավետիսյան

Մայիս 05,2014 16:18

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան:

Ֆիլմն ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

Նյութը պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա կյանքն է, որը ներկայացվում է երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությամբ. «Սկսվում է պատերազմը, ու դու չգիտես, որ պատերազմ է, չգիտես՝ ինչ է առջևումդ: Այս զգացողությունն է դրված ֆիլմում,- ասում է Կարինե Խոդիկյանը:- Ես կարծում եմ, որ աշխարհի հետ խոսելու համար պետք է կարողանալ ընդամենը մեկ մարդու պատմություն անել: Եթե կարողանաս մեկի պատմությունը ցույց տալ, և´ մենք կհասկանանք, և´ աշխարհը»:

Ֆիլմի պրոդյուսերներից Մասիս Բաղդասարյանը շատ է կարևորում այսպիսի ֆիլմերի ստեղծումը մեզանում. «Ես Ջիվանի կողքին եմ, որովհետև նա ֆիլմ է նկարում մեր մասին,- ասում է պրոդյուսերը,- սա մեր կենսագրությունն է, մեր ժողովրդի պատմության մի դրվագը: Մենք հաճախ չգիտենք, թե մեզանից 30-40 տարի առաջ ովքեր են եղել, ինչ են ստեղծել, որտեղ են ձախողել, ինչ  հաջողություններ են ունեցել: Մենք ինքներս մեզ ճանաչելու, հասկանալու, վերլուծելու համար շատ քիչ նյութ ունենք: Ես շատ բարձր եմ գնահատում այն, որ Ջիվանն արտահայտել է իր ապրածն ու զգացածը: Նա չի կեղծում: Բացի այդ, ֆիլմն այնպես չի արվել, որ միայն մեզ հետաքրքրի: Այդպես չի կարելի: Եթե ֆիլմ ես նկարահանում, դա պիտի հուզի և մարդկայնորեն հարազատ լինի յուրաքանչյուրին»:

Նշենք, որ ռեժիսոր Ջ. Ավետիսյանը պատրաստվում է ֆիլմը ներկայացնել Կաննի  67-րդ փառատոնի կինոշուկայում: «Անցյալ տարի Կաննում ներկայացրել եմ իմ «Ընդհատված մանկություն» ֆիլմը: Դա առիթ եղավ, որ լիտվական «Արտբոքս» կինոընկերությունը հետաքրքրվի իմ աշխատանքներով եւ որպես համաարտադրող՝  մասնակցի «Թևանիկ» ֆիլմի ստեղծմանը,- ասաց Ջ. Ավետիսյանը:

Անդրադառնալով իր և Ջ. Ավետիսյանի համագործակցությանը՝ Կարինե Խոդիկյանն ասաց, որ ինքը Աստղիկի և Արամի կերպարներն ստեղծել է իր պատկերացմամբ՝ մտնելով նրանց հոգեվիճակի մեջ, բայց  համոզված է, որ նրանցից ամեն մեկի մեջ Ջ. Ավետիսյանը տեսել է ինչ-որ մեկին, և Թևանիկը, Աստղիկն ու Արամը դարձել են նրա ճանաչած մարդկանց կերպավորումը: «Մեր երկուսի համագործակցությունը սրանով է հետաքրքիր: Ես պատերազմը չեմ տեսել, դրա համար էլ միայն գրական գործ եմ ստեղծում, իսկ Ջիվանը դա դարձնում է այն «կյանքային» գործը, որը կարող է անել միայն նա, ով այդ ամենը տեսել և զգացել է իր մաշկի վրա»,- ասում է Կ. Խոդիկյանը:

«Ես մարտերին չեմ մասնակցել,- մանրամասնեց Ջ. Ավետիսյանը:- Ես տասը տարեկան էի, մասնակցում էին հայրս ու եղբայրս, բայց ապրում էի Ղարաբաղում, և այդ ամենն իմ աչքի առաջ էր: Շատ մարդկանց ու շատ դեպքեր եմ հիշում այդ ժամանակներից, որոնք տիկին Խոդիկյանի հետ բերում ենք մեծ էկրան: Սուտ պատմություններ պետք չէ հորինել, որովհետև այդ ամենն այնքան «գեղեցիկ» է»:

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը խաղաղության մասին է, թեև պատերազմն է ներկայացնում: «Սա ֆիլմ է, որը դատապարտում է պատերազմը,- ասում է նա:- Թեկուզ դու պատերազմի դաշտում կամ առաջին գծում չես, բայց տեսնում ես, թե «օդում կախված պատերազմն» ինչպես է անդրադառնում քո ճակատագրի վրա, ինչպես է խեղում քո մանկությունը: Ես, իսկապես, կորցրել եմ իմ մանկությունը: Ես այն հիշում եմ նկուղում՝ մոմի լույսի տակ, երբ մայրս գրքեր էր կարդում ինձ համար, իսկ ես շարունակ սպասում էի, թե երբ են վերադառնալու մարդիկ: Սա մանկությո՞ւն է»,- հարցնում է Ջ. Ավետիսյանը:

Ռեժիսորն ասաց, որ ֆիլմի ավարտը թողել են հանդիսատեսին: «Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշելու՝ ինչպիսին է ֆիլմի ավարտը, որովհետև ես, իսկապես, շատ եմ ջանացել, որ դա այդպես լինի, և այդ հարցում ինձ օգնել է Վիգեն Չալդրանյանը: Մենք միասին հստակ որոշեցինք, որ ֆիլմի ավարտը յուրաքանչյուրն իր մեջ որոշի»,- ասաց Ջ. Ավետիսյանը:

Նա չցանկացավ խոսել հետագա անելիքներից («Եկեք Աստծուն չծիծաղեցնենք» – Ջ. Ա.), միայն ասաց, որ այժմ մի նոր սցենարի վրա է աշխատում, որը դարձյալ ազատամարտին է անդրադառնում, բայց Թևանիկի հետ կապ չունի: «Արցախյան ազատամարտն այնպիսի պատմություններ է տվել, որ տասնյակ ֆիլմեր կարելի պատրաստել՝ չկրկնելով մեկը մյուսին»,- վստահեցրեց ռեժիսորը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031