Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Այլ ելք չկա՝ ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվելու». «Հայոց աշխարհ»

Մայիս 24,2014 10:34

Մեր զրուցակիցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆՆ է

-Կառավարությունը փոխվեց, բայց քառյակի, հատկապես «արմատականության» դրոշակակիր ՀԱԿ-ի գնահատականները, նորանշանակ կառավարությանն ուղղված մեղադրանքների «տոնայնությունը» մնում է նույնը։ Սա այլեւս դառնում է հայրենի քաղաքական մշակույթի «պարտադիր բաղադրի՞չը»։
-Յուրաքանչյուրը հանդես եկավ այն բառապաշարով, քաղաքական այն վարքագծի շրջանակներում, որին տարիներ շարունակ ականատես ենք ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ հրապարակային այլ հարթակներում։
«Արմատական» դիրքերից հանդես եկողները, ծրագիրը թողած, ոչ թե քննադատում, այլ վիրավորում էին կառավարության անդամներին՝ շատ լավ իմանալով, որ վիրավորանքներին վիրավորանքներով պատասխանելը մեր գործելաոճը չէ։ Երբ ասում ենք՝ հանդուրժողական ենք, ընդդիմախոսներին լսել գիտենք, իրականում սրանք միայն խոսքեր չեն, բայց այդ հանդուրժողականությունը անսահման չէ. ինչքան մի կողմից այդ հանդուրժողականությունը կա, այնքան մյուս կողմը երես է առնում։
Եվ հետո, հարց է առաջանում՝ իսկ ովքե՞ր են դատավորները. մարդիկ, որ խոսում են Աստվածաշնչից, բայց վաղուց արդեն սատանայի հետ «գործարքի» մեջ են։ Եթե մեկը խոսում է իշխանության գալու մասին, հավակնում բարձր պաշտոնների, սրան-նրան սովորեցնում, դասեր տալիս՝ ինչպես կարելի է եւ ինչպես չի կարելի ղեկավարել երկիրը, բայց մի հասարակ 7 հոգանոց խմբակցություն չի կարողանում կառավարել, նրա ասածներին լուրջ վերաբերվելը մեր կողմից արդեն իսկ անլուրջ կլիներ։
Իհարկե, եղան նաեւ կառուցողական ելույթներ։ Նույն Հրանտ Բագրատյանի ելույթը առնվազն մտահոգ, գիտակ մարդու ելույթ էր՝ հենց այնպես, ինքնանպատակ, անձնավորված քննադատություն չէր, զգացվում էր, որ պատրաստ է իր առաջարկություններով, խորհուրդներով օգնել կառավարությանը՝ լուծելու իր առջեւ դրված խնդիրները։ Եվ դա շատ կարեւոր է, չնայած նախկին վարչապետի հետ կապված՝ ինքն էլ որոշակի անձնավորված դրսեւորումներ ուներ։
Գոնե այս դեպքում այդպես չէր, եւ պատահական չէ, որ վարչապետն էլ իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ այդ փաստին, պատրաստակամություն հայտնեց լսելու եւ քննարկելու բոլոր կառուցողական առաջարկությունները։ Որեւէ մեկը չի հավակնում ամենագետի կարգավիճակի, եւ եթե մեր գործընկերների կողմից առաջարկվեն ավելի արդյունավետ լուծումներ, կարծում եմ, այդ լուծումները կարժանանան կառավարության հավանությանը, առավել եւս, որ ընդդիմության առաջարկներից շատերը արդեն իսկ տեղ են գտել կառավարության ծրագրում։
-Մի կողմից՝ ասվում է, որ ծրագիրը լի է անորոշություններով, կառավարությունն իջեցրել է նախորդ «կաբինետի» ստանձնած հանձնառությունների նշաձողը, մյուս կողմից՝ խոսվում է «սինգապուրյան հրաշքը» կրկնելու մասին։ Կառավարության ծրագիրն ընձեռո՞ւմ է այդ հնարավորությունը։
-Կարծում եմ, կառավարության յուրաքանչյուր անդամից համառ եւ հետեւողական աշխատանք, ջանք ու եռանդ է պահանջվելու ծրագրում ամրագրված ցուցանիշներն իրականացնելու համար։ Ինչո՞ւ. որովհետեւ մենք լուսնի վրա չենք ապրում՝ Երկիր մոլորակի մի մասն ենք, եւ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։
2008թ. կառավարության ծրագրում բավական բարձր, հավակնոտ ցուցանիշներ ամրագրվեցին, բայց այդ ցուցանիշները կյանքի չկոչվեցին։ Այդ առումով, շատ ավելի ճիշտ է հնարավորի սահմանն ամրագրել, հետագայում եթե ավելի լավ ցուցանիշներ արձանագրվեն՝ փառք ու պատիվ վարչապետին եւ կառավարության անդամներին։
Մեր ընդդիմախոսներն ասում են՝ սա ավելի շուտ բարի ցանկությունների հռչակագիր է, բայց ես այդ կարծիքին չեմ. ծրագրում ամրագրված թիրախները, նպատակները բավական կոնկրետ են, շարադրանքը նույնպես հստակ է։
Հիմնական երեք ցուցանիշները՝ 5 տոկոս տարեկան տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ 65 հազար դրամի, աղքատության կրճատում 10 տոկոսային կետով, որը նշված ցուցանիշներից երեւի թե ամենահավակնոտն է, իրատեսական են եւ համապատասխանում են երկրի առջեւ կանգնած ներքին եւ արտաքին մարտահրավերներին։
-ՕԵԿ խմբակցության հարցադրումը՝ ինչպե՞ս կարող է աղքատության մակարդակը կրճատվել 10 տոկոսային կետով, եթե նախատեսվող տարեկան տնտեսական աճն ընդամենը 5 տոկոս է, օրինաչափ չէ՞, ձեր կարծիքով։
-Կառավարության ծրագրի «մեխը» հենց դա է։ Ծրագիրն ուղղված է նախ եւ առաջ երկրում սոցիալական հավասարության հաստատմանը։ Խոշոր գործարարների հետ վարչապետի հանդիպումը եւ խաղի կանոնների ճշգրտումը, ժամանակային հստակ սահմանափակումը՝ մինչեւ հուլիսի 1-ը, այս ամենը միտված է մի նպատակի. եկամուտների վերաբաշխում՝ հարուստներից ավելի աղքատ, ոչ ունեւոր խմբերին։ Այլ ելք չկա՝ ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվելու։
Հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից ներդրվում է աշխատավարձերի նոր, միասնական համակարգը, սա, անկասկած, գլոբալ առումով իր ազդեցությունն է ունենալու աշխատավարձերի ձեւավորման վրա, ինչը, ի դեպ, նույնպես տեղ է գտել կառավարության ծրագրում։
Անշարժ գույքի միասնական հարկի վերաբերյալ մայր օրենքի նախագիծը, մի շարք այլ նախագծեր, որոնք առաջիկայում կներկայացվեն խորհրդարան, նմանապես ուղղված են լինելու հենց այդ գլխավոր նպատակի իրականացմանը։ Առավել նպաստավոր պայմաններ ստեղծել փոքր, միջին բիզնեսի համար, կանգնել գյուղացու կողքին՝ սուբսիդավորել գյուղատնտեսական արտադրանքը. սրա՛նք են այն ճանապարհները, որոնք փաստացի պետք է ապահովեն աղքատության կրճատումը 10 տոկոսային կետով՝ մեղմելով սոցիալական բեւեռացումը։
Կարծում եմ, վարչապետը, քաջատեղյակ լինելով գյուղի, գյուղացու հոգսերին, շատ լավ պատկերացնելով աշխատող մարդու խնդիրները, ի վիճակի է, ունակ է եւ իր աշխատանքով նպատակաուղղված է հենց այդ մոտեցումների շրջանակներում արձանագրված թիրախային ցուցանիշների իրականացմանը։ Ես ոչ միայն լավատես, այլեւ այս պարագայում նաեւ իրատես եմ։ Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն իրոք հաջողելու է, եւ վերջին տարիների ոչ այնքան ցանկալի զարգացումներն այլեւս մնալու են անցյալում։

-Վարչապետերի ակումբ ստեղծելու գաղափարին ինչպե՞ս եք վերաբերվում։
-Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կզարգանան աշխատանքները, բայց, կարծում եմ, ողջունելի նախաձեռնություն է՝ ի մի բերել Հայաստանի 11 վարչապետներին եւ հնարավորություն տալ՝ իրենց կարողություններով, փորձով, գիտելիքներով օգտակար լինել մեր ժողովրդին եւ պետությանը։ Ընդհանրապես արդյունավետ լուծումներ գտնելու ճանապարհին ինչքան շատ լինեն նմանատիպ միավորիչ նախաձեռնությունները, այնքան լավ, որովհետեւ այն, ինչը միավորում է, աստվածահաճո է։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պապին Դավթյան ,Հռոմ,Իտալիա says:

    ՈՐՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐԸ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

    1․Քաղաքական իշխանության հեռացումը,որը պետք էլինի պարտադիր պայման
    2․ՊԵՏՔ է հրատարակվի ԿԳԲ -Ի գործակալների ցուցակը,որը Հայաստանում կազմում 300 000 մարդ
    3․Պետք է հայտարարվի ամունիստիա ԿԳԲ-Ի գործակալների նկատմամբ,որպեսզի հետագա բռնություներ չլինեն
    4․Կգբ-ի գործակալներին արգելվի բացի բիզնեսից միյուս աշխատանքներին նշանակվելուն
    5․Հայաստանում օրենք պետք է ընդունվի սեփականության անձեռնամխելության վերաբերյալ,որպեսզի կուտակված կապիտալը չփոշիացվի,այդ կլինի թալանված,գողացված և այլն
    6․Արգելվի բիզնեսմեններին և ԿԳԲ-ի գործակալներին կամ տեղական կամ պետական պաշտոններում ընտրվել կամ նշանակվել
    7․Ազատ մրցակցությունն ընդունել գլխավոր պայման տնտեսական գործնեությունում
    8․Օրենսդիր,գործադիր,դատական և 4-րդ իշխանությունների հակաշռելիություն ապահովել
    9․Հայտարարաել մանեֆեստ մինչև 3 տարի ունեցող դատապարտյալներին ազատել միանգամից կալանքից,իսկ ցմահ դատապարտվածներին 15 տարի դարձնել
    10․Հայերի և հայաստանցիների․Օտարերկյա բանկերում կամ բիզնեսներում եղած գումարները ուղղել հայաստան
    11․Հայաստանում 30 խորհրարանի պատգամավորի տեղ տրամադել սփյուռքահայությանը
    12․Օրենքը և օրինականությունն ընդունել գերակա բոլոր հարաբերություններում
    Այս բոլորի դեպքում նոր հայաստանը կսկսի զարգանալ,թե չէ մուկ ու կատու խաղալով հայաստանը լրիվ կկործանվի․․․
    ՍԱ է փրկության միակ ու միակ ձևը․․․

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031