Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնության անձրեւը

Հունիս 28,2014 15:05

Մի քանի օր առաջ Պոպլովոկ սրճարանի մոտ պատահաբար հանդիպեցի իմ հին ծանոթ տղաներից մեկին, ում վաղուց չէի տեսել, եւ նա զարմանալի մի բան հիշեցրեց ինձ՝ իմ տողերը, որոնք գրել էի տարիներ առաջ ու մոռացել:

Ասաց՝ ես հաճախ մեջբերում եմ քո տողերը, ուզում եմ իմանալ՝ ճի՞շտ եմ հիշում. դու գրել էիր՝ մեր բոլոր ձիերը ծնվել են ջրից, եւ որովհետեւ մեր ջրերը քիչ էին, ձիեր քիչ եղան, եւ որովհետեւ ձիերն էին քիչ, ձիավորները քիչ եղան, եւ որովհետեւ ձիավորներն էին քիչ, մեր երկիրը փոքրացավ, փոքրացավ ու մնաց այսքան. այսօր սա է մեր երկիրը:

Եվ նա այնքան ճշգրիտ հիշեց այդ տողերը, որ ես հուզվեցի՝ միաժամանակ տխրելով, որ ես վաղուց չէի հիշում իմ իսկ գրած խոսքը: Ես շնորհակալություն հայտնեցի նրան եւ հետո՝ ավելի ուշ, երբ մենակ նստած սուրճ էի խմում, հիշեցի նաեւ, թե ինչպես անվերջ վերադառնալով մեր զարմանալի եւ մինչեւ օրս չհասկացված էպոսին՝ ուզում էի գրել Դավթի եւ Քեռի Թորոսի Սասնա տուն գիշերով վերադարձի մասին:

Երբ Դավիթը հրամայում է բացել դարպասները քաղաքի, Քեռի Թորոսը կանգնեցնում է նրան՝ ասելով, որ դու ես հրամայել գիշերով փակ պահել քաղաքի դարպասները, ինչո՞ւ ես խախտում քո հրամանը, Դավիթ: Քանի որ քո իսկ դրած օրենքը եթե դու մի անգամ խախտես, ուրիշներն արդեն ամեն օր կխախտեն: Դավիթը անսաց Քեռուն ու գիշերեց դրսում, մինչեւ որ առավոտ իր նշանակած ժամին կբացվեին քաղաքի դարպասները…
Ոսկին ոսկու հետ են կշռում, հարդը՝ հարդի, եւ հիմա էպոսի ոսկեգիր տողերը կանգնում են իմ դեմ. մենք պահո՞ւմ ենք մեր էպոսի ջրածին ավանդույթները, թե՞ խախտելով մեր իսկ սահմանած կանոնները՝ թույլ ենք տալիս, որ ուրիշներն ամեն օր խախտեն:

Մտածում էի նաեւ, որ կարծես թե եկել է ժամանակը, որ մենք պահպանենք Դավթի սահմանած օրենքները, քանի որ մայրը, աշխարհ բերելով իր զավակին, կյանք շնորհելով, նաեւ մահ է պարգեւում նրան եւ այդ ճանապարհով՝ անմահություն: Չնայած այսօր երբեւէ հաստատուն եւ հավերժական թվացող պետություններն ու ժողովուրդները սկսում են խարխլվել, եղբայրը թշնամի է դառնում եղբորը, հարեւանը թշնամու պես է նայում հարեւանին… վերջին օրինակը, թերեւս, Ուկրաինան…

Այնինչ, ինչպես հեռավոր անցյալում, հիմա, այսօր էլ բաց է սիրո եւ անմահության ճանապարհը ե՛ւ պետությունների, ե՛ւ պետական այրերի, ե՛ւ սերունդների համար…
Հետո սրճարանի վրա փոթորկախառն անձրեւ եկավ, մարդիկ խուռներամ վազեցին-հավաքվեցին ծածկի տակ՝ քամիներին թողնելով ճկվող ծառերը, եւ պատկերն այդ՝ փախուստ դեպի միասնություն, ինձ հուշեց զարմանալի պարզունակ մի միտք, որ հիմա, այս պահին փոթորկաբեր անձրեւի տակ հավասարապես մենակ են ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը նույնպես, իսկ համատեղ պաշտպանվելու համար պետք է, որ հավաքվեն նույն ծածկի տակ, նույն ջրի ափին, որտեղից ծնվել էին ու ծնվում են երկիր-ծածկը պահող մեր ձիերն ու ձիավորները:

Չէ՞ որ վաղը նույնպես կարող է անձրեւ լինել, իսկ ավելի ուշ՝ նաեւ ձյուն…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Սատանան իր որդուն տանում է մեկ բլրի վրա՝սատանայություններ սովորեցնելու:Նայիր որդիս,ճանապարհով ձիավոր է անցնում՝ձիուն նստած:Հիմա ձին ծառս կլինի և ձիավորին թամբից կնետի ցած:Այդպես էլ կատարվում է:Որդին հարցնում է,որ ինչպես եղավ՝դու այստեղ նստած ձիուն ստիպեցիր ձիավորին ցած նետել:Հայրը պատասխանում է,որ ինքը բլրի վրա է,բայց մատը ձիու հետևում է:Չեք? կարծում,որ մեր հետևում էլ ինչոր մեկի մատը կա,որից միասնական չենք….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30