Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալ ենք, Նուրսուլթան Աբիշեւիչ

Հունիս 04,2014 14:30

Էս ինչ տիեզերական աղմուկ եք բարձրացրել՝ առանց Ղարաբաղի ենք մտնում Եվրասիական: Թե չէ՝ ղարաբաղցիներն ամբողջ օրը երազել են այդ ձեր Եվրասիականին միանալու մասին: Այդ մենք՝ հայաստանցիներս ենք, որ հենց նոր միություն ենք տեսնում, անմիջապես գլխապատառ նետվում ենք, ինչպես երեխաներն են ամառվա շոգին նետվում ջրավազանը: Ախր այդ ջրավազանում դեռ ջուր էլ չկա, չի էլ գործում այդ Եվրասիականը:
Հաշվի չեք առնում, որ ղարաբաղցիները միացող չեն, նրանք հիմնականում անջատվող են: Հայաստանից էլ են ժամանակին անջատվել: Բա, չե՞ք հիշում 1989 թվականի դեկտեմբերը, երբ միացան մեզ, հետո երեւի տեսան՝ լավ չի, սկսեցին զբաղվել իրենց սիրած գործով՝ ազգային ինքնորոշմամբ ու անկախացմամբ: Տարի է եղել՝ երկու անգամ են անկախացել ու ինքնորոշվել: 1991-ի սեպտեմբերին մի անգամ անկախացան, հետո դուրները եկավ, մի քանի ամիս անց՝ դեկտեմբերին, կրկնեցին:

Ու մենք շնորհակալ պիտի լինենք Ղազախստանի նախագահին, որ կանխեց ղարաբաղցիների մուտքը Եվրասիական միություն: Թե չէ, պատկերացնո՞ւմ եք՝ մեզ հետ միասին մտնեին, հետո մի քանի ամսից կրկին որոշեին ինքնորոշվել ու անկախանալ: Միջազգային սկանդալ՝ նորաստեղծ միությունը՝ դեռ չկայացած, արդեն քանդվում է: Բա որ ղարաբաղցիների օրինակը վարակիչ դառնար, եւ Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանն էլ որոշեին դուրս գալ: Կմնար միայն Հայաստանը: Կրթության ու գիտության նախարարի առաջարկը՝ Հայաստանը Արեւելյան Հայաստան անվանակոչելու մասին, չէր էլ իրականանա: Միությունում կմնայինք միայն մենք ու մեխանիկորեն կդառնայինք Հայաստանի Եվրասիական հանրապետություն:

Ու նաեւ չեմ հասկանում՝ եթե մենք մի տեղ մտնում ենք, անպայման Ղարաբաղի՞ն էլ երեխայի նման հետներս պիտի քարշ տանք: Իսկ միգուցե ղարաբաղցիներն ուզում են Եվրամիության հետ սկսել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Եթե մեզ մոտ չստացվեց, դա ամենեւին չի նշանակում, որ ղարաբաղցիների մոտ էլ չի ստացվի: Իսկ եթե նրանց մոտ ստացվեց, չի բացառվում, որ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի օրինակով մեր Սյունիքն ու Տավուշն էլ որոշեն դուրս գալ Հայաստանի կազմից եւ միանալ Ղարաբաղին…
Ընդհանրապես, մենք շատ վատ ենք օգտագործում երկու պետություն ունենալու եզակի հնարավորությունը: Մասնագետները միշտ ասում են՝ բոլոր ձվերը երբեք մի զամբյուղի մեջ մի՛ դրեք, եկեք մենք էլ մեր երկու պետությունները տարբեր միությունների մեջ դասավորենք, որպեսզի մեր առանց այն էլ բազմաչարչար ժողովուրդն այլընտրանք ունենա: Դրա համար էլ մենք ինքներս պիտի շահագրգիռ լինենք, որ Ղարաբաղը Եվրասիականին չմիանա, ու կրկին շնորհակալություն հայտնենք Նուրսուլթան Աբիշեւիչին, որ նպաստեց դրան:

Հայաստանում լիքը մարդիկ կան, որոնք բոլորովին չեն ուզում մտնել Եվրասիականի կազմ: Մեկը՝ ես: Է, կգնամ Ղարաբաղ, իրենց հեռուստատեսությունում կաշխատեմ: Ճիշտ է, պատերազմից հետո երբեք Ղարաբաղում չեմ եղել ու չգիտեմ՝ այնտեղ հեռուստատեսությունը անկա՞խ է: Թե՞ Ղարաբաղի նախագահն էլ արդեն փեսա ունի: Ես ինձ համար չեմ հարցնում, որ փեսա դառնամ՝ ինձնից ի՞նչ փեսացու: Զուտ լրագրողական հետաքրքրասիրություն է:

Կամ, օրինակ, ասում եք՝ բա որ Ղազախստանի նախագահը պահանջի Քաշաթաղում մաքսային անցակե՞տ դնել: Իսկ ես կարծում եմ, որ վաղուց պիտի անեինք: Որովհետեւ, բացի անընդհատ անկախանալուց եւ ինքնորոշվելուց, ղարաբաղցիները մի ուրիշ հոբբի էլ ունեն՝ պարբերաբար տարբեր մարդկանց են գործուղում Երեւան, որոնք որոշ ժամանակ անց տեղ են զբաղեցնում Բաղրամյան պողոտայի վրա գտնվող գեղեցիկ շենքում:
Իսկ հիմա, եթե նախկին Լաչինում մաքսային անցակետ տեղադրվի, գոնե կկարողանանք բողոքի նամակ գրել Ղազախստանի նախագահին. «Մեծարգո Նուրսուլթան Աբիշեւիչ: Անթաքույց վրդովմունքով տեղեկացնում ենք Ձեզ, որ օգտվելով այն առիթից, որ Հայաստանի նախագահը հայտարարել է, թե մի քանի տարի հետո այլեւս չի լինելու ո՛չ նախագահ, ո՛չ էլ վարչապետ, ղարաբաղցիները՝ խախտելով բոլոր միջազգային կանոնները, հերթական անգամ առանց մաքսազերծելու նախագահի թեկնածու են արտահանել Հայաստան, իսկ առաջիկա օրերին պատրաստվում են նույնպես առանց մաքսազերծելու, զարտուղի ճանապարհով Երեւան հասցնել նաեւ վարչապետի իրենց թեկնածուին: Հայցում ենք Ձեր օգնությունը»:

Ու ես համոզված եմ, որ Նազարբաեւը մեզ անպայման կաջակցի: Դրա համար էլ Երեւանի ավագանուն առաջարկում եմ վերջնականապես օրակարգից հանել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու վիճահարույց հարցը եւ Մոսկովյան պուրակում տեղադրել Նուրսուլթան Աբիշեւիչի մեծադիր արձանը:

Կողքին էլ կարող ենք Պուտինի ու Բատկայի արձանները տեղադրել: Հո դե՞մ չեք…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Պարսամյան says:

    Հանճարեղ է Արմեն Դուլյան;Առաջարկում եմ նաեվ Պուտինից փող խնդրել Եվրասիական ինտերնացիոնալ այս պուրակն ու արձանները կառուցելու համար;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30