Լրահոս
Օրվա լրահոսը

Գնումները գաղտնի են դարձնում, որ ի՞նչ անեն

Մայիս 29,2014 14:46

Որ իրենց պատկանող ընկերությունների՞ց կոնյակ, բենզին ու հաց գնեն

Կառավարությունն անհանգստանալով երկրի առաջին 3 դեմքերի՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի անվտանգությամբ՝ ծրագրել է այս անձանց սննդի ձեռք բերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները գաղտնի գնումներով իրականացնել: Այս առիթով կառավարությունը «Պետական գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ է նախաձեռնել եւ փաթեթ ներկայացրել Ազգային ժողով: Օրենքների լրամշակված տարբերակն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է:

Երեկ էլ է ԱԺ-ում քննարկվել փաթեթը, եւ որոշ պատգամավորներ առաջարկել են, որ գոնե ծախսերը ներկայացվեն:

Ընդհանրապես, պետական գնումների ոլորտը մասնագետների կողմից միշտ համարվել է կոռուպցիոն ռիսկ պարունակող. այստեղ Վերահսկիչ պալատն ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեղերի, շինարարության ու այլ ոլորտներում պետբյուջեի ոչ արդյունավետ ծախսեր է բացահայտել: Սակայն ներկայումս պետական գնումները քիչ թե շատ թափանցիկ են, հանրությունը կարող է տեսնել, թե պետբյուջեի հաշվին ո՛ր ընկերությունից ի՛նչ տեսակի ու քանակի ապրանք է ձեռք բերվել, բայց նույնիսկ այս թափանցիկության պարագայում կոռուպցիան չի բացառվում: Այսինքն՝ փաստաթղթերով ամեն ինչ կարող է կարգին լինել, բայց հաշվետվությունները նայելով՝ վերահսկողները պարզեն, որ ասենք՝ անհիմն ծախսեր շատ են եղել: Օրինակ՝ նախագահականի գնումների պլանում 700-ից ավելի խոհանոցային եւ սեղանի դանակների ձեռք բերումը կամ այլ գերատեսչություններում մի քանի հարյուրի հասնող թանկարժեք կոնյակների գնումները թափանցիկ են, սակայն թե դրանք որքանով են նպատակին ծառայել՝ այդ մասին հանրությունը որեւէ կերպ չի տեղեկանում:

«Առավոտի» հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշն Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասաց, որ գնումների հաշվետվությունները հրապարակելը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ մաքուր է, հաշվետվությունները նայելով՝ ընդամենը հնարավոր է տեսնել կոռուպցիոն ռիսկը, որից հետո իրավապահ մարմինները պետք է մտնեն խաղի մեջ: Պարոն Հոկտանյանի դիտարկմամբ՝ եթե անգամ անհրաժեշտություն կա երկրի 3 գլխավոր դեմքերի կեցության համար գնումները գաղտնի դարձնել, ապա կառավարությունը պարտավոր է հիմնավորել՝ ինչո՞ւ, պարզապես ասել, որ անվտանգությունն ապահովելու համար է, դա այնքան էլ լուրջ չէ: Ըստ հ/կ-ի նախագահի՝ կառավարությունը պետք է տեղեկացնի, ասենք՝ նախկինում ՀՀ նախագահի նկատմամբ մահափորձ է կատարվել՝ դրա համար էլ անվտանգությունը խստացնելու համար գնումները գաղտնի են ուզում դարձնել: Պարոն Հոկտանյանի խոսքերով՝ կարող են ասել, որ բարձրաստիճան այդ պաշտոնյաներն ինչ ուտում են, պետք է գաղտնի լինի, որովհետեւ Հայաստանը լուրջ թշնամիներ ունի, որոնք փորձելու են վերացնել մեր ղեկավարներին. «Երեւի իրենք ունեն հետախուզական տվյալներ, ասենք՝ Ադրբեջանը լրջորեն գործի է անցել՝ բարձրագույն ղեկավարությանը շարքից հանելու. տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, երբ ասվում է, որ մենք փաստացի պատերազմական վիճակում ենք Ադրբեջանի հետ: Պատմության մեջ նման դեպքեր եղել են, օրինակ՝ Արաֆաթի դեպքը (նկատի ունի Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթի թունավորումը- Ն. Բ.): Բայց պետք է ուսումնասիրվի՝ մինչեւ հիմա նման դեպքեր եղե՞լ են, գուցե իսկապես եղել են, թեեւ դրանք փակ տվյալներ են: Իսկ եթե այդ տրամաբանությամբ են շարժվում, ապա նաեւ պաշտպանության նախարարության բոլոր գնումները պետք է գաղտնի լինեն»:
Չնայած պարոն Հոկտանյանը արտաքին թշնամուց է վտանգ տեսնում, սակայն օրենքը ենթադրում է, որ կառավարությունը վտանգն ավելի շատ ներքին «թշնամուց» է սպասում:
«Ասում են՝ եկեք գնումները գաղտնի դարձնենք, ու բերում են փաստարկներ, բայց ո՞վ է ստուգողն այդ վտանգի, սա է խնդիրը: Կներեք, բայց մենք ինչո՞ւ պետք է հավատանք, որ իսկապես պետք է գաղտնի դառնա»,- ասաց պարոն Հոկտանյանը:

Օրենսդրական նախաձեռնությունն արդարացնելու համար կարող են օրինակ բերել, որ ասենք՝ նախագահի մեքենայի մեջ ռումբ են ուզել դնել, բայց ինչպես ասաց հ/կ-ի նախագահը, այդ հիմնավորումն անհնար է ստուգել. «Թափանցիկության պակասը խնդիրը դարձնում է սպեկուլյացիաների առարկա: Կարող են ասել՝ դա իրոք պետք է, բայց, այդպիսով նրանք հերթական ոլորտն են փակում, որպեսզի հանրությունը որեւէ ինֆորմացիա չունենա»:

Նկատենք, որ եթե անգամ այդ գաղտնի պետգնումներում ներկայացվի, թե հարկատուների հաշվին նախագահի համար գնված վարունգների համար որքան գումար է վճարվել, բայց գաղտնի պահվի մատակարարի անունը, ապա ոլորտը խոշորացույցի տակ պահողներին դժվար կլինի պարզել՝ արդյոք մատակարարը պաշտոնյաների հետ փոխկապակցվա՞ծ անձ է, թե՞ ոչ:

«Հենց այստեղ է կոռուպցիոն ռիկսը: Իհարկե, իրենք բիզնես չունեն, բայց իրենց հորեղբոր տղաներն ու հորաքրոջ աղջիկներն են գնումներին մասնակցում, գուցե նրանք վստահելի վարունգ են մատակարարում, եւ թունավորված չէ: Եթե մինչեւ հիմա այս հարցը չէր բարձրացվում, 2 պատճառ կա՝ ուզում են այդ գնումները գաղտնի դարձնել, որպեսզի իրենց մերձավորներն օգտվեն՝ իրենց հետ փոխկապակցված ընկերություններով, բայց նաեւ հնարավոր է՝ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մի կասկածելի բան են կերել: Բայց թող ասեն, չնայած մենք այնպիսի երկրում չենք ապրում, որ ամեն ինչ ցույց տան»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031