Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց՝ «ասեղի վրա նստածի» հետ

Մայիս 30,2014 14:05
tmramol

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝
Հայաստանում թմրամիջոցների ներարկային գործածողների թիվը 5000 է

Զրուցակիցս 5000-ի մեջ չի մտնում, որովհետեւ նա այդ մասին գերադասում է լռել, թաքցնել, խուսափում է բժշկի դիմել: Ինչպես ասում է՝ «ինքն իր յուղի մեջ լուռ տապակվում է»:

Արսեն Հ.-ն երեսունհինգ տարեկան է: Բարձրագույն կրթություն ունի, ավարտել էր գյուղակադեմիան, ամուսնացած չէ: Իր ասելով՝ այնքան է «խորացել» թմրանյութի պատմության մեջ, որ ոչ միայն հետ չի կանգնի, այլ վախենում է մեկ ուրիշին մեղքի տակ գցել:

Ուսանողական տարիներին իրենց բուհի զուգարանում առաջին անգամ օգտագործել է «պլան», որը, ըստ նրա, նույն մարիխուանան է: Այն պատրաստվում է կանեփի չորացած տերեւներից:

Երիտասարդ թմրամոլը համաձայնում է «լուսավորել» ինձ՝ ներկայացնելով նաեւ «կանաչի» մյուս տեսակները:

Ըստ նրա՝ կա «հարուստների համար թմրանյութ», դա կոկայինն է, թերեւս ամենավտանգավորը: Այն ներարկման միջոցով է օգտագործվում կամ՝ լնդերին քսելու:
Արսեն Հ.-ն ափիոն, օփիում, հաշիշ, հերոին թմրամիջոցների իմ իմացած ցանկին ավելացնում է «ակումբային թմրամիջոց» համարվող էքստազինը:
Դրա ազդեցությունը 3-6 ժամ է, երբ աշխարհը ծնկներիցդ վեր է երեւում՝ երկնքում, իսկ էքստազինի կուլ տված հաբը, նրա խոսքով՝ ինքնաձիգի պարկուճ է հիշեցնում:
Արսեն Հ.-ի՝ թմրամիջոցների նկատմամբ կախվածությունն առաջացել է դեպրեսիայից՝ սիրելիին մեկ ուրիշի հետ տեսնելուց հետո:

«Զորացրվելուց հետո եկա, մտածում էի՝ կամուսնանամ, այլեւս երջանիկ մեկն եմ: Մինչ բանակ գնալը Անահիտի հետ հանդիպել եմ: Վեց ամիս՝ ամեն օր: Թե ծառայությունս ինչպես անցավ, չեմ կարող պատմել. անվերջ նրա մասին եմ մտածել: Բանաստեղծություններ էի գրում, երգեր»,- պատմում է Արսենը: Նա հիշում է, որ կարոտից մի անգամ ջերմությունը բարձրացել էր, դարձել էր ինքնամփոփ, եւ որպեսզի նրան այդ վիճակից դուրս բերեն, զորամասի երիտասարդ հրամանատարը դիմում է Արսենի ծնողներին, գտնում նրա սիրած աղջկան՝ Անահիտին:

Զորամասում անակնկալ հանդիպումից հետո Արսենն իրեն համարում էր ամենաերջանիկներից մեկը:

«Ծառայությունս ավարտվեց: Եկա, անմիջապես զանգեցի Անահիտին: Նա հեռախոսին մոտ չեկավ: Ողջ օրը փնտրեցի նրան, ուզում էի հանկարծակիի բերել. չէի ասել վերադարձիս մասին»,- պատմում է Արսենը: Նա ընկերոջ հետ որոշում է Անահիտի տան մոտ «հերթապահել»: Կեսգիշերին վերջապես սիրած աղջիկը մեկ այլ երիտասարդի հետ տուն է վերադառնում, գրկախառնված, երջանիկ…

«Չհավատացի աչքերիս: Ուզեցի առաջանալ: Չկարողացա: Ընկերս քաշեց թեւիցս, նստեցրեց մեքենան: Ծխեցի: Մերոնք մի քանի օր ոչինչ չէին հասկանում ինձնից: Նրանց թվում էր, թե բանակից գալուց հետո փոխվել եմ: Մտածում էին, թե ինչ-որ բան եմ թաքցնում, տառապում եմ: Հետո «լոմկի» մեջ ընկա: Ոնց ասեմ, «լոմկան», ոնց որ սոված լինես, քաղց ես զգում, ուզում ես անջատվել, ներսիդ ցավը քեզնից դուրս ուղարկել: Անընդհատ ուզում էի կամ «ասեղի վրա նստել», կամ…ինչ կպատահեր»,- շարունակում է նա:

Որպեսզի ծնողներն արտառոց ոչինչ չնկատեին, հրաժարվում է ներարկումներն անել թեւերից, ասեղն ուղիղ ոտքի վրա էր մտցնում, հաճախ՝ գուլպայի վրայից, երբ կարիքը զգացվում էր:

Արսենն ասում է, որ գրեթե չի քնում, արյան ճնշումը բարձր է:

Իմ հարցին, թե ոնց է խուսափում իրավապահներից, ոստիկաններից, չէ՞ որ հաճախ «նրանց մարդիկ» են թմրամիջոցի վաճառքն իրականացնում, որպեսզի նաեւ իրենց «ցանցը» գցեն, ասում է, որ մի քանի անգամ բռնվել է եւ տուգանվել 200 000 դրամով:

Գ. ՈՍԿԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031