Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության նոր անդամների ներաշխարհի ու հոգեկանի վրա բացասական կազդի, եթե ձախողեն»

Մայիս 19,2014 13:58

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը «Առավոտի» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ նոր կառավարության անդամները եթե ձախողեն իրենց աշխատանքը, ապա դա, ինչպես ԱԺ պատգամավորն ասաց՝ իրենց ներաշխարհի եւ հոգեկանի վրա շատ բացասական ազդեցություն կունենա: Ընդ որում, ձախողումն ու հոգեկան ապրումները ոչ թե պաշտոնանկության իմաստով, այլ, Մելքումյանի վստահեցմամբ՝ ժողովրդի հույսերն ու սպասելիքները չարդարացնելու իմաստով:

Դժվար է պատկերացնել, թե ասենք՝ ֆինանսների մեգանախարար Գագիկ Խաչատրյանը, որը նաեւ, ըստ մամուլում տարիներ շարունակ հրապարակվող լուրերի, հսկայական բիզնեսների տեր է, ժողովրդին չծառայելու ու նրա հույսերը չարդարացնելու համար հոգեկան ծանր ապրումներ կունենա: Այս պաշտոնյան մինչ այդ էլ կառավարության կազմում է եղել որպես Պետեկամուտների կոմիտեի նախագահ, եւ այդ ընթացքում այնպես չէ, որ ժողովրդի սպասելիքներն արդարացրել է, քանի որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների ու տնտեսագետների կողմից բազմիցս բարձրաձայնվել են դժգոհություններ այս կառույցից, հարկային վատ վարչարարության եւ մրցակցային անհավասար պայմաններից, ինչի արդյունքում մի քանի հազար փոքր ու միջին ձեռնարկություններ փակվեցին:

Ժողովրդի համար հոգեկան ծանր ապրումներ չունեցող նախարարների անունները կարելի է շարունակել, այսպիսի նախարարները ոչ թե հեռացվեցին այս կառավարությունից, այլ ոչ պակաս կարեւոր ու բարձր պաշտոններ ստացան: Դժվար է նաեւ պատկերացնել, որ վարչապետն էլ ծանր ապրումներ կունենա ժողովրդի հույսերը չարդարացնելիս: Օրինակ՝ երբ 2 տարի առաջ Արարատի մարզի Մխչյան գյուղին պետության կողմից հատկացվող 70 տոննա էժան դիզվառելիքից 48 տոննան բաժին հասավ վարչապետի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ընդ որում՝ այդ վառելիքը սոցիալապես անապահովների համար սուբսիդիայով օգնություն էր, մենք չլսեցինք, որ Աբրահամյան եղբայրները հոգեկան ծանր ապրումներ ունեցան ոչ թե այդ բացահայտումներից, այլ գոնե համագյուղացիների սպասելիքները չարդարացնելուց: Հիշեցնենք, որ դիզվառելքի այդ գործով քրեական գործ էր հարուցվել:

Միքայել Մելքումյանը, սակայն, վստահ է, որ հիմա ժամանակները փոխվել են, պաշտոնյաներն էլ վերարժեւորել են ամեն ինչ:

Մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանն ասել էր. «Ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի ստեղծենք հավասար դաշտ, որ յուրաքանչյուր ներդրող հասկանա, տեսնի իրականում, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են լինելու: Իհարկե, դա դժվար է լինելու, շատ-շատ, մեր մերձավորներին փորձելու ենք ցավացնել, նեղացնել, բայց գնալու ենք այդ քայլին, մենք այլընտրանք չունենք, բայց բոլորը պետք է հասկանան՝ իմ մերձավորները, ես ինձնից եմ սկսելու, եւ դա ինձ համար լինելու է սկզբունքային»: Օրերս էլ կառավարություն էր հրավիրել գործարարների, պաշտոնյաների, բանկերի ղեկավարների, տնտեսական բլոկի ներկայացուցիչների, գործարար-պատգամավորների եւ հորդորել էր գործել հավասար դաշտում: Հետո կառավարության նիստին էլ Հ. Աբրահամյանը կրկնել էր նույն միտքը. «Բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Ես գտնում եմ, նաեւ ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, եւ եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաեւ մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջեւ դրված խնդիրներին լուծում տալ»:

Ստվերում աշխատող գործարարներով, պատգամավորներով ու պաշտոնյաներով հավաքվել էին ու իրենք իրենց պատժելու մասին էին պայմանավորվում. մի՞թե սա պոպուլիստական եւ անիրականանալի հայտարարություն չէ՝ մեր այս հարցին պարոն Մելքումյանն ասաց. «Այդ մարդիկ հիմա լրացուցիչ շատ եկամուտներ ստանալու պահանջ չունեն, որքան ունեին առաջ»: Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ արդեն «կշտացե՞լ են», պատգամավորը հորդորեց չշեղել իրեն պատասխանից ու շարունակեց նախորդ հարցի պատասխանը. «Ասում եմ այն, ինչ կա: Հիմա լավ վարչապետի, ժողովրդական վարչապետի, ժողովրդի համար լավ գործեր անելու արժեքն իրենց համար ավելի մեծ է, քան այդ բիզնեսից էլի եկամուտներ ստանալը: Այս պահին իրենց համար կարեւոր չէ X թվին գումարած 0.15, թե 0.25 եկամուտ կունենան: Հստակ համոզված եմ, որովհետեւ եթե իրենք որպես վարչապետ, որպես կարեւոր նախարարներ՝ ձախողում են, սա նրանց ներաշխարհի եւ հոգեկանի վրա եւ ընդհանրապես՝ շատ ավելի բացասական ազդեցություն կունենա, քան… Դրված է նաեւ Հայաստանի ապագայի հարցը՝ հաշվի առեք, որ հիմա ոչ թե 2008-2009 թվականներն են, այլ գալիս է 2017-ը, պետության համար ջրբաժանային է: 2017 թվական նշելով՝ սովորական ընտրության մասին չէ խոսքը, այլ պետական կառուցվածքի, «обустройстве государства», Հայաստանի ապագայի հարցն է այսօր դրված: Դրա համար ես կարծում եմ՝ իրենց համար լավ աշխատելը, ժողովրդի կողմից սիրված, հարգված լինելն ավելի մեծ արժեք է, քան լրացուցիչ եկամուտները: Համոզված եմ ասում»:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ պաշտոնավարման սկզբից մինչեւ վերջ խոսում էր ստվերի դեմ պայքարի, հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, կոռուպցիայի եւ օլիգարխիայի դեմ պայքարի մասին: Հիմա ստվերի դեմ պայքարի մասին խոսում է նոր վարչապետը: «Առավոտը» Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ ստվերի դեմ պայքարը չհաջողվեց նախորդ վարչապետին, որովհետեւ թո՞ւյլ էր, գուցե Հովիկ Աբրահամյանն ավելի՞ ազդեցիկ է եւ մեծ հեղինակություն է վայելում ստվերում աշխատող գործարարների շրջանում եւ կարող է ազդել գործարարների վրա:

ԲՀԿ ներկայացուցիչն այս առնչությամբ ասաց. «Ես ներկայիս վարչապետին էլ եմ ասել, նախկինին էլ եմ ասել՝ մինչեւ որ վարչապետը եւ մի շարք առանցքային նախարարներ քաղաքական որոշումների վրա չունենան 50%-ի չափ ազդեցություն, նորից կրկնվելու է այն, ինչ եղել է: Սա նշանակում է, որ եթե վարչապետը եւ կառավարությունն այսօր որոշել են օրինակ՝ կուտակային համակարգը չեղյալ անել, բայց անեն այն մեթոդով, որ նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների մոտ վախ չառաջացնեն Հայաստանի՝ ռեֆորմատորի իմիջի վրա, ուրեմն պետք է այդ 50%-ը ունենան՝ նախագահի հետ այդ վետոյի իրավունքով, ոչ թե նախագահը մենակ պետք է որոշի:

Օրինակ՝ Տիգրան Սարգսյանը չուներ դա, միգուցե սկզբում ուներ. առաջին մեկ տարում, որպես կանոն, ունենում են: Հիմա կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանը պետք է ունենա դա: Կամ ասենք՝ խնդիր ենք դնում նվազագույն աշխատավարձը 1 տարում կրկնապատկել. ասում ենք՝ սրան այլընտրանք չկա, կամ ինչ-որ մեկն աշխատում է էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարար եւ ասում է՝ ես աշխատում եմ նախարար այս պայմաններով, ունեմ ծրագիր 5 քայլով: Եթե դուք թույլ եք տալիս՝ ես կաշխատեմ, եթե ոչ՝ ես գնում եմ: Հիմնականում տնտեսական բլոկի նախարարներն են պատասխանատու տնտեսական աճի ու զարգացման համար: Եթե Հովիկ Աբրահամյանին հաջողվի իր մի քանի առանցքային նախարարների հետ միասին քաղաքական որոշումների վրա ունենալ այդ 50% ազդեցությունը, ուրեմն կհաջողվի ինչ-որ բան լուծել, եթե ոչ՝ ուրեմն չի հաջողվի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031