Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը Մոսկվայի համար գոյություն չունի». Արա Պապյան

Մայիս 20,2014 14:43

Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանի համոզմամբ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության շեշտադրումները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը Արևմուտքի կողմից հայկական կողմի վրա ուղղված ճնշման նախաքայլերն են:

«Վերջին շրջանում Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ տարբեր հայտարարություններ են լինում: Թեեւ առիթը զինադադարի կնքման 20-ամյակն էր, սակայն, իմ կարծիքով, դրանք ավելի շատ քաղաքական հայտարարություններ են: Ղարաբաղի հակամարտությունը մենք չենք կարող դիտարկել մեկուսի` անտեսելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները… Եթե 1990-ական թթ., Արևմուտքը և Ռուսաստանը համագործակցության փուլում էին, դրան հաջորդեց որոշակի դիմակայություն, այժմ ակնհայտ է, որ կա հակամարտություն: Ուկրաինայի վերջին դեպքերը հստակ այդ բաժանարար գիծը դրեցին, և մենք` ՄԱԿ-ում մեր քվեարկությամբ եւ Մաքսային միությանը անդամակցելու հայտարարությամբ, հայտնվեցինք ռուսական ճամբարում»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Արա Պապյանը:

Պարոն Պապյանի կարծիքով, «Հայաստանը գոյություն չունի Մոսկվայի համար»՝ հաշվի առնելով, որ Մոսկվան ոչ մի կերպ Արեւմուտքի հայտարարություններին չարձագանքեց. «Հիշեցնենք, որ երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին, Ադրբեջանին զենքի մատակարարումը շարունակվեց: Հույս դնել, որ Ռուսաստանը կարողություն կամ ցանկություն ունի Հայաստանին պաշտպանել, սին պատրանքներ են: Սեփական շահերը պահանջում են Ռուսաստանից հարաբերությունները լավացնել Ադրբեջանի հետ… Ռուսաստանը եւս մեկ անգամ փորձ կանի Հայաստանի հաշվին հարաբերությունները լավացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»:

Քաղաքական փորձագետը նաեւ նկատեց, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը պատճառաբանվում էր նաեւ «Ղարաբաղի անվտանգության հարցով», նշվում էին Ռուսաստանի ճնշող լծակներ և պետք է այնպես աներ «որ ավելի վատ չլինի». «Բայց մոռացվում էր, որ Արևմուտքը նույնպես լծակներ ունի և այս հայտարարությունները հենց այս լծակների բանեցման նախաքայլեր են»:

Պարոն Պապյանի համար Արեւմուտքի ճնշումները տրամաբանական են, եթե ցույց տվեցինք, որը ընդունում ենք ոչ թե համագործակցությունը, այլ ենթարկվում ենք ճնշմանը, ապա տրամաբանական էր, որ Արևմուտքը նույնպես պետք է գնար ճնշման. «Ես կանխատեսում եմ ավելի կոշտ մոտեցում Հայաստանի դեմ: Արևմուտքը պետք է ցույց տա, որ Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանել իր շահերը և դաշնակիցներին: Ու ավելի կոշտ ճնշումներ եմ ակնկալում հատկապես Ղարաբաղի հարցում »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031