Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մենք պետք է ունենանք ամոթի հուշարձան, որը կլինի Անաստաս Միկոյանը». «Իրատես de facto»

Մայիս 06,2014 12:44

Անկախության տարիներին սեփական հերոսներին, անցյալը չարժևորած և չվերաիմաստավորած Հայաստանի իշխանություններն այժմ էլ փորձում են վերակենդանացնել բոլշևիկյան տարիների ավանդույթները՝ պատմության գզրոցներից հանելով այդ շրջանի կարկառուն դեմքերին։ Երևանի ավագանին օրեր առաջ ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել լենինյան և ստալինյան շրջանի պետական հայտնի գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևանի կենտրոնում տեղագրելու առաջարկին։ Այդ աոաջարկին ընդդիմացել է պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով վկայակոչելով 1937-38 թթ. Միկոյանի ստորագրած մի փաստաթուղթ, ըստ որի, ժողկոմխորհրդի փոխնախագահ Անաստաս Միկոյանը առաջարկել է ավելացնել գնդակահարությունների և ձերբակալությունների ենթակա հայերի թիվը։ ԽՍՀՄ օրոք այլախոհ, նախկին քաղբանտարկյալ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ զրուցում ենք հենց այդ թեմայով։

– Պարոն Արշակյան, օրինաչա՞փ էր Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին Երևանի ավագանու որոշումը։

– Կարծում եմ, Անաստաս Միկոյանի արձանի կառուցումը ուշացած է, դա պետք է լիներ վաղուց։ Շատ վաղուց։ Հենց որ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ, մենք պետք է գնահատեինք անցյալը, պետք է տրվեր գնահատական, և մենք պետք է ունենայինք մեր հավաքական կերպարը ներկայացնող հերոսը, ինչպես նաև բացասական հերոսը։ Այսինքն, պետք է ունենայինք հերոսը և հակահերոսը։ Մենք առաջինն ունենք, նա Արամ Խաչատրյանն է։ Արամ Խաչատրյանը, կարծում եմ, 20-րդ դարի հայ ժողովրդի հավաքական կերպարն է։ Նրա «Սպարտակ» բալետի ինքնատիպ, պայծառ, լավատեսական երաժշտությունը բերում է հետևյալ բանաձևը՝ ո՛չ ստրուկ եմ ուզում լինել, ոչ ստրկատեր, կեցցե՛ ազատությունը։ Եթե անցկացվեր հարցում «Տարվա հերոսը» և նման թեմաներով, ես կառաջարկեի Արամ Խաչատրյանին իր «Սպարտակ» բալետով։ Այն արտացոլում է հայ ժողովրդի ձգտումները, լավատեսական աշխարհայացքը։ Բայց չկա մյուս բևեռը՝ հակահերոսը։ Իսկ հակահերոսը, կարծում եմ, հենց կարող է լինել Անաստաս Միկոյանը։ Այդ մասշտաբի չարագործ, այդքան արյուն թափող, այդքան անողոք, այդքան անազնիվ, նենգ, խորամանկ, դաժան կերպար չունենք մարմնավորող։ Հայ ժողովրդի գլխավոր հանցագործը, կարծում եմ, Անաստաս Միկոյանն է։ Այդ արձանը պետք է լինի որպես չարիքի մարմնավորում։ Եվ մենք չպետք է մեծամտանանք, որ կառուցող, ստեղծագործող, խաղաղասեր ժողովուրդ ենք։ Մենք պետք է զգոն լինենք և իմանանք, որ մեր մեջ էլ կա Անաստաս Միկոյանի տեսակը, չարագործը, որից պետք է հեռանալ։ Շատ վատ է, բայց ես ողջունում եմ այդ նախաձեռնությունը։ Անաստաս Միկոյանի հուշարձանը պետք է դրվի շատ բարձր տեղ, այնտեղ պետք է բերեն խճաքար, և անցորդները պետք է խճաքար նետեն նրա վրա։ Ամեն ոք պետք է իր պարտքը համարի խճաքար նետել չարագործի վրա։ Մենք ունենք հպարտության հուշարձան, որն Արամ Խաչատրյանն է, ունենք սգո հուշարձան, որը Ցեղասպանությունն է խորհրդանշում, և պետք է ունենանք ամոթի հուշարձան, որը կլինի Անաստաս Միկոյանը։

Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031