Արդյոք Հայաստանը ճի՞շտ ուղղությամբ է շարժվում։
Ռազմավարական խորությունը երկրի՝ ներխուժումը կլանելու, հետ մղելու և դրանից վերականգնվելու կարողության չափանիշն է։ Ավանդաբար այն վերաբերել է հիմնականում աշխարհագրական կամ տարածքային խորությանը։ Երկրի պաշտպանունակությունը, ի թիվս այլ գործոնների, կախված է նրա խոցելի սահմանների և կենսական նշանակության նյարդային կենտրոնների՝ տնտեսական, ռազմական, ժողովրդագրական և լոգիստիկ ծանրակետերի միջև եղած հեռավորությունից։ Աշխարհագրական խորությունը, որի հիմքում «տարածություն» հասկացությունն է, սերտորեն և անմիջականորեն փոխկապակցված է «ժամանակ» հասկացության հետ, քանի որ որքան մեծ է սահմանից մինչև կարևորագույն նյարդային կենտրոն եղած տարածությունը, այնքան ավելի շատ ժամանակ կունենա հարձակման ենթարկված կողմը կազմակերպվելու և արձագանքելու համար։
Ժամանակի ընթացքում ռազմավարական խորության հայեցակարգը զգալիորեն զարգացել է՝ մասամբ ռազմական տեխնոլոգիաների փոփոխությունների, մասամբ էլ այն տարբեր չափեր և ռեսուրսներ ունեցող երկրների համար ավելի կիրառելի և հարմար դարձնելու փորձերի հետևանքով։ Անվտանգային ժամանակակից պայմաններում տեխնոլոգիաները, հատկապես հեռահար ճշգրիտ հարվածներ հասցնելու հնարավորությունը, և գործողությունների արագությունը էապես փոխում են տարածության և ժամանակի ընկալումը պաշտպանական ռազմավարության մեջ ։
Տարածաշրջանային և առանձին երկրների վերաբերյալ քննարկումները նույնպես հետաքրքիր են Հայաստանի դեպքը հասկանալու և վերլուծելու համար։ Ռազմական տեսաբաններն ու պրակտիկ մասնագետների քննարկումների առանցքը, ըստ էության, ռազմավարական խորության հայեցակարգի ընդլայնումն է՝ այն բաժանելով մի քանի շերտերի։
Կարդացեք նաև
Այսօր Հայաստանի համար առավել արդիական են հետևյալները․
- Աշխարհագրական խորություն․ երկրի կենսական կենտրոնների և հնարավոր հարձակման կետերի միջև եղած հեռավորությունը։ Ավելի մեծ հեռավորությունը կարող է ժամանակ տրամադրել մոբիլիզացիայի և պաշտպանության համար։
- Ռազմական խորություն․ պաշտպանության բազմաթիվ շերտեր պահպանելու, անհրաժեշտության դեպքում պահեստազորային ուժերը պահպանելու և մոբիլիզացնելու, ուժերը բացազատելու և գործողությունները շարունակելու կարողությունը՝ նույնիսկ և հատկապես սկզբնական անհաջողություններից հետո ։
- Հասարակական խորություն․ թե՛ քաղաքական ղեկավարության, թե՛ հայ հանրության դիմակայունությունը, պայքարի կամքը, ինչպես նաև ինստիտուտների դիմադրողականակությունը խափանումներին, զոհերին, տնտեսական ճնշմանը, ապատեղեկատվությանը և հարկադրանքի այլ ձևերին ։ Հայաստանի դեպքում հասարակական խորության հետ սերտորեն կապված է՝
• ազգային ինքնության զգացման խորությունը։ Բացի ռազմական կարգապահությունից և հրամաններ կատարելուց, զինվորը պետք է իմանա, թե հանուն ինչի է պայքարում և ինչ է պաշտպանում, որպեսզի պահպան տոկունությունը, հատկապես ծանր իրավիճակներում։ - Ինստիտուցիոնալ խորություն․ վերաբերում է հատկապես զինված ուժերի և ռազմական իսթաբլիշմենթի կարողությանը՝ հարձակման պայմաններում ֆունկցիոնալ և համախմբված մնալու, ինչպես նաև պետության դեմ հարձակման պայմաններում շարունակելու իր գործունեությունը։
- Լոգիստիկ խորություն․ այլընտրանքային ճանապարհներ, երկաթուղիներ, մատակարարման ուղիներ, վառելիքի աղբյուրներ, զինամթերքի արտադրություն։ Հայաստանում սա սերտորեն կապված է աշխարհագրական խորության հետ։
- Ժամանակային խորություն․ որքան ժամանակ ունի Հայաստանը նախազգուշացման, որոշումների կայացման և մոբիլիզացիայի համար, մինչև հակառակորդը կարողանա ստեղծել ռազմավարական fait accompli (կատարված փաստ)։ Այսինքն՝ որքան ժամանակ կա սպառնալիքը հայտնաբերելու, ռեսուրսներ մոբիլիզացնելու, հարմարվելու և որոշումներ կայացնելու համար նախքան սպառնալիքի վճռորոշ դառնալը։
- Տնտեսական/արդյունաբերական խորություն․ երկարատև հակամարտություն վարելու կարողությունը՝ գործողությունները ֆինանսավորելու, մատակարարման շղթաները պահպանելու և տնտեսական խափանումը չեզոքացնելու կարողությունը։
- Աշխարհաքաղաքական և դիվանագիտական խորություն․ դաշինքներ, միջազգային աջակցություն, դիվանագիտական այլընտրանքներ և ռազմավարական մեկուսացումից խուսափելու կարողություն։ Սա կարելի է դիտարկել նաև որպես ռազմավարական ընդլայնում, եթե այն ներառում է ռազմական աջակցություն, թեկուզ առանց անվտանգության երաշխիքների։
Հայաստանի ցուցանիշները
Հայաստանը այս բոլոր չափանիշներով մտահոգիչ ցածր ցուցանիշներ ունի։ Աշխարհագրական խորությանը հասցված վերջին և ամենածանր հարվածը Արցախի կորուստն էր 2023 թվականի սեպտեմբերին։ Հատկանշական է, որ նմանատիպ հարված եղել էր նաև անկախությունից առաջ՝ Նախիջևանի կորստով, որի արմատները, ինչպես և Արցախի դեպքում, 1920-ականների սկզբի խորհրդային որոշումներում էին։
Հետևաբար այսօր Հայաստանը գործնականում չունի աշխարհագրական խորություն՝ նույնիսկ այսպես կոչված անկլավների՝ Տիգրանաշենի, Վերին Ոսկեպարի, Սոֆուլուի և Բարխուդարլուի չհանձնման դեպքում։ Աշխարհագրական առումով այն աշխարհի փոքր երկրների շարքում ամենից «ծանծաղ» երկրներից մեկն է՝ ծովից զուրկ և շրջապատված միմյանց դաշնակից երկու թշնամական պետություններով։ «Անկլավներից», հատկապես Տիգրանաշենից, հրաժարվելը նոր և ճակատագրական հարված կլինի Հայաստանի աշխարհագրական խորությանը (այդ մասին ավելի մանրամասն՝ ստորև)։
Նույնը վերաբերում է ռազմական խորությանը։ Չնայած նոր ռազմական համագործակցության մի շարք համաձայնագրերին և սպառազինության համակարգերի գնումներին՝ Հայաստանի ռազմական կարողությունները 2020 թվականի պատերազմից ի վեր բավարար չափով չեն բարելավվել, իսկ զինված ուժերում ինստիտուցիոնալ համախմբվածությունը որոշ առումով նույնիսկ վատթարացել է։ Ինստիտուցիոնալ խորությունը՝ թե՛ զինված ուժերում, թե՛ ընդհանրապես պետական կառավարման համակարգում, չի բարելավվել և, հաստատապես , «պատերազմի պատրաստ» վիճակում չէ։
Հասարակական խորությունը, ըստ, որոշ ոլորտներում բարելավվել է։ Հայաստանի տնտեսական և արդյունաբերական խորությունը զգալիորեն բարելավվել է, և այս ոլորտում հետագա առաջընթացի հեռանկարները լավ են։ Ավելին, առանձին ոլորտներում բացահայտվել են ապատեղեկատվության եղանակներ, թեև Ադրբեջանի ազդեցությունը հայ հասարակական կարծիքի ձևավորման գործում շարունակում է մնալ լուրջ մտահոգություն։ Սակայն ծանր հարված է հասցվել Հայաստանի՝ պայքարելու կամքին և հանուն արդար նպատակի մարտնչելու պատրաստակամությանը։ 2020 թվականի պատերազմի սկզբում հայ հասարակությունը ցուցաբերեց դիմակայունության շատ ավելի բարձր աստիճան, քան պատերազմից հետո։ Պարտվողականությունն ու նոր պատերազմից վախը տարածվեցին հասարակության մեջ՝ մեծապես հենց կառավարության քարոզի և խրախուսման հետևանքով։ Զգալի կասկած և շփոթություն է տարածվել նաև հայոց ազգային ինքնության վերաբերյալ՝ մեծապես Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը միմյանցից բաժանելու, ինչպես նաև վարչակազմի կողմից տարածվող «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում պատմական Հայաստանի նշանակությունը լուսանցք մղելու ճանապարհով։
Լոգիստիկ խորությունը տուժել է աշխարհագրական խորության հետ զուգընթաց և կհասնի կրիտիկական մակարդակի, եթե այսպես կոչված անկլավները հանձնվեն։ Նույն տրամաբանությամբ, ժամանակային խորությունը Հայաստանում փաստացի գոյություն չունի։
Ի վերջո, աշխարհաքաղաքական և դիվանագիտական խորությունը բարելավվել է։ Հայաստանի արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացումը՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ համաձայնությունների միջոցով, ողջունելի զարգացում է թե՛ տնտեսական և առևտրային պատճառներով, թե՛ անվտանգության ոլորտում համագործակցության որոշ համաձայնագրերի առումով։ Գովելի է նաև այն, որ դա արվել է առանց Իրանի հետ կամուրջներն այրելու, թեև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից խուսափել չհաջողվեց։ Այդ վատթարացման տնտեսական և առևտրային հետևանքները դեռ լիովին ի հայտ չեն եկել։
Հայաստանի ներկայիս ուղեգիծը
Հայաստանի կառավարության կողմից 2023 թվականից ի վեր որդեգրած ուղեգիծը կարելի է նկարագրել որպես աշխարհագրական խորության կորուստը քաղաքական և դիվանագիտական խորության ձեռքբերումներով փոխհատուցելու փորձ։
Արցախն ամբողջությամբ զիջելը, նույնիսկ Արցախի բնակչության վերադարձի իրավունքի մասին խոսելուց հրաժարվելը, և Ադրբեջանի բազմաթիվ ոտնձգությունները հանդուրժելը՝ Հայաստանի տարածքում օկուպացված հատվածներից մինչև Բաքվում ապօրինի քաղաքական բանտարկյալներ, Բաքվի հաճախ նվաստացուցիչ պաշտոնական հռետորաբանությունը, օտարերկրյա դիվանագետների քիմքի համար Արցախում պատմության վերաշարադրումը դիտվել են որպես այն գինը, որը պետք է վճարել՝ թեկուզ փխրուն խաղաղության գործընթացը պահպանելու և, հետևաբար, Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար ավելի հեշտ ընդունելի լինելու համար։ Սակայն խաղաղություն դեռ ձեռք չի բերվել, և առայժմ չկա որևէ ապացույց, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ամերիկյան և եվրոպական հետաքրքրությունը երկարաժամկետ ռազմավարական նպատակ է, այլ ոչ թե պարզապես մարտավարական քայլ՝ ուղղված տարածաշրջանում Ռուսաստանի՝ որպես արբիտրի և ուժային միջնորդի դերի նվազեցմանը։ Այնուամենայնիվ, 2025 թվականի օգոստոսի 8-ը և TRIPP-ը դարձան առանցքային հաղթաթուղթ, որն վարչակազմն օգտագործեց՝ այս տարվա հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ պատերազմից հոգնած հասարակությանը համոզելու, թե ինքը խաղաղություն է բերել։
Հայաստանի ռազմավարական խորությանը հասցվելիք հաջորդ հնարավոր հարվածը կապված է այսպես կոչված անկլավների խնդրի հետ։ Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի խոսքով՝ հայկական տրանսպորտային կարևոր ուղիների վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելը կանխամտածված խորհրդային քաղաքականություն էր՝ ստեղծելով այնպիսի «անկլավներ», ինչպիսին Տիգրանաշենն է, որը գտնվում է անմիջապես կենսական Հյուսիս-Հարավ մայրուղու Մ2 ճանապարհի վրա։ Մյուս անկլավները նույնպես ծառայում են այդ նպատակին։ Գալիչյանը, որը կասկածի տակ է դնում Հայաստանի՝ 29,743 քառակուսի կիլոմետր իրավական տարածք ունենալու պնդման օրինականությունը, այս անկլավները համարում է խորհրդային հրամանատարության կողմից կամայականորեն և ապօրինաբար ստեղծված գոտիներ, որոնք ստեղծվել են առանց որևէ պատշաճ ընթացակարգի՝ անգամ խորհրդային չափանիշներով։ Հետևաբար` անկլավներն այսօր հանձնելը կնշանակի թե ավելի նվազեցնել Հայաստանի աշխարհագրական խորությունը, թե հրաժարվել լոգիստիկ խորություն զարգացնելու որևէ շոշափելի կարողությունից։
Հայաստանը չի հասնի իր փնտրած խաղաղությանը՝ շարունակաբար թույլ և ` հուսահատորեն խաղաղություն տենչացող ներկայանալով։ Ինչպես նախկինում պնդել եմ, 2025թ. օգոստոսի 8-ին Սպիտակ տան միջոցառումը պայմանավորված էր 2025-ի գարնանը Ադրբեջանի ենթադրյալ մոտալուտ ներխուժմամբ Սյունիք և նման ներխուժումը հետ մղելու հարցում Հայաստանի կառավարության ենթադրյալ անկարողությամբ։ Եթե Հայաստանն ի վիճակի լիներ հետ մղել նման ներխուժումը, օգոստոսի 8- ը կարող էր կամ տեղի չունենալ, կամ Հայաստանին բերել շատ ավելի շոշափելի և դրական օգուտներ, քան պարզապես սպառնալիքի վերացումը։
Ռազմավարական խորության կորուստը մեղմելը Հայաստանի համար չափազանց դժվար կլինի։ Երկիրը երբեք ամբողջությամբ չի ապաքինվի Արցախի կորստից։ Այսպես կոչված անկլավների հանձնումը, հատկապես Տիգրանաշենինը, կհանգեցնի երկրի լոգիստիկ, ռազմական և ժամանակային խորության հետագա կրիտիկական էրոզիայի, որից երկիրը տեսանելի ապագայում չի կարողանա վերականգնվել։ Այլընտրանքային երթուղիները կարող են լուծել այդ հանձնումից առաջացող տրանսպորտային խնդիրները, սակայն չեն լուծի ռազմավարական խորության խնդիրը, քանի որ դա փաստացի կնշանակի Ադրբեջանին տալ Նախիջևանից հյուսիս գտնվող հենակետ՝ Հայաստանի ներսում։
Հայաստանի կառավարությունը հույսը դնում է իր դիվանագիտական/աշխարհաքաղաքական խորության բարելավման վրա՝ մյուս բոլոր կորուստները փոխհատուցելու համար։ Սակայն լավագույն դեպքում դա կարող է ծառայել համար կարճաժամկետ և ժամանակավոր զսպիչ միջոց որպես Հայաստանի թշնամիների դեմ, բայց ոչ պաշտպանական ճարտարապետություն կամ անվտանգության երաշխիք։
Արևմուտքի հետ բարելավված Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների ամենամեծ թերությունն այն է, որ այդ քաղաքականության հաջողությունը շատ ավելի քիչ է կախված հենց Արևմուտքից և շատ ավելի շատ՝ խաղաղության հասնելու Ադրբեջանի «բարի կամքից»։ Իսկ մինչ այժմ Ադրբեջանը ոչ միայն չի ցուցաբերել այդ բարի կամքը, այլև ամեն ինչ արել է հակառակ ուղղությամբ։ Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» հռետորաբանությունը, Հարավային Կովկասում որպես տարածաշրջանի բնիկ ժողովուրդ հայերի հազարամյա ներկայության ժխտումը, Հայաստանի արված յուրաքանչյուր զիջմանը փոխադարձելու մերժումը (օրինակ՝ մինչ Հայաստանի վարչապետը հրապարակայնորեն անկլավները կոչում է դրանց ադրբեջանական անուններով, Ալիևը դեռևս պետք է Արծվաշենը կոչի նրա հայկական անունով և ընդունի, որ այն Ադրբեջանի մաս չէ), 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի դրույթների խախտումը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների ազատ արձակման պահանջը, ինչը Հայաստանը անմիջապես կատարեց, այս բոլորը բարոյական առումով համարժեք են պատերազմ հայտարարելուն։
Այսպիսով, հենց Հայաստանի միակողմանի և անվերապահ պատրաստականությունն ու համբերությունն են պահպանել «խաղաղության գործընթացը»։ Հայաստանի հետ խաղաղությունը Իլհամ Ալիևի օրակարգում չկա։ Ավելին, ուժեղ և բարգավաճ Հայաստանը չի մտնում ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի՝ Հարավային Կովկասի ապագայի տեսլականի մեջ։
Երևանի վարչակազմը այնպես է պահում իրեն, կարծես ամենաթեթև հակազդեցությունն իսկ Ադրբեջանին կարող է հիմնավոր պատճառ տալ ռազմական գործողությունները վերսկսելու համար, ինչը Բաքվին էլ ավելի է համարձակություն տալիս, քանի որ ունի Հայաստանի աճը արգելակելու իր պատճառները։ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ ավելի լավ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների միջոցով դիվանագիտական/աշխարհաքաղաքական խորության ընդլայնումը հուսալի երկարաժամկետ զսպման միջոց չէ, քանի որ, առանց բուն Հայաստանի կառավարության պրոակտիվ դիմադրության, միայն այդ հարաբերությունները չեն կարող հակազդել հանդուգն դարձած Ադրբեջանի սպառնալիքին։
Այս ամենը պետք է քննարկել փոփոխվող համաշխարհային կարգի համատեքստում։ Սառը պատերազմից հետո ձևավորված միաբևեռ աշխարհից, որտեղ որևէ երկիր կամ սերտորեն դաշնակցում էր Միացյալ Նահանգների հետ, կամ՝ ոչ, մենք արդեն անցել ենք դեպի բազմաբևեռ, խիստ ցանցային միջազգային համակարգ, որտեղ պետությունները որոշ ոլորտներում համագործակցում են, մյուսներում մրցակցում և խուսափում որևէ մեկ տերությունից կախվածվության մեջ ընկնելուց։ Այսօրվա աշխարհում միևնույն երկիրը կարող է միաժամանակ լավ աշխատանքային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և եվրոպական երկրների հետ։ Պարսից ծոցի արաբական պետությունների նման փոքր երկրներն ու Հնդկաստանի նման խոշոր պետությունները հաջողությամբ հետևել են այս ուղուն։
Այս աշխարհում կախվածությունն ինքնին կարող է և հաճախ օգտագործվում է որպես զենք, իսկ չափազանց բարդ ցանցային համակարգում ռազմավարական ինքնավարության պահպանումը դարձել է նախընտրելի աշխարհաքաղաքական նպատակ։
Ուղեգիծը փոխելու անհրաժեշտությունը
Սա հատկապես արդիական է Հայաստանի նման փոքր երկրների համար։ Անխոցելիությունը Հայաստանի համար իրատեսական տարբերակ չէ։ Հայաստանը խոցելի է՝ և վերջ։ Եվ, ինչպես վերը շեշտվեց, այն փաստացի չունի ռազմավարական խորություն։ Ուստի ռազմավարական նպատակը պետք է լինի դիմակայունությունը, ոչ թե անխոցելիությունը,այսինքն՝ դառնալ երկիր, որին չափազանց դժվար է հարկադրել։
Դա ենթադրում է պաշտպանության բազմաթիվ շերտերի կառուցում՝ նպատակ ունենալով ներխուժումը դարձնել չափազանց թանկ ։ Բացի դասական և հայտնի միջոցներից, ինչպիսիք են հակաօդային պաշտպանությունը, անօդաչու թռչող սարքերը, ականները, առափնյա պաշտպանությունը, կիբեռկարողությունները, ցրված լոգիստիկան և ամրացված ենթակառուցվածքները, որոնք գործում են որպես զսպման միջոցներ, սա նշանակում է նաև լիարժեք օգտագործել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ նոր դիվանագիտական հարաբերությունները և ստանալ արդյունավետ աջակցություն խուսափելու համար հետագա տարածքային զիջումներից, օրինակ՝ անկլավների հանձնումից։ Հակառակ դեպքում այդ հարաբերությունները շոշափելի ռազմավարական օգուտ քիչ ունեն։
Սա նաև ենթադրում է 2020 թվականի պատերազմից հետո հասարակական դիմակայունության խիստ էրոզիայի շրջադարձում, որը առաջին հերթին պետք է սկսվի բուն կառավարության մոտեցման և հռետորաբանության հիմնարար փոփոխությունից։ Կառավարությունը պետք է լիովին շրջի վերջին վեց տարիների իր քաղաքականությունը՝ մի կողմ դնելով վախի քաղաքականությունը և վախի վրա հիմնված բանակցությունները մի թշնամու հետ, որը խաղաղության հասնելու հարցում որևէ բարի կամք չի ցուցաբերել։ Սա նաև նշանակում է հեռանալ լայնորեն գովազդվող «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթների մեծ մասից, որն, ըստ էության, վերջին վեց տարիների կորուստները հետահայաց արդարացնելու փորձից ավելին չէ։ Հակառակ դեպքում, կրկին ընդգծենք, դիվանագիտական/քաղաքական խորության ընդլայնումը գործնական նշանակություն չի ունենա։
Սրա ուղղակի և անմիջական հետևանքներից մեկը պետք է լինի միջազգային դատարանների, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը (ICC), Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), լիարժեք օգտագործումը։ ԱՄԴ-ում և ՄԻԵԴ-ում Հայաստանի ունեցած գործերը չեն հետապնդվում էական հետևողականությամբ։ Փաստորեն, այս դատարաններում Հայաստանի շահերը ներկայացնող գլխավոր իրավաբան Եղիշե Կիրակոսյանը անցյալ տարի հրաժարական տվեց այն բանից հետո, երբ վարչապետը առաջարկեց խաղաղության գործընթացի շրջանակում հետ կանչել գործերը։ Թեև գործերը դեռ չեն հետ կանչվել, սակայն դրանց ընթացք չի տրվում։ Այս քաղաքականության վերանայումը և նույնիսկ Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» հռետորաբանության դեմ նոր գործերի հարուցումը ոչ բռնի հակազդեցության կատարյալ օրինակ են, որը կարող է կիրառել Հայաստանի կառավարությունը։
Տնտեսական դիվերսիֆիկացումը նույնպես այս ռազմավարության բաղադրիչն է՝ ներմուծումների համար մեկ մատակարարից և արտահանման համար մեկ շուկայից կախվածությունից խուսափելուց մինչև առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և զինամթերքի, զգալի ռազմավարական պաշարների ստեղծում։
Կիբեռդիմակայունությունը ռազմավարության մեկ այլ առանցքային բաղադրիչ է, հատկապես Հայաստանի նման փոքր երկրների համար, որտեղ թվային պաշտպանությունը կարող է անվտանգության ավելի կենսունակ ռազմավարություն լինել, քան ավանդական պաշտպանությունը։
Ռազմական նորագույն տեխնոլոգիաներն արագ ներմուծելու, յուրացնելու և դրանց հարմարվելու կարողությունը նույն ընդհանուր պաշտպանական ռազմավարության ևս մեկ հարթություն է։
Հայաստանի նման փոքր երկիրը պետք է նաև սովորի կարևոր լինել։ Այսօր, հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար շուկաների բացումը, տարածաշրջանում արհեստական բանականության հանգույց դառնալու Հայաստանի ճանապարհը և ամերիկյան առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիության նոր հնարավորությունները, Հայաստանը գնում է ավելի կարևոր դառնալու ճանապարհով։ Սակայն այդ դիրքը պետք է վերածվի ավելի պարտավորեցնող հարաբերությունների։ Պարտավորեցնող կերպով կարևոր լինելու համար Հայաստանը, ինքնավստահ և անկախ կեցվածքից բացի, նախևառաջ պետք է օգտակար լինի։ Նա պետք է սովորի իրեն այնպես դիրքավորել, որ լուծումներ առաջարկի ավելի մեծ երկրներին՝ որպես դիվանագիտական միջնորդ, լոգիստիկ հանգույց, տեխնոլոգիական կենտրոն ու մատակարար, մատակարարման շղթայի առանցքային օղակ, հետախուզական գործընկեր և օտարերկրյա ներդրումների հարթակ։ Այս բոլոր գործոնները ենթադրում են փոխկապակցվածության շատ ավելի բարձր և ակտիվ մակարդակ, քան Հայաստանն ունի այսօր,այնպիսի փոխկապակցվածություն, որը ինքն է կառուցում և վերահսկում, և որը դուրս է գալիս աշխարհագրական սահմաններից ու կարող է առնվազն մասամբ մեղմել երկրի աշխարհագրական խորության պակասը։
Կարևոր փոփոխություն, որը պետք է տեղի ունենա թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ հայ հասարակության մտածելակերպում, Ադրբեջանի և Հայաստանի երկարաժամկետ հարաբերական ուժեղ և թույլ կողմերի ընկալումն է։ Հայերը 26 տարի՝ 1994 թվականի Բիշքեկյան հրադադարի համաձայնագրից մինչև 2020 թվականի պատերազմը, վատնեցին՝ գերագնահատելով սեփական ուժը և հիմնականում անտեսելով, թե ինչպես էր փոխվում Ադրբեջանը։ Այսօր հայերը վտանգում են ընկնել հակառակ սխալի մեջ՝ գերագնահատել Ադրբեջանի երկարաժամկետ ուժը և թերագնահատել սեփական ներուժը։ Երկու սխալ հաշվարկներն էլ շատ թանկ են արժենում։ Առաջինի գինն այժմ ակնհայտ է։ Երկրորդի գինն արդեն նյութականանում է և էլ ավելի կաճի խաղաղության գործընթացը պահպանելու համար Երևանի կողմից արված անշրջելի, անհարկի և մեծապես ապարդյուն զիջումների պատճառով։
Ինչպես հաճախ շեշտում է քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանը, մեզ այսօր հայտնի Ադրբեջանը, ինչպիսին այն գիտենք այսօր, ունի «պիտանիության ժամկետ»։ Երկարաժամկետ հեռանկարում՝ 15–20 տարի անց, այսօրվա Ադրբեջանը այլ պետություն կլինի։ Ոչ նրա գործող քաղաքական համակարգը, ոչ էլ ներկայիս տնտեսական և ֆինանսական հիմքերը կայուն չեն։ Դաժան, ընտանեկան կառավարմամբ բռնապետությունը՝ նավթի և գազի նվազող եկամուտներով, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտի անկումով, կայուն չէ։ Համաշխարհային բանկի կանխատեսումները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունը կշարունակի աճել շատ ավելի արագ, քան Ադրբեջանի տնտեսությունը։ Արժույթի միջազգային հիմնադրամն ունի նմանատիպ կանխատեսումներ, որոնց համաձայն՝ Հայաստանի իրական մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճը մինչև 2031 թվականը կանխատեսվում է տարեկան 5.3 տոկոս, մինչդեռ Ադրբեջանի դեպքում՝ ընդամենը 2.5 տոկոս։ Մեկ-երկու տասնամյակում Ադրբեջանը տնտեսապես զգալիորեն ավելի թույլ կլինի, և, հուսանք, հանուն թե՛ Ադրբեջանի ժողովրդի, թե՛ տարածաշրջանի կայունության, այն նաև կլինի ավելի ժողովրդավար և խաղաղասեր երկիր։
Իհարկե, Բաքուն էլ սա գիտի և այս ընթացքում կանի հնարավորը, որպեսզի թույլ չտա Հայաստանի հզորացումը։ Դա մասամբ բացատրում է Երևանից լրացուցիչ զիջումների մշտական պահանջներն ու խաղաղության համաձայնագրի ստորագրումից առաջ ներկայացվող նախապայմանները։
Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու Հայաստանը պետք է փոխի խաղաղության հասնելու համար վարվող իր չափազանց զիջողական քաղաքականությունը։ Հայաստանի համար կարճաժամկետ հեռանկարում գոյատևելու ռազմավարությունը՝ ենթադրելով, որ Ադրբեջանը անվերջ ավելի ուժեղ կլինի, արմատապես տարբերվում է կարճաժամկետ հեռանկարում գոյատևելու այն ռազմավարությունից, որը հաշվի է առնում այսօրվա Ադրբեջանի «պիտանիության ժամկետը»։ Առաջինը հավերժական պարտության ռազմավարություն է։ Երկրորդը հաշվարկված սպասման ռազմավարություն է՝ առանց հանձնվելու և անհարկի զիջումների։ Առաջինի ամենավտանգավոր կողմն այն է, որ այն անդառնալի վնաս կհասցնի Հայաստանի ռազմավարական դիրքին թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում։ Ինչպես նշվեց վերևում, Հայաստանին զիջումներ պարտադրելու պահանջները նպատակ ունեն հենց այդ անշրջելի վնասը պատճառելու։ Հավերժական պարտության ռազմավարությունը չի կարող հանգեցնել ավելի ուժեղ Հայաստանի՝ որևէ ժամանակահատվածում։
Ի վերջո, մենք երբեք չպետք է մոռանանք, որ Հայաստանի պետության վերջնական վիրտուալ ռազմավարական խորությունը Հայ ազգն է։ Առանց Հայ ազգի չի կարող լինել Հայաստանի Հանրապետություն՝ ո՛չ Երրորդ, ո՛չ էլ «Չորրորդ»։ Հետևաբար պետության օրակարգի ապազգայնացումը, որը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հիմնական ձեռքբերումն է, փաստացի չեզոքացնում է նրա ամենակարևոր վիրտուալ ռազմավարական խորությունը։ Միայն այդ գիտակցումը պետք է բավարար հիմք հանդիսանա թե՛ մտածելակերպը, թե՛ քաղաքականությունը վերանայելու համար։
Նշում․ Բնագրում առկա հիպերհղումները պահպանվել են համապատասխան հատվածներում։
Վահան Զանոեյան
21 սեպտեմբերի, 2026 թ.


















































