Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ռուսաստանին բացարձակապես պետք չէ պատերազմ Ղարաբաղում. «168 ժամ»

Մայիս 06,2014 11:55

Հարցազրույց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ

– Ինչպե՞ս կգնահատեք Մաքսային միության շուրջ վերջին զարգացումները, և,
ըստ Ձեզ, ե՞րբ կհիմնադրվի Եվրասիական տնտեսական միությունը։

– Նախ, պետք է հստակեցնել, որ Մաքսային միությունը, լավ թե վատ, արդեն
կա, իսկ Եվրասիական միությունը դեռ չի ստեղծվել, ընդամենը նախագիծ է։ Եվ դեռ հայտնի չէ՝ ե՞րբ այն կհիմնադրվի և ի՞նչ ձևաչափով։

– Մայիսի 29-ին Աստանայում կկայանա Մաքսային միության անդամ երեք պետությունների ղեկավարների հերթական գագաթաժողովը։ Ի՞նչ փաստաթուղթ է այդ օրը ստորագրվելու։

– Հարցն այն չէ, թե ինչ փաստաթուղթ է լինելու, այլ այն է, թե որքանով այդ փաստաթուղթը պարտավորեցնող կլինի, այսինքն՝ կստորագրվի կոնկրետ պայմանագի՞ր, թե՞ ընդամենը հռչակագիր՝ միություն ստեղծելու մտադրության մասին։ Այն փաստը, որ ապրիլի 29-ին Մինսկում կայացած հանդիպմանը եռյակի ղեկավարները համաձայնության չեն եկել, արդեն իսկ ցույց է տալիս, որ ավելի հավանական է երկրորդ տարբերակը։

– Որքանո՞վ եք հավանական համարում հունիսի 1-ին Հայաստանի կողմից Մաքսային միության պայմանագրի ստորագրումը:

– Հավանականություն կա, որ չստորագրի, քանի որ մեծ դիմադրություն կա
նույն Բելառուսի և Ղազախստանի կողմից։

– Այդ դիմադրությունը կարո՞ղ է ազդել Հայաստանի անդամակցման վրա։

– Կարող է։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Կարծում եմ՝ այդ դիմադրությունը պայմանավորված է Ադրբեջանի ճնշումով, և Բելառուսն ու Ղազախստանն իրենց դիրքորոշումը կարող են բացատրել նրանով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, և այդ պատճառով Հայաստանը չի կարող անդամակցել։

– Իսկ Ռուսաստանի՞ գործոնը։

– Իհարկե, Ռուսաստանը ձգտելու է ամեն ինչ անել, որ Հայաստանը մտնի
Մաքսային միություն, բայց կան բազմաթիվ նրբություններ, և միգուցե միայն Ռուսաստանի ցանկությունը չբավականացնի։

– Եվ ի՞նչ կանխատեսումներ կարող եք անել Հայաստանի վերաբերյալ։

– Կարծում եմ՝ Հայաստանը կմիանա Մաքսային միությանը։

– Իսկ ե՞րբ։

– Այս ամռանը։

– Իսկ Հայաստանում ռուսական ռազմաբազան կապվա՞ծ է տնտեսական միության հետ։

– Իհարկե։ Եվրամիությունը չտվեց Հայաստանին անվտանգության երաշխիքներ, փոխարենը՝ այդ երաշխիքները տվեց Ռուսաստանը։ Այդքանը։

– Փաստորեն, եթե Հայաստանը չմիանար Մաքսային միությանը, ՀԱՊԿ-ի հետ
պայմանագիրը չեղյա՞լ էր համարվելու։

– Ոչ, ոչ, ես նման բան չասացի։ Բայց Դուք մոռանում եք, որ Հայաստանից բացի՝ կա նաև Լեռնային Ղարաբաղ։ Եվ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիրը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին։

– Դրա համար էլ Հայաստանն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, ոչ թե Ռուսաստանը։

– Իհարկե, բայց եթե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սկսվի պատերազմ, ո՞վ է այդ դեպքում զբաղվելու անվտանգություն երաշխավորելով։

– Այսինքն՝ դա Ռուսաստանի ցանկությո՞ւնն է, որ պատերազմ սկսվի։

– Ոչ, դա Ռուսաստանի ցանկությունը չէ, բայց դա հավանական է։ Ռուսաստանին բացարձակապես, պետք չէ պատերազմ Ղարաբաղում։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031