Լրահոս
Օրվա լրահոսը

Անանուխի (ռեհանի, թարխունի, դաղձի, վարդի թերթիկների) օշարակ (տեսանյութ)

Հունիս 08,2014 12:45

Եթե մի քիչ ժամանակ տրամադրեք եւ այժմ, քանի դեռ թարմ անանուխը, ռեհանը (ինչպես կարմիր, այնպես էլ՝ կանաչ), թարխունը եւ վարդի թերթիկները դեռ կան, ու պատրաստեք օշարակներ, ապա ողջ ամառ, ինչու չէ՝ նաեւ աշնանն ու ձմռանը, կունանաք տնական, թարմ հյութ կամ լիմոնադ՝ վիտամինով հարուստ, թարմացնող եւ շատ համեղ:

osharak-7

Անհրաժեշտ մթերքները
Անանուխի (ռեհանի, թարխունի) տերեւներ կամ վարդի թերթիկներ- 300 գրամ
Շաքարավազ- 2 կգ
Ջուր- 3 բաժակ
Կիտրոնաթթու- 2 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Եթե անանուխը (ռեհանը, թարխունը) դեռ շատ մատղաշ է, ապա կարելի է ամբողջապես օգտագործել՝ ցողունի հետ, իսկ եթե ցողունն արդեն բավականին կոշտացել է, ապա միայն տերեւները պոկեք, լավ լվացեք, չորացրեք ու լցրեք թանզիֆի (марля) մեջ: Ավելացրեք կիտրոնաթթուն (լիմոնի աղը), լավ տրորեք: Կապեք թանզիֆի բերանն այնպես, որ տերեւները միջից դուրս չգան:

osharak-6

 

Այդ ընթացքում պատրաստեք շաքարաջուրը: Շաքարն ու ջուրը լցրեք մեծ կաթսայի մեջ, ու խառնելով հասցրեք եռման աստիճանի: Չմոռանաք պարբերաբար խառնել, որպեսզի շաքարը չքարանա եւ չկպնի կաթսայի հատակին: Եռացրեք 20 րոպե: Դրանից հետո թանզիֆը, որի մեջ կանաչին է, զգուշությամբ խորասուզեք կաթսայի մեջ:

osharak-5 Անմիջապես անջատեք գազը: Կափարիչով հերմետիկ փակեք եւ տեղափոխեք գազի վրայից մի անվտանգ ու հեռու տեղ ու շատ լավ ծածկեք որեւէ բրդե ծածկոցով: Ստացվում է, որ անանուխը չի եփվում, այդ իսկ պատճառով վիտամինները հնարավորինս պահպանվում են, բայց որպեսզի իր համն ու հոտը տա, հարկավոր է կաթսան որքան հնարավոր է երկար ժամանակ տաք մնա, դրա համար պետք է լավ փաթաթել:

osharak-4

Մեկ օր հետո՝ ոչ պակաս, քան 24 ժամ, զգուշությամբ բացեք կաթսան, շատ մանրամասն քամեք թանզիֆը: Կանաչին կարող եք նետել աղբաման՝ թանզիֆի հետ միասին: Իսկ օշարակը դրեք կրակին, թողեք մինչեւ եռա, եւս երկու-երեք րոպե թող եփվի եւ անմիջապես լցրեք նախօրոք լավ լվացած, բայց նաեւ լավ չորացրած շշերի մեջ (եթե հանկարծ շիշը թաց լինի, կպայթի եւ եռման օշարակը կթափվի, շատ վտանգավոր է) եւ ամուր փակեք: Օշարակները ավելի քան մեկ տարի կարող են մնալ այսպես:

osharak-3 osharak-2

Յուրաքանչյուր անգամ պատրաստելիս ջրամանի (գրաֆին) մեջ լցրեք 1/10-1/15-րդի չափ օշարակ (կախված նրանից, թե որքան քաղցր եք սիրում), ավելացրեք սառը ջուր, կամ հանքային ջուր:

Կարող եք այս օշարակը օգտագործել նաեւ «Մոխիտո» պատրաստելիս, կարող եք բացված հյութի մեջ լիմոն կտրատել, սառույց լցնել: Շատ թարմացնող հյութ է, որը շատ ավելի նախընտրելի է, քան պատրաստի հյութերը:

Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում.

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»
07.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30